Վրաստանը Շվեյցարիայի միջոցով պաշտոնապես նոտա է հղել Ռուսաստանին` կապված այդ երկրում գտնվող վրաց Բագրատունիների գերեզմանոցի ոչնչացման հետ: Վրացական կողմը դիմել է նաեւ միջազգային կառույցներին` իրազեկելով վրաց Բագրատունիների գերեզմանոցի ոչնչացման մասին: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Խաթունա Օչիախուրին հայտարարել է. «Նրանք ոչնչացրել են մեր մշակութային ժառանգությունը, քանի որ այդ գերեզմանոցը հանդիսանում էր մշակութային ժառանգությունը: Մենք, բնականաբար, այդ մասին իրազեկել ենք միջազգային կառույցներին: Մենք ահազանգ ենք հնչեցրել այդ կապակցությամբ: Սակայն, դժբախտաբար, չենք կարող ասել` արդյո՞ք մենք ինչ-որ բանի հասել ենք, թե՞ ոչ, քանի որ գործ ունենք նման պետության հետ»: Նշենք, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Վսեսվյատսկի գյուղի մոտ, ուր թաղված են վրաց արքաներն ու նրանց ժառանգները, սկսվել է կարտոֆիլի պահեստների կառուցում, ինչն էլ հանգեցրել է վրացական գերեզմանոցի ոչնչացմանը: