Երգիչ, երգահան, մուլտիգործիքավորող, պոետ, քաղաքական ակտիվիստ եւ «System of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն այժմ Լոս Անջելեսի իր «Serjical Strike» ստուդիայում ավարտին է հասցնում երրորդ սոլո ձայնասկավառակի աշխատանքները:
«Harakiri» կոչվող ալբոմը կհաջորդի 2010թ. լույս տեսած «Imperfect Harmonies» CD-ին, որը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում` թողարկումից երեք շաբաթ անց արդեն հայտնվելով «Billboard» հիթ-շքերթի հարդ ռոք ձայնասկավառակների երրորդ հորիզոնականում: Նոր ձայնասկավառակը լույս կտեսնի ամռանը: CD-ում տեղ գտած երգերի հեղինակը, պրոդյուսերը, գործիքավորողն ու կատարողը Սերժ Թանգյանն է: Երգչին օգնել է իր F.C.C բենդը: Մասթերինգը կիրականացնի Վլադո Մելերը, ով աշխատել է «Red Hot Chili Peppers», «Metalica» խմբերի, Քանյա Վեսթի եւ հայտնի այլ արտիստների հետ:
Ալբոմում զետեղված երգերի հիմնական մասը գրվել է 2011թ.: Ի դեպ, Թանգյանը 2011թ. վերաբերյալ ասել էր. «Կյանքիս ամենազբաղված, բայց ամենաարդյունավետ տարին էր»: Հիշեցնենք, որ 2011թ. Սերժ Թանգյանն իր երկրպագուներին է ներկայացրել բանաստեղծությունների երկրորդ գիրքը, շրջագայել է վերամիավորված «System of a Down» խմբի հետ երեք մայրցամաքով, մեծ համերգով հանդես է եկել Երեւանում: Անցյալ տարի Թանգյանն իր առաջին համերգն է տվել Լիբանանում` ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Վերադառնալով Միացյալ Նահանգներ` ավարտել է չորս տարբեր ձայնասկավառակի համար երգեր գրելու գործընթացը: Ջազային եւ էլեկտրոնային գործերով CD-ները նա գրել է ընկերոջ` Ջիմի Արինի հետ: «Orca» անվամբ դասական երաժշտության ձայնասկավառակը նույնպես արդեն պատրաստ է:
Ի դեպ, նոր` ռոքային ձայնասկավառակի աշխատանքները լիովին տարբերվել են նախորդներից: «Apple iPad եմ օգտագործել որպես երգեր ձայնագրող գործիք, որի շնորհիվ CD-ում տեղ կգտնի երեք երգ: Երաժշտություն գրելու տարբեր ճանապարհներ պետք է օգտագործենք, որպեսզի անսպասելի արդյունք ստանանք»,- ասել է Սերժ Թանգյանը: