ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` 2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7 մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:
Ըստ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի, հայտնաբերվել են 19-րդ դարի կտակարաններ եւ այլ իրեր, մոտ 4կգ ոսկյա եւ արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5մլն դրամը գերազանցող մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը: Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 282 դեպքերից 70-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության, 78-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 125-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից, իսկ 9-ը` ՀՀ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից: «ՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ «մետամֆետամին» եւ 11 կիլոգրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցների ներկրումը»,- նշել է Սամվել Սանամյանը: Պետական եկամուտների կոմիտեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում: Կասկածից վեր է, որ հարկավոր է օգտագործել ոչ միայն թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի` արդեն իսկ առկա մեխանիզմները, այլեւ փնտրել նոր եւ ավելի արդյունավետ մեթոդներ: Այս նպատակի իրականացման կարեւոր խնդիրներից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ: «Շարունակում ենք ակտիվ համագործակցել եվրոպական եւ ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ, ինչը եւս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման եւ մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: Դա է վկայում օրերս աշխատանքային այցով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ պարոն Կալետնիկի ժամանումը Հայաստան»,- նշել է Սամվել Սանամյանը: Ի դեպ, հանդիպման ժամանակ ստորագրվել է 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր, որն առավել արդյունավետ կդարձնի նաեւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարը: