Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը երեկ tert.am-ի միջոցով արձագանքել է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն, առանց իր կնոջ իմացության, նրա անունն ընդգրկել է ՀՀԿ համամասնական ցուցակում: Դ. Դումանյանը երեկ հայտարարել է, թե Տ. Խզմալյանի կինն իրեն անձամբ է խնդրել ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու համար: «Այս օրերին կինոռեժիսոր Տ. Խզմալյանն ինչ-որ հարցազրույցներ տալով ցանկանում է ապացուցել, որ ինքն ու իր կինը ոչնչից տեղյակ չեն եղել, եւ կինը փաստաթղթեր է ստորագրել թյուրիմացաբար ու հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Նախ`
ՀՀԿ-ի ինչի՞ն էր պետք համամասնական իր ցուցակում ընդգրկել Երեւանի բժշկական համալսարանի հենց այդ ամբիոնի վարիչին: Համալսարան, որի 108 ամբիոնների վարիչների կեսից ավելին կանայք են, իսկ դրա կեսից ավելին էլ` դոկտոր-պրոֆեսորներ, ովքեր միգուցե առավել հստակ քաղաքական ու քաղաքացիական հայացքներ ունեն եւ ավելի վաստակաշատ գիտնականներ են: Բայց, թողնենք դա, եւ ներկայացնեմ իսկությունը: Այս հարցում ես հանդես եմ եկել սոսկ խորհրդատուի կարգավիճակում: Երբ Նարինե Միրզոյանը ցանկություն հայտնեց ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ խնդրեց ինձ օգնել իրեն` հարցրեց, թե արդյո՞ք կարող է խոչընդոտ հանդիսանալ այն հանգամանքը, որ ինքը Տ. Խզմալյանի կինն է (ես հենց այդ ժամանակ իմացա այդ մասին), նրան պատասխանեցի, որ դա որեւէ նշանակություն չունի, եւ խորհուրդ տվեցի նախ խորհրդակցել ամուսնու հետ` ընտանեկան ապագա վեճերից խուսափելու համար: Նարինե Միրզոյանը հավատացրեց, որ ամուսինը որեւէ խնդիր չի տեսնում եւ տվել է իր համաձայնությունը: Դրանից հետո Նարինե Միրզոյանն, ինչպես կարգն է, այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, լրացրել համապատասխան փաստաթղթերը` խնդրելով իրեն ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում, եւ ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը (տեղեկանք մշտական բնակության մասին, հայտարարագիր եկամուտների մասին, եւ այլն)»,- ասել է Դ. Դումանյանը: