Գեղեցկացնող միջոցներ
Դեմքի խնամք
Նորմալ մաշկ. 1 թ/գ անյուղ կաթնաշոռը տրորեք կեսական թ/գ ձիթապտղի յուղի եւ մաղադանոսի հետ, 20 րոպե անց դեմքը մաքրեք բամբակե խծուծով, լվացեք գոլ ջրով։
Ճարպոտ մաշկ: Պզուկներ եւ կորյակներ.
– Խառնեք 1-ական թ/գ կեչու, եղինջի, եղեսպակի տերեւները։ Հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 100-ական մլ` առավոտյան եւ երեկոյան։ Թուրմը կարգավորում է նյութափոխանակությունը եւ կանխում անցանկալի կորյակների առաջացումը։
– 1 ճ/գ չորացրած կեչու բողբոջը եփեք 200 մլ եռջրով` ինչպես թեյը, թրմեք 1 ժամ, քամեք։ Թրջեք թանզիֆե թաշկինակը եփուկում, դրեք դեմքին, 10-15 րոպեից հանեք։
Չոր մաշկ.
– Խառնեք 1-ական ճ/գ կեչու հյութ, ձիթապտղի յուղ, 1 թ/գ մեղր։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք գոլ ջրով։
Սնուցող. Խառնեք հավասար քանակությամբ քերած մեկական խնձորը եւ գազարը։ Շիլայատիպ զանգվածը քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք գոլ ջրով։
– Տրորած արոսի պտղին ավելացրեք հեղուկ մեղր (2։1), քսեք դեմքին, ծածկեք անձեռոցիկով, պահեք 5-10 րոպե, լվացեք տաք ջրով։ Կատարեք 10-12 անգամ, սակայն ոչ ավելի, քան շաբաթը երկու անգամ։
Պեպենոտ մաշկ
– Կեչու ճյուղի փոշիացրած կեղեւը 2 շաբաթ թրմեք 1 լիտր չոր կարմիր գինու մեջ (1։10), պարբերաբար թափահարեք։ Օգտագործելուց առաջ գոլացրեք, օրը 2 անգամ դրեք թրջոցներ` պեպենոտ հատվածներին։ Շարունակեք մեկ ամիս։
Կնճիռները հարթեցնող. 100 գ սոճու փշատերեւը 30 րոպե եփեք 500 մլ կաթի մեջ։ Քամեք, թրջեք թանզիֆե թաշկինակը թրջոցում, դրեք դեմքին, 10-15 րոպեից հանեք։
Եղունգներն ամրացնող.
– Գոլացրեք 30 մլ նշայուղը, ավելացրեք երկուական կաթիլ նարդոսի, սանդալի, նոճու եթերային յուղեր, ընթացքում խառնեք։ Եղունգները 10 րոպե պահեք այդ յուղի մեջ։
– Երկու ճաշի գդալ եղեսպակի խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, ավելացրեք 40 մլ ձիթապտղի յուղ, մեկ թ/գ ծովի աղ, 5-10 կաթիլ կիտրոնի հյութ, եղունգները 5-10 րոպե պահեք թուրմի մեջ։
– Եղունգներն իջեցրեք գոլ ձիթապտղի յուղի մեջ։ Կատարեք շաբաթը մեկ անգամ, կրկնեք 6-7 անգամ։
– Խաշած ձվի դեղնուցը տրորեք մեկական թեյի գդալ մեղրի եւ ձիթապտղի յուղի հետ, կաթեցրեք մի փոքր կիտրոնի հյութ։ Քսեք եղունգներին, պահեք 15-20 րոպե։
Ձեռքերի մաշկը հարթեցնող.
– Խառնեք ադամաթուզի 1/4 մասը, մեկ թ/գ ձիթապտղի յուղը եւ հարած ձվի դեղնուցը։ Շիլայատիպ զանգվածը բարակ շերտով քսեք ձեռքերին, լվացեք 20 րոպեից։
– Խառնեք կես թ/գ վարսակի փաթիլներ, մեկական ճ/գ տաք ջուր եւ ձիթապտղի յուղ, մեկական թ/գ բժշկական գլիցերին եւ կիտրոնահյութ։ Քսեք ձեռքերին։ Լվացեք 15 րոպեից։
Մազարմատներն ամրացնող.
– Յուղամզվածք. Երկու ճ/գ մանրացրած սեւ բարդու բողբոջին ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, երկու ժամ պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք), պարբերաբար խառնեք։
Լցրեք ապակե տարայի մեջ, ծածկեք կափարիչով, փաթաթեք լաթով։ Թրմեք երկու շաբաթ` տաք տեղում։ Քամեք։ Օգտագործեք մազաթափության դեմ` բողբոջի յուղամզվածքով մերսեք գլխամաշկը։
– 3-4 հատիկ թզի չիրը կտրատեք եւ եփեք արծնապատ տարայում 200 մլ կաթի մեջ։ Թուլացրեք կրակը եւ թողեք եփվի այնքան ժամանակ, մինչեւ ստացվի համասեռ շիլա։ Հովանալուց հետո ներմերսեք մազարմատներին։ Ծածկեք մազերը սրբիչով, 20-30 րոպե անց լվացեք գոլ ջրով։
– Խառնեք հավասար քանակությամբ ուրցի խոտը, ուռենու (լացող) եւ կաղնու ճյուղերի կեղեւը, չորս ճաշի գդալ հումքը 15 րոպե եփեք մեկ լիտր ջրի մեջ։ Թրմեք 20-30 րոպե, քամեք։ Եփուկով ցայեք մաքուր մազերը։
– Խառնեք հավասար քանակությամբ կեչու տերեւ, վաղենակի ծաղիկ, կռատուկի արմատ, գայլուկի կոն։ Հումքի 50 գրամին ավելացրեք 200 մլ բաց երանգի գարեջուր։ Թրմեք երեսուն րոպե, քամեք։ Օգտագործեք մազերը ցայելու համար։
Մազաթափություն, թեփ, քոր.
– Երկուական ճ/գ ուռենու մանրացրած կեղեւը եւ կռատուկի արմատը 30 րոպե եփեք մեկ լիտր եռջրի մեջ։ Հովանալուց հետո քամեք։ Եփուկով լվացեք գլուխը։
– Խառնեք ձիթապտղի յուղը կիտրոնի հյութին (2։1), շփեք գլխամաշկին, 8 ժամից լվացեք օճառահեղուկով։
Չոր մազեր.
– Աղացեք մեկ միջին սոխը, խառնեք մեկական ճաշի գդալ մեղրի եւ ձիթապտղի յուղի հետ։ Շփեք մազարմատներին, լվացեք 30-40 րոպեից։
– Հարեք մեկ ձու, ավելացրեք 2ճ/գ ընկույզի յուղ, 1ճ/գ մեղր։ Հարած խառնուրդը ներմերսեք գլխամաշկին։ Ծածկեք մազերը սրբիչով։ Երեսուն րոպե անց լվացեք օճառահեղուկով։
Մազերի փայլ. Խառնեք հավասար քանակությամբ կեչու կեղեւ եւ սոխի կճեպ, մեկ թեյի բաժակ խառնուրդին ավելացրեք մեկ լիտր եռջուր։ Մեկ ժամ պահեք թույլ կրակի վրա։ Թրմեք 10 րոպե։ Քսեք գլխամաշկին։ Հագեք պոլիէթիլենային գլխարկ, փաթաթեք տաք շալով։ Պահեք մեկից մինչեւ երկու ժամ։ Լվացեք գլուխը ջրով (առանց օճառի)։
Մազաթափություն. Մանրացրեք, խառնեք հավասար քանակի կաղնու ճյուղի կեղեւը, սոխի կճեպը։ Մեկ ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Օրը 1 անգամ ներմերսեք գլխամաշկին։