Արսենը, Հասմիկը, Նազենի Հովհաննիսյանն էլ…

12/04/2012

Մեկ տարի առաջ տեղի ունեցավ Լիլիթ Մովսիսյանի դեբյուտային` «Մոխրաման» ֆիլմի պրեմիերան, իսկ այժմ երիտասարդ ռեժիսորը ներկայացնում է իր նոր` «ME Too» («Ես էլ») կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է «Tao» ֆիլմարտադրող հայկական նորաստեղծ ընկերության հետ:

Ֆիլմը հոգեբուժարանում հայտնված երիտասարդի մասին է, որի դերակատարն Արսեն Գրիգորյանն է: Այս ֆիլմը Լիլիթի ու Արսենի երրորդ համատեղ աշխատանքն է` «Մոխրաման»-ից ու «Life in a Day»-ից հետո: BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանն ասել է, որ գտել է իր ռեժիսորին. «Շատ ենք շփվում առօրյայում, որոշակիորեն ծանոթ եմ Լիլիթի ապրումներին, մտքերին, ինձ համար հեշտ է իր հետ աշխատելը: Մեր մտերմությունը ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է աշխատանքի մեջ»: Նրա փոխանցմամբ` նախքան նկարահանումները ռեժիսորի հետ հաճախ է զրուցել. «Ամեն ինչ ստեղծագործական լավ մթնոլորտում է անցել: Նման կերպար առաջին անգամ պետք է մարմնավորեի, այդ զրույցներն ինձ օգնել են: Կերպարն իր դժվարություններն ունի, որպես դերասան` իմ էմոցիաներն ու ներքին ապրումներն եմ դրել»:

Ֆիլմի ռեժիսոր ու սցենարի հեղինակ Լիլիթ Մովսիսյանի խոսքով` նկարահանումները կատարվել են Նորքի հոգեբուժարանում, ուր նա մի քանի շաբաթ այցելել է մինչ նկարահանումը. «Ավելի շատ տարածքն ուսումնասիրելու եւ տրամադրություն ստեղծելու համար եմ գնացել: Հոգեբուժարանի մարդկանց հատուկ չեմ հետեւել, քանի որ ֆիլմս հոգեկան հիվանդի մասին չէ, այլ առողջ մտքով ու հոգով մարդու մասին»:

«Me Too»-ի օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, պրոդյուսերները` Տիգրան Դանիելյանն ու Տաթեւիկ Մանուկյանը: Ֆիլմում նկարահանվել են Հասմիկ Մուրադյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հայկ Թադեւոսյանն ու Աննա Ազիզյանը: