Տպավորություն էր ստեղծվում, թե ասուլիս հրավիրելու նպատակն ասուլիս հրավիրելն էր, քանզի Մ. Շահգելդյանն այդպես էլ, ըստ էության, ոչինչ չասաց: Միայն յուրաքանչյուր հարցի պատասխանը «ջրելուց» հետո չէր մոռանում նշել, որ նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում եղել է ակտիվության «բավականին բարձր տոկոս»: «Վերջնական տվյալները դեռեւս չկան, եւ վերջնական վերլուծություն անել չենք կարող: Դա հնարավոր կլինի վաղը եւ մյուս օրը: Մեր ամբողջական կարծիքն ամբողջական տվյալների ամփոփումից հետո կներկայացնենք: Մասնակցության բավականաչափ տոկոս կա: Այս պահին բողոքներ կարծեք թե չկան»,- սա էր Շահգելդյանի ասուլիսի ներածական ողջ խոսքը, որից հետո «Այո» շտաբի պետը սկսեց չպատասխանել լրագրողների հարցերին: Ասուլիսի ողջ ընթացքում անտրամադիր Մ. Շահգելդյանը բոլոր հնարավոր ձեւերով խուսափում էր հարցերին պատասխանելուց: Նրա արած հիմնական հայտարարությունն այն էր, որ իր ասելիքը կասի 1-2 օր հետո: Չնայած, ըստ Շահգելդյանի, ինքն ասուլիս էր հրավիրել, «որպեսզի շփվի եւ ներկայացնի»: «Կարող է մեկ-երկու տեղերում խոչընդոտներ եղել են, սակայն հանրաքվեի համար անհրաժեշտ մասնակցություն, իհարկե, տեղի է ունեցել: Երեւանում ժամը 12:00-ից հետո ակտիվությունն աճել է»,- երեկ մի քանի անգամ այս նույն պատասխանը հնչեցրեց նա: Շահգելդյանի հավաստմամբ՝ պարզ է, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ դրական վերաբերմունք կա: Իսկ այն, որ եվրոպացի դիտորդների գնահատմամբ հանրաքվեն անցել է «միջազգային չափանիշերին համապատասխան, սակայն չարաշահումների դեպքերով»՝ Մ. Շահգելդյանը դեռ չգիտեր: Տեղում ծանոթանալով եվրոպացիների վերոնշյալ գնահատականին՝ Շահգելդյանը նշեց. «Հավանաբար տեղերում եղել են մարդիկ, ովքեր Պապից ավելի կաթոլիկ են փորձել երեւալ: Այս պահին ես կարող եմ ասել, որ եղել է բարձր մասնակցություն, որ «այո»-ի տոկոսը բարձր է, կարող եմ ասել, որ ինչ-որ տեղեր հավանաբար եղել են խնդիրներ»: Մ. Շահգելդյանը վերահաստատեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերն այն մասին, որ «մեզ կեղծված հանրաքվե հարկավոր չէ»: «Տարբեր ընտրական տեղամասերում եղել է ակտիվության բավականին բարձր տոկոս: Սա է ամբողջ խնդիրը»,- հերթական անգամ հայտարարեց նա: Մ. Շահգելդյանը երեկ ստիպված եղավ «ջրել» նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ իր կուսակից Հեղինե Բիշարյանի բաց քվեարկության հակաօրինականության մասին հարցի պատասխանը: «Ո՞վ է բաց քվեարկել: Ես չգիտեմ, թե որտեղից եք դուք այդ տվյալները վերցնում: Իմ տվյալներով` Հեղինե Բիշարյանը բաց քվեարկություն չի կատարել»,- հայտարարեց նա: «Լավ, իսկ Ռ. Քոչարյանի բաց քվեարկությունն օրենքից դուրս չէ՞ր» հարցին էլ Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն պատասխանեցի»:
Մ. Շահգելդյանի «ասուլիսից» անմիջապես հետո նույն վայրում սկսվեց «Այո» շտաբի նիստը, որին մասնակցելու էին եկել ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն ու Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանրաքվեն անցել է ազատ, արդար եւ թափանցիկ: Գ. Իսագուլյանի կարծիքով՝ բաց քվեարկություն կատարելով` Ռ. Քոչարյանը չի խախտել ո՛չ գործող Սահմանադրությունը, ո՛չ էլ Ընտրական օրենսգիրքը, քանզի բաց քվեարկություն կատարելն, ըստ նրա, իրավունք է, ոչ թե պարտականություն: Տ. Թորոսյանն էլ համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում «բացարձակապես միջազգային չափանիշերին համապատասխան ընտրություն անցկացնել այսօր հնարավոր չէ: Խոսելով հանրաքվեի՝ հրապարակված պաշտոնական տվյալների մասին՝ ԱԺ փոխխոսնակը կարծիք հայտնեց, թե «տվյալներն այնքան ակնհայտ են, որ ցանկացած ճշգրտման դեպքում հանրաքվեի արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել»: Պարզվում է՝ Տ. Թորոսյանը կարող է փաստարկներ բերել, թե «ինչու այս անգամ կարող էր ավելի շատ մարդ մասնակցել, քան խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ»: Սակայն այդ փաստարկները երեկ նա այդպես էլ չներկայացրեց: