Բանկերը «հավատում», դրա համար «փոխվում» են

12/04/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մինչ պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է գների աննշան աճ, նորանոր բարձունքներ է շարունակում գրավել դոլարի փոխարժեքը։ Դրամը նախանձելի տեմպերով արժեզրկվում է։

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 392.37 դրամ: Բորսան փակվել է 1դոլար/392.45 դրամ փոխարժեքով: Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.2 մլն դոլար:

Փոխանակման կետերը երեկ դոլարը գնում էին 391 դրամով, վաճառում` նվազագույնը 393 դրամով։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Ամերիկյան արժույթը նման «բարձունքների» չէր հասել վերջին 12 ամսվա ընթացքում։ Նշենք, որ 390 դրամի հոգեբանական շեմը հատել էր դեռ փետրվարի կեսերից, սակայն չէր ամրապնդվել այդ նիշից վերեւ։ Սակայն մարտի վերջից սկսած ոչ միայն հաստատվեց 390-ից բարձր սահմանում, այլեւ անշեղորեն ձգտում է դեպի նոր շեմ` 400 դրամի շեմը։ Ի՞նչն է դրամի արժեզրկման պատճառը` դժվար է ասել։ Տրանսֆերտները շարունակում են աճել, արտաքին առեւտրի բացասական սալդոն ավելի մեծ չէ, քան նախորդ տարիներին։ Կարճ ասած՝ դոլարի պակաս չպետք է որ լիներ։

Հասկանալի է, որ մի շարք վերլուծաբաններ ազգային արժույթի թուլացումը կփորձեն բացատրել առաջիկա ընտրություններով։ Սակայն միանշանակ պնդել, թե ընտրությունները թուլացնում են ազգային արժույթը, չի կարելի։ Եթե ընտրություն ասելով` նկատի ունենք անորոշության գործոնը, ապա մեզանում (թող ների մեզ ընդդիմությունը) անորոշություն չկա. գրեթե բոլորը համոզված են, որ գործող իշխանությունը վերարտադրվելու է։ Նման համոզմունք ունեն նաեւ ընդդիմադիր գործիչներից շատերը։ Բացի այդ, նաեւ նախորդ տարիների վիճակագրությունն է ցույց տալիս, որ ընտրությունները փոխարժեքի վրա շատ չնչին ազդեցություն ունեն։

Մյուս կողմից, դրամի արժեզրկումն անսպասելի չէր, առաջին հերթին, բանկերի համար։ Դրա մասին խոսում է այն հանգամանքը, որ առեւտրային բանկերը շարունակում են ավանդներ ներգրավել դրամով՝ ընդ որում, դրամի համար առաջարկելով մի քանի տոկոսային կետով ավելի բարձր տոկոսադրույք, իսկ վարկավորման ժամանակ շեշտը դնում են արտարժույթի վրա։

Վերջին ամիսներին Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է հետեւյալ միտումը` ավանդների դոլարայնացումը նվազում է, վարկերինը` աճում: Սակայն ընդհանուր առմամբ` դոլարայնացման մակարդակը մնում է բարձր (ցուցանիշների մեծ մասը գերազանցում է 40%-ը):

Դա արտացոլվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, 2012 թ. փետրվարի դրությամբ ավանդների 61.2 %-ը արտարժութային է` 2011 թ. փետրվարի 65.3%-ի համեմատ: Այսինքն՝ ավանդները ապադոլարայնացվում են։ Մինչդեռ վարկերի պարագայում պատկերը հակառակն է. 2012 թ. փետրվարի դրությամբ դոլարային է վարկերի 62%-ը, նախորդ տարվա փետրվարի 57.3%-ի համեմատ: Սա նշանակում է, որ բանկերը սպասում են դրամի արժեզրկման եւ իրենց ապահովագրում են փոխարժեքային տատանումներից։ Ի դեպ, սա նաեւ ապացուցում է, որ ավանդների բարձր տոկոսադրույքներով շատ տարվել չի կարելի, եւ, ինչպես գրել էինք, անվճար տոկոսադրույքը լինում է միայն թակարդում։

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա այս կառույցը դեռեւս չի միջամտում փոխարժեքին։ Ըստ ամենայնի, ԿԲ-ում համարում են, որ փոխարժեքի տատանումը կտրուկ չէ։ Հանդուրժողականության հարցում դեր է խաղում նաեւ այն, որ մեր բարձրագույն իշխանությունները կանխատեսել/խոստացել էին ազգային արժույթի աստիճանական արժեզրկում, ինչը կնպաստի տեղական արտադրությանն ու արտահանմանը։

Նշենք նաեւ, որ Կենտրոնական բանկն ինքը՝ որպես առանձին «տնտեսվարող», փոխարժեքի տատանումից ոչ թե կորցնում է, այլ շահում (խոսքը միայն վերջին մեկ ամսվա տատանումներին չի վերաբերում)։ ԿԲ-ի զուտ շահույթը 2011 թ. կազմել է 464 մլն դրամ (մոտ 1.2 մլն դոլար), մինչդեռ 2010 թվականը ԿԲ-ն փակել էր 28.6 մլրդ դրամ վնասով: Ինչպես նկատել էր News.am-ի մեր գործընկերներից մեկը, ԿԲ շահութաբերության գաղտնիքը փոխարժեքային վերագնահատումներն են. դրանց արդյունքում 2011 թ. ձեւավորվել է 19 մլրդ դրամի օգուտ` 2010 թ. 12.6 մլրդ դրամի վնասի փոխարեն:

Վերադառնանք դրամի արժեզրկմանը եւ դրա հետեւանքներին՝ ոչ թե առանձին ԿԲ-ի, այլ՝ ողջ տնտեսության եւ բնակչության համար։ Դասագրքային ճշմարտություն է, որ ազգային արժույթի թուլացումն օգուտ է տեղական արտադրողին եւ արտահանողին։ Սակայն այստեղ պետք է նկատի ունենալ, որ կտրուկ արժեզրկումը ոչ մեկին ձեռնտու չէ, քանի որ ստեղծում է անորոշություն եւ խուճապ։ Պետական գանձարանի տեսանկյունից դրամի արժեզրկումը, մեղմ ասած, օգուտ չէ։ 3 միլիարդը գերազանցող արտաքին պարտքի սպասարկման համար Հայաստանն ամեն տարի ավելի ու ավելի շատ գումար է «դուրս տալիս»։ Այդ գումարները, հասկանալի է` մարվում են ոչ թե հայկական դրամով, այլ հիմնականում դոլարով։ Որքան թանկ է դոլարը, այնքան շատ դրամ է պետք դոլարի անհրաժեշտ քանակն ապահովելու համար։ Իսկ որքան շատ դրամ է պետք, այնքան շատ են վերցնելու հարկատուներից։ Կամ, եթե շատ էլ չվերցնեն, դա լինելու է այլ ոլորտների ֆինանսավորման հաշվին։

Եվ վերջապես, դրամային ավանդներ ունեցող ավանդատուների համար դրամի արժեզրկումը բավականին տագնապալի երեւույթ է։ Հիշեցնենք, որ մեր իշխանությունները պարծենում են ավանդատուների, եւ նրանց թվում` դրամային ավանդատուների թվի աճով։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է հարյուր-հազարավոր մեր հայրենակիցների, որոնք գումար են կորցնում փոխարժեքի տատանման հարցում։

Նրանց փոխարեն` շահում են այն մարդիկ, ում եկամտի հիմնական աղբյուրը դրսից ստացվող տրանսֆերտներն են։ Սակայն պետք չէ մոռանալ, որ դրամի արժեզրկումը անխուսափելիորեն հանգեցնելու է նաեւ ներմուծվող ապրանքների գնաճին։ Օրինակ, բենզինի գինը վերջին օրերին թանկացավ 20 դրամով, եւ չի բացառվում, որ հետագայում եւս կթանկանա։ Ճիշտ է, ներմուծողները դա բացատրում են միջազգային գների աճով, սակայն փոխարժեքի ազդեցությունը հերքել հնարավոր չէ։