Swarovski-ներ` փողոցներում

12/04/2012

Շվեյցարիայում ճանապարհային նշանները զարդարել են Swarovski բյուրեղներով: Այդ որոշումը բացատրվում է ոչ թե ցուցադրական ճոխության նկատմամբ շվեյցարացիների սիրով, այլ այն հանգամանքով, որ քարերի շողարձակումը կոչված է կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես` օրվա գիշերային ժամերին ու անձրեւի ժամանակ: 2011թ. վիճակագրության համաձայն` Շվեյցարիայում հետիոտնի համար նախատեսված անցումներից միան 45-ն է համապատասխանում ընդունված չափանիշներին: Դեկտեմբերին հետիոտնի անցումների ՃՏՊ-ներից տուժել է 35 մարդ` 5 դեպք մահվան ելքով, 23 մարդ վիրավորվել է, 5-ը` ստացել ծանր վնասվածքներ: Դրանից ելնելով` իշխանությունները որոշում են կայացրել ձեւափոխել ճանապարհային երթեւեկության նշանները` դրանք զարդարելով Swarovski բյուրեղներով, որոնք մեքենաների լուսարձակներից շողում են ու նշանները դարձնում ավելի տեսանելի: Առաջին օրինակը հայտնվել է Բեռնում: Այսպիսի ճանապարհային «զարդի» արժեքն է` 9.8 եվրո կիլոգրամի համար: Քաղաքի վարչակազմը ճանապարհային նշանների վերազինման համար բյուջեից տրամադրել է 415 հազար եվրո: