«Եթե Ծաղկաձորում տուն ունենայի, էլ Վրաստան չէի գնա»

14/04/2012

Հայ մարզասերը դժվար թե մտաբերի Վրաստանում բնակվող որեւէ հայազգի ծանրորդի: Պատճառը հասկանալի է` առիթ չի եղել: Շտկենք: Զրուցակիցս վրաստանաբնակ հայազգի ծանրորդ Ռոման Սարկիսյանն է: Ռոմանը Վրաստանի` ծանրամարտի երիտասարդական հավաքականի 77 կգ քաշայինն է եւ վայելում է վրացի մարզասերների սերն ու համակրանքը:

– Պապիս հայրը ցեղասպանության ժամանակ փախել է Վրաստան, բնակություն հաստատել Թբիլիսիում: Այնտեղ ամուսնացել է, երեխաներ ունեցել: Պապս էլ, հայրս էլ, ես էլ ծնվել ենք Թբիլիսիում: Մայրս ծնունդով գյումրեցի է: Կարծում եմ` մարզաձեւիս ընտրությունն արդարացված է. բոլորի համար էլ Գյումրին հայկական ծանրամարտի կենտրոն է: Առաջին անգամ ծանրաձողը ձեռքս եմ առել 2004թ.: Քսան տարեկան եմ, բայց դեռ երկար եմ պատրաստվում զբաղվել սպորտով: Պետք է խոստովանեմ, որ հայ մարզիկների բախտը բերել է: Այստեղ սպորտին ուշադրություն այնքան էլ չեն դարձնում, նույնիսկ Վրաստանի` ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը փակեցին: Այդ պատճառով էլ իմաստ չգտա մասնագիտական կրթություն ստանալ սպորտի ոլորտում եւ որոշեցի սովորել Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ավարտելուց հետո մտադիր եմ բժշկական կրթություն էլ ստանալ:

– Ծանրամարտում ունե՞ք ֆավորիտներ:

– Շատ եմ սիրում Յուրի Վարդանյանին, Կախի Կախիաշվիլիին, Տիգրան Մարտիրոսյանին: Նրանք փայլուն ծանրորդներ են: Նրանց գերազանցելը դժվար է, փորձում ենք հասնել միայն:

– Հայ մարզիկների հետ կապեր ունե՞ք:

– Թե սոցկայքերի, թե հեռախոսազրույցների եւ երբեմնի հանդիպումների միջոցով Հայաստանի ծանրորդների հետ կապը միշտ կա: Միշտ հետեւում եւ միշտ ուրախանում եմ նրանց հաղթանակներով: Մենք բոլորս հայ ենք եւ պետք է միասնական լինենք միշտ, քանի որ միասնությունն ուժի եւ հաղթանակի գրավականն է: Կուզեմ` հայրենիք գալու առիթները միշտ շատ լինեն, միայն համահայկական խաղերը բավական չէ: Միավորվել սպորտով, իհարկե, կարելի է, բայց ավելի լավ է միշտ միավորված լինել: … Ես արտասահմանաբնակ որեւէ հայ տղայի չգիտեմ, ով չուզի կյանքը կապել հայ աղջկա հետ: Մեր աղջիկները շատ գեղեցիկ են: Աչքի «պոչով» տան աղջիկ էլ եմ ման գալիս, հուսամ` հայուհիներն ինձ կսիրեն (ժպտում է.- Գ.Պ.):

– Դուք Հայաստան գալիս միշտ գնում եք Գյումրի, ինչ-որ բան փոխվե՞լ է:

– Վաղուց Գյումրիում չէի եղել: Ճիշտ է, շատ բան է փոխվել դեպի լավը, բայց Ծաղկաձորից հետո Գյումրին մի քիչ հիասթափեցնող է: Եթե Ծաղկաձորում տուն ունենայի, էլ Վրաստան չէի վերադառնա: Ի դեպ, գյումրեցի աղջիկ չեմ ուզում:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ