Խառնաշփոթ

12/04/2012

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը երեկ tert.am-ի միջոցով արձագանքել է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն, առանց իր կնոջ իմացության, նրա անունն ընդգրկել է ՀՀԿ համամասնական ցուցակում: Դ. Դումանյանը երեկ հայտարարել է, թե Տ. Խզմալյանի կինն իրեն անձամբ է խնդրել ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու համար: «Ապրիլի 10-ին Տ.Խզմալյանն իսկապես այցելել է ինձ եւ ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանո՞վ կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա: Նա ինձնից թույլտվություն էր խնդրում, որպեսզի կինը դիմի ԿԸՀ` ցուցակից դուրս գալու համար: Ես նրան պատասխանել եմ, որ` ինչպես ցուցակում ընդգրկվելու հարցում եք երկուսով որոշում կայացրել, այնպես էլ հետագա ձեր քայլերը միասին որոշեք: Սա է այն ամենն, ինչ իրականում տեղի է ունեցել: Այս ամենը, կարծում եմ, կհաստատի նաեւ ինքը` Նարինե Միրզոյանը»:

Երեկ Ֆեյսբուքի իր էջում Տ. Խզմալյանը գրել էր. «ՀՀԿ ցուցակում կնոջս` Նարինե Միրզոյանի հայտնվելու թյուրիմացությունը հօդս է ցնդել. նա ներկայացրել է ինքնաբացարկի պաշտոնական դիմումը: Հուսով եմ, որ այս զավեշտական պատմության շուրջը ստեղծված չարախնդության խրախճանքն ավարտվելու է, քանզի այն արտացոլում է միայն դրա սպասավորների այտուցված գավառականությունն ու անառողջ երեւակայությունը»: