Անդրեա Բոչելին Երեւանում բացօթյա համերգ կտա

12/04/2012

Ապրիլի 22-ին Անդրեա Բոչելին համերգ է ունենալու Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք իտալացի աշխարհահռչակ տենորի պաշտոնական կայքից: 53-ամյա երգչի համերգային առաջիկա շրջագայությունների ցանկում առաջինը նշված է Հայաստանի անունը:

Անվանի երաժշտին երեւանյան բեմում նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Մարչելո Ռոտան: Այս մասին էլ գրված է «Ֆեյսբուքի»` հատուկ երեւանյան համերգի համար ստեղծված էջում:

Իտալացի հայտնի երգիչը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 22-ին` թույլ տեսողությամբ, իսկ 12 տարեկանում կուրացել է ֆուտբոլային պատահարի պատճառով: Նա իրավաբանական դպրոց է ավարտել եւ սկսել լուրջ զբաղվել երաժշտությամբ:

Անդրեա Բոչելին ձայնագրել է 13 ալբոմ, որոնցից երկուսը` դասական եւ փոփ ժանրերում, երկու հիթային եւ ութ օպերային ալբոմ, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով: «People» ամսագրի կողմից 1988թ. ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը:

«Sacred Arias» ալբոմի համար երաժիշտը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով` դառնալով դասական ժանրի մենակատար երգչի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմ: