«Նախ՝ ոչ թե Հովհաննես, այլ Իվան, ոչ թե Այվազյան, այլ Այվազովսկի»

12/04/2012

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ որոշում եմ հերթական անգամ մեկնել ղրիմահայ համայնքի նախկինում խոշոր կենտրոն համարվող քաղաք Թեոդոսիա…

Ծովափնյա այս քաղաքում է ապրել ու ստեղծագործել հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, կամ, ինչպես ինքն է իր կտավների տակ հաճախ հայերեն ստորագրել, Հովհաննես Այվազյանը: Թեոդոսիայում հայկական խաչքարերը եւ եկեղեցիները շատ են, սակայն գրեթե բոլորն էլ վատ վիճակում են: Թեոդոսիայում է Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանը, որն այժմ, չգիտես ինչու, ծովանկարչի անվան պատկերասրահ է կոչվում: …Ամայի ու քարուքանդ փողոցում է այն տունը, ուր իր մանկությունն է անցկացրել մեծ նկարիչը: Տունն` ամբողջովին ավերակ, չկա տանիքը, պարզապես մի կերպ կիսականգուն մնացած պատերն են հիշեցնում, որ այս նախկին վսեմաշուք շենքում երբեւէ մարդիկ են բնակվել: Քիչ հեռվում Միհրդատ անունը կրող սարն է, որի գագաթին հաճախ էր բարձրանում պատանի Հովհաննեսը: Մոտերքում հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին է, որը կառուցվել է 11-րդ դարում, այն ժամանակ, երբ ճակատագրի բերումով իրենց հայրենիքից տարագրված հայերը սկսեցին խոշոր համայնք կազմել Ղրիմի ծովափնյա շրջաններում, այդ թվում նաեւ` Թեոդոսիայում: Այս եկեղեցում է կնքվել, իսկ այնուհետեւ` իր մահկանացուն կնքել Հովհաննես Այվազովսկին: Շիրիմը գտնվում է եկեղեցու բակում: Տապանաքարին հայերեն գրված է. «Աստ հանգչի պրոֆեսոր Հովհաննես Կոնստանդինի Այվազյան 1817-1900թթ.»:

Հաջորդ երեսին գրված է. «Ծնվեց մահկանացու, իրենից հետո թողեց անմահ գործեր»: Այս խոսքերն առնված են 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»: Բայց, ցավոք, այս հիասքանչ եկեղեցին, տասնամյակներ շարունակ թողնված լինելով բախտի քմահաճույքին, ամբողջովին ավերվում էր, ջրակալել էր եկեղեցու ներսը, ճաք էին տվել պատերը, կիսափուլ էր տանիքը: Հայկական ուրույն ու հետաքրքիր զարդանախշերով շատ խաչքարեր պատերից դուրս էին ընկել ու շպրտված էին` ուր պատահի: Եկեղեցու մուտքը տարիներ շարունակ փակ էր, եւ ոչ մի տեղ փակցված գրություն չկար փակելու պատճառների մասին, այնինչ մի ժամանակ հայկական խաչքարերի ցուցադրություն էր կազմակերպվում այստեղ: Ամուր փակված էին նաեւ պատուհանները: Ի դեպ, այս եկեղեցու խորանում է կնքվել Հովհաննես Այվազովսկին: Եթե օգնության ձեռք չմեկնվի, այս եկեղեցին կկործանվի: Ընդ որում, օգնության ձեռքը պետք է պարզի Հայաստանը: 1971թ. քաղաքի երկրագիտական թանգարանին կից բացվեց քարեդարան, որտեղ ցուցադրվում էին միջնադարյան հայ հանճարի ձեռքով կերտված անկրկնելի խաչքարեր, ինչպես նաեւ` Հովհաննես Այվազովսկու ինը հրաշալի կտավները, որոնք նա անվերադարձ նվիրել է եկեղեցուն: Ի դեպ, մեծ դժվարությամբ պարզեցի, որ այդ կտավները գտնվում են Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում, եւ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց եկեղեցին լիովին վերականգնելուց հետո այդ կտավները վերադարձնել իր իսկական տիրոջը` եկեղեցուն: 1888թ. մեծ հրդեհից հետո այս հռչակավոր եկեղեցին վերականգնվել է մեծ հայորդու միջոցների շնորհիվ: Նա այս եկեղեցուն է նվիրաբերել նաեւ 50.000 ռուբլի, որը մեծ եկամուտ էր բերում հոգեւոր այս օջախին: Էքսկուրսավարներն այցելուներին համառոտ պատմում էին այս մասին: Այստեղ պատմում էին նաեւ միջնադարյան հայ նշանավոր մանրանկարիչ Նիկողայոս Ծաղկարարի մասին, ով ապրել ու ստեղծագործել է այս եկեղեցում: Ցուցադրվում էին նաեւ նրա բարձրարվեստ գործերից շատերը… Այսօր արդեն, դժվար է ասել` ո՞ւր են անհետացել այս ամենը. տարիներ առաջ քարեդարանը, անհասկանալի պատճառներով, դադարեց գործել: Եկեղեցին էլ, մատնված լինելով բախտի քմահաճույքին, ահա գտնվում է աղետալի ու անմխիթար վիճակում: Ի դեպ, մինչեւ այսօր էլ չի գործում նաեւ զանգակատունը, որի հայկական բրոնզաձույլ զանգը մի ժամանակ դուրս էր նետված իր տեղից եւ գցված էր հեռվում: Մինչ օրս չեմ կարողանում պարզել` ո՞ւր է անհետացել այն:

…Այվազովսկին իր տունը կառուցել է այն ժամանակ, երբ ավարտելով Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որոշեց մեկընդմիշտ բնակություն հաստատել Թեոդոսիայում: Կառուցվել է իր իսկ նախագծով: Շենքն իր վրա կրում է 19-րդ դարի հայ ճարտարապետության կնիքը: Դեռ պատկերասրահ չմտած` հանդիպեցի ամենամեծ անակնկալին: Մուտքի մոտ այցելուների համար վաճառվում էին Հովհաննես Այվազովսկուն ու նրա ստեղծագործությանը նվիրված փոքրիկ ուղեցույց գրքույկներ: Մանրակրկիտ թերթելով այդ գրքույկները` նկատում ես` ոչ միայն չի նշվում նրա ազգային պատկանելությունը, այլեւ, թե ինչ ընտանիքում եւ ինչպիսի հայաշատ միջավայրում է ապրել ու ստեղծագործել: Ովքե՞ր են եղել եւ որտեղի՞ց են եկել աշխարհահռչակ նկարչի նախնիները: Այվազովսկու` հայ իրականության հետ ունեցած կապերը, նրա կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող հայերեն հարուստ աղբյուրները, միտումնավոր թե ակամա, արտացոլում չեն գտել հայազգի ծովանկարչի մասին պատմող ռուսական հրատարակություններում: Եվ դա է պատճառը, որ երբ փողոցում պատահական անցորդներին հարցնում ես, թե ո՞վ է Հովհաննես Այվազովսկին եւ ի՞նչ ազգության է պատկանում, հետեւում է թյուրիմաց պատասխանը. «Նախ` Իվան, եւ ոչ թե Հովհաննես, եւ ապա` Այվազովսկին ազգությամբ ռուս է եւ պատկանում է ռուս ժողովրդին, իսկ նրա ստեղծագործությունները ռուսական ոճի են»:

…Իհարկե, ռուս ժողովուրդը, եւ ոչ միայն ռուս ժողովուրդը, իրավամբ կարող է հանճարեղ հայորդուն նաեւ իր զավակը համարել: Հայազգի ծովանկարիչն այնքան շատ բան է արել ոչ միայն ռուս, այլեւ ուկրաինացի, բելառուս եւ ուրիշ շատ ժողովուրդների համար: Նա մեծ համակրանքով է արձագանքել եւ նյութապես օժանդակել է նաեւ հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին: Իմիջիայլոց, Այվազովսկին մեծ գումարով օգնել է հատկապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի 1891-1892թթ. սովյալներին, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելառուս չքավոր ուսանողությանը: Լինելով հնագիտության սիրահար` նա Թեոդոսիայում բացել է հնագիտության թանգարան, որն այսօր երկրամասային թանգարան է կոչվում:

Առաջին անգամ պատմության մեջ Հովհաննես Այվազովսկին է Ռուսաստանի ծայրամասային քաղաքում ստեղծել Գեղարվեստի դպրոց, գրադարան, համերգային դահլիճ, ինչպես նաեւ նրա նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով է կառուցվել Թեոդոսիա քաղաքի երկաթգծի ճանապարհը: Մերձակա բլուրների անտառապատումը, որոնք այնպես զարդարում ու մի նոր շուք են տալիս քաղաքին ու նրա շրջապատին, նույնպես նրա մեծ մտահղացման ու միջոցների արդյունքն են: Հայազգի ծովանկարիչը առաջինն էր Ռուսաստանում, որ, հետապնդելով լուսավորչական նպատակներ, իր ցուցահանդեսները կազմակերպել է ոչ միայն Պետերբուրգում, Մոսկվայում կամ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններում, այլեւ Ռուսաստանի ծայրամասային քաղաքներում: Ի դեպ, հենց նա է Թեոդոսիա քաղաքի առաջին պատվավոր քաղաքացին:

Այվազովսկուն անչափ հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող իր հայրենակիցների ճակատագիրը: Նրա անունը բուռն ոգեւորության աղբյուր է եղել երկրագնդի տարբեր ծայրերում հանգրվանած հայության համար: Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իսպանիա կատարած իր բոլոր ճանապարհորդությունների ժամանակ իր ժողովրդի հարազատ զավակը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայության հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նրանց նվիրել նկարներ, բացել ցուցահանդեսներ…

Նա իր ողջ կյանքում փայփայել է երազանք` կկարողանա՞ մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին եւ զարգացնել հայ կերպարվեստը: Մեծ հայորդին ապաստան է տվել եւ նյութապես օգնել կոտորածներից Ղրիմ փախած հայ գաղթականներին: Ահա, այսպիսի կենսագրական շատ փաստեր թե՛ աղավաղվել, թե՛ աչքաթող են արվել հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին պատմող այս թեպետ` արժեքավոր, բայց նույնքան էլ պակասավոր ուղեցույց-գրքույկներում: Իսկ կենսագրությունները հնարավոր չէ սրբագրել ըստ ցանկության, առավել եւս, Այվազովսկու նման հանճարինը:

Ռաֆայել ՇԱՀԻՆՅԱՆ

Համամիութենական հեռուստամրցույթի դափնեկիր,
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ,
Ռեժիսոր-սցենարիստ