Ընտանիքի պլանավորման հարցերով ամերիկյան մի խումբ փորձագետներ հանդես են եկել զեկույցով, ըստ որի, քաղաքացիների ամուսնությունը նպաստում է երկրի տնտեսական աճին: Մասնագետները պարզել են, որ «ամուսնալուծությունների հեղափոխությունը» նվազեցնում է ԱՄՆ տնտեսական աճի տոկոսը: Ամուսնության եւ կրոնի ինստիտուտի տնօրեն Փեթ Ֆագանը հայտարարել է, որ ինքը ոչ մի այլ գործոն չի տեսնում, որն այդքան մեծ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական աճի նվազման վրա: Ընդունված է համարել, որ ԱՄՆ-ում «ամուսնալուծությունների հեղափոխությունը» սկսվել է 1960-ականներին եւ շարունակվել մինչեւ 1970-ականների առաջին կեսը: Այդ ընթացքում ամուսնալուծությունների տոկոսը 3 անգամ ավելացել է եւ այժմ էլ շարունակում է շատ բարձր մնալ: Ամուսնության եւ կրոնի ինստիտուտի մասնագետների կարծիքով` «մարդկային կապիտալը եւ հատկապես` նրա գիտելիքներն ու աշխատանքը, ԱՄՆ տնտեսական աճի գլխավոր բաղադրիչներից են»: Իսկ ընտանիքն այն ինստիտուտն է, որը խթանում է աշխատանքի կայուն արտադրողականությունը: Ամուսնանալուց հետո մարդու աշխատանքի արդյունավետությունն աճում է 27%-ով: Ամուսնալուծությունը, որ դարձել է ամերիկյան մշակույթի մի մասը, արդեն նախկին ամուսիններին զրկում է արդյունավետ ապրելու անհրաժեշտությունից եւ դրանով մշտապես արգելակում է պետության տնտեսական աճը: «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ընտանիք ունեցող մարդկանց ավելի քան 80%-ն ապահովված են բնակարանով, իսկ միայնակ կանանց եւ տղամարդկանց միայն 50%-ն է ի վիճակի տուն գնել կամ հիպոթեքային վարկ վերցնել: Ամուսնության եւ կրոնի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են «ամուսնանալու 162 պատճառ»: Աշխատանքային արդյունավետությունը եւ տնտեսական կայունությունն այդ աղյուսակի միայն 49-րդ հորիզոնականում են: Ամուսնանալու ամենակարեւոր պատճառներից են կյանքի լավ որակը, կայունությունը եւ երեխաների հետ վստահելի հարաբերությունները: Սակայն սոցիոլոգները պնդում են, որ հենց այդ ընտանեկան պարտավորություններն էլ օգնում են մարդուն ապրել եւ աշխատել արդյունավետ: 9000 մարդու շրջանում անցկացված` 15 տարի տեւած հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տարիների ամբողջ ընթացքում ամուսնական կապերով կապված մարդիկ 2 անգամ ավելի շատ կապիտալ են կուտակել (մեկ մարդու հաշվով), քան միայնակները: