ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Քաղաքագետների միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց, թե ընտրությունները վերահսկող միասնական հանրային շտաբի ստեղծումն օրվա հրամայական է, քանի որ «ընտրություններն ուղղորդելու ընդհատակյա աշխատանք է կատարվում»: Ո՞վ է ուղղորդում այդ ընդհատակյա շտաբը, արդյո՞ք Վ.Օսկանյանը ՀՀԿ-ին նկատի ունի: Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նորաթուխ ԲՀԿ-ականը չցանկացավ կոնկրետացնել, ընդամենն ասաց, թե ժողովրդի հետ շփվելիս տարբեր պատմություններ է լսում: Նրա խոսքերով` ակնհայտ է, որ ինչ-որ գործընթացներ են ընթանում, եւ դրանց դեմն առնելու համար հարկավոր է, որ այդ շտաբը հնարավորինս շուտ սկսի աշխատել: Վ.Օսկանյանը, բնականաբար, չցանկացավ մեկնաբանել մամուլում հնչող այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն լայնամասշտաբ ընտրակաշառք է բաժանում պարարտանյութի, գարու տեսքով: Չցանկացավ նաեւ անդրադառնալ նրան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի օգնությունը ուսանողներին, գիտնականներին ու այլ սոցիալական խմբերին նախընտրական շրջանում եւս համարվում է ընտրակաշառք: Եվ ընդհանրապես Վ.Օսկանյանը չէր մեկնաբանում ԲՀԿ-ի հետ կապված բացասական ենթատեքստ ունեցող որեւէ հարց: Օրինակ, վերջերս հաճախ կարծիքներ են հնչում, թե նախկին արտգործնախարարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով է մտել ԲՀԿ: Եվ Ռ.Քոչարյանը նրա միջոցով ցանկանում է իր համար ավելի վերահսկելի դարձնել ԲՀԿ-ն: Չէ՞ որ այդ կուսակցությունը կոալիցիայի անդամ է, կուսակցության ղեկավարը խոշոր գործարար է, եւ գործող իշխանությունները տնտեսական ու հարկային լծակներով կարող են նրան ստիպել կատարել իշխանության ցանկությունները` ընդհուպ մինչեւ 2013թ. նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանին սատարելը: Հիշեցնենք, թե ինչ էր տեղի ունենում ԲՀԿ-ի հետ, երբ սրվում էին հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Միանգամից այդ կուսակցության անդամ կամ համակիր թմրամոլներ ու այլ հանցագործներ էին ձերբակալվում, ԲՀԿ-ից անդամների արտահոսք էր լինում, եւ այլն: Եվ իզուր չեն այն խոսակցությունները, թե Գ.Ծառուկյանը պարզապես անելանելի վիճակի մեջ է ընկել գործող եւ նախկին նախագահների մեջտեղում: Որ նա Ս.Սարգսյանին հանդիպելիս, նրան է հավատարմության երդում տալիս, երբ հանդիպում է Ռ.Քոչարյանին` խոստանում է նրան հավատարիմ լինել: Նույնիսկ կարծիք կա, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ռ.Քոչարյանը Գ.Ծառուկյանից կվերցնի ԲՀԿ-ն եւ փաստացի ղեկավարությունը կհանձնի Վ.Օսկանյանին: Վերջինս անընդհատ քննադատում է գործող իշխանություններին: ԲՀԿ-ականները Օսկանյանի բոլոր հայտարարություններն «արդարացնում» են` ընդամենը ասելով, թե նախկին արտգործնախարարն իր անձնական եւ ոչ թե կուսակցության տեսակետն է հայտնում: Պարզվում է, պարոն Օսկանյանն իր կուսակիցների այդ մեկնաբանությունները չի լսել: Մինչդեռ բոլորովին վերջերս Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարել էր, թե դա Վ.Օսկանյանի անձնական տեսակետն է: Մամուլում հրապարակումներ են եղել, որ ԲՀԿ-ում նույնիսկ դժգոհություն կա Վ.Օսկանյանի քննադատական հայտարարությունների հետ կապված: Նույնիսկ մտավախություն կա, որ, իսկապես, ընտրություններից հետո կարող է կուսակցությունում տեղի ունենա իշխանափոխություն, Գ.Ծառուկյանը հայտնվի պատվավոր նախագահի դերում, իսկ փաստացի ղեկավարումն անցնի Վ.Օսկանյանին: Եվ իզուր չէ, որ անդամակցելով այդ կուսակցությանը` նա միանգամից հայտնվեց ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում: «Ես կայացրել եմ իմ քաղաքական որոշումը` մտնել ԲՀԿ, հասնել իրավիճակի փոփոխությունների»,- երեկ ի պատասխան վերը նշված դիտարկումների` ասաց Վ. Օսկանյանը: Շատ են նաեւ մեկնաբանությունները, թե Ռ.Քոչարյանը ցանկանում է, որ ԲՀԿ-ն ծանրակշիռ ներկայություն ունենա հաջորդ խորհրդարանում, որպեսզի կարողանա քաղաքական դաշտին պարտադրել այդ կուսակցությանը, նույնն է թե` իրեն հանձնել կառավարության ղեկավարումը` վարչապետի պաշտոնը: Եվ Օսկանյանը ԲՀԿ-ի միջոցով փորձում է նախապատրաստել Ռ.Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Բայց արդյո՞ք նրա վերադարձի անհրաժեշտությունը կա: «Չեմ ուզում ես մեկնաբանել մի բան, որի մասին որեւէ հայտարարություն կոնկրետ այդ անձի կողմից չի արվել: Այսօր մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, ուզում ենք այդ ընտրությունների միջոցով Հայաստանում իրավիճակ փոխել, հակակշիռներ ստեղծել, նոր խորհրդարան ունենալ եւ մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Իմ հիմնական նպատակը դա է»,- պատասխանեց նա: