80-ամյա Ժենյա Ներսիսյանը` 10-ամյա տղայի դերում

12/04/2012

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա Ներսիսյանը մարտի 31-ին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել մոնոներկայացմամբ: Բեմադրությունը, երաժշտական ու նկարչական ձեւավորումը կատարել է թատրոնի ռեժիսոր Վահան Բադալյանը: «Հաճելի է, երբ հասկացող հանդիսատես է գալիս դիտելու քո խաղը, հատկապես հաճելի է երիտասարդներին տեսնել»,- ասել է Ժենյա Ներսիսյանը։

Էրիկ Էմանուել Շմիթի «Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը» կարդալուց հետո Վահանը որոշել է բեմադրել այն, բայց միայն համապատասխան դերասանուհու հետ. «Քանի որ ստեղծագործության մեջ ուժեղ էմոցիաներ, հոգեվիճակ, կերպարներ կան, ամեն դերասան չէր կարող խաղալ, ինձ համար կարեւոր էր խաղացող դերասանի անհատականությունը»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Տիկին Ժենյան ֆենոմենալ երեւույթ է. 80 տարեկանում 2 ժամ շարունակ բեմում միայնակ կարող է խոսել, թռվռալ, բարձրանալ, իջնել… այդքան էներգիա ունի: Նա պրոֆեսիոնալ դերասանուհի է, ավելորդ երկխոսության մեջ չի մտնում, ուշադիր լսում է պահանջվածը եւ աշխատում: Որոշ տեսարաններ հարմարեցրել եմ իր ներքին զգացողություններին»:

Վահան Բադալյանը վաղուց է ճանաչում դերասանուհուն, նրանց ծանոթությունն ու շփումն էլ սկսվել է 2006-ից: Բեմադրիչն այս ստեղծագործությունը տվել է տիկին ժենյային, ով հավանել ու համաձայնել է խաղալ այդ դերը. «Տպավորվեցի առաջին իսկ կարդալուց: Թեեւ 80 տարեկանում դժվար է էջերով տեքստն անգիր անել, բարդ է խաղալ 10 տարեկան տղայի դեր, չարչարվում ես, պրպտում, բայց դա քաղցր տառապանք է»,- ասել է դերասանուհին:

«Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը» ստեղծագործությունը պատմում է արյան քաղցկեղով հիվանդ 10-ամյա Օսկարի մասին. ներկայացվում է նրա կյանքի վերջին 12 օրը: Վարդագույն հագուստով տիկինն առաջարկում է նրան խաղ խաղալ եւ ամեն օրը հաշվել որպես 10 տարի, ամեն օր Աստծուն նամակ գրել եւ պատմել այդ օրվա մասին: Այս օրերի ընթացքում էլ բացվում են փիլիսոփայական ու հոգեբանական շերտեր` հավատի, կյանքի նկատմամբ վերաբերմունքի, տարիքի, ծնողներ-զավակներ հարաբերությունների մասին: Բեմի դեկորացիաները տեղափոխում են հիվանդանոցի սենյակ, օրացույցն էլ տարվա վերջին` դեկտեմբերի օրերն է «հաշվում»:

Ներկայացումը նախատեսված է 14 տարեկանից բարձր հանդիսատեսի համար միայն այն պատճառով, որ գուցե դժվար ընկալելի լինի:

2 գործողությամբ դրաման, Վահան Բադալյանի հավաստմամբ, դասական մոնոներկայացում չէ, բեմում կա երկրորդ հարթակ` ուրվականների ու ստվերների մասնակցությամբ: Բեմադրիչը կարծում է, որ երիտասարդ դերասանուհիները, դիտելով Ժենյա Ներսիսյանի խաղը, վարպետության դաս կանցնեն: «60 տարի է` բեմում եմ, ռադիոյում, հեռուստատեսությունում, 150-ից ավելի դեր եմ խաղացել, ամեն կերպար աստիճանաբար հասունացրել եմ իմ մեջ ու լույս աշխարհ եմ բերել, դրանով ամեն անգամ ինձ երջանիկ եմ զգում, չեմ կարող չխաղալ»,- նշել է դերասանուհին:

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին իր 80-ամյա հոբելյանին` նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի` հայ թատերարվեստի զարգացման, նաեւ սփյուռքում հայապահպանության գործում ունեցած վաստակի համար, վերջերս էլ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել է թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:

Ժենյա Ներսիսյանը 1993-ին մեկնել է Լոնդոն, ուր Գեւորգ Թահթայան կիրակնօրյա հայկական ազգային վարժարանում դասավանդել է գրականություն ու գեղարվեստ, բեմադրել մի շարք ներկայացումներ. «Անգլիայում հայ շատ երեխաներ դժվարությամբ են հայերեն խոսում, բայց ոգեշնչում եմ նրանց, հայերենով խաղում են, արտասանում: Պարբերաբար գնում-գալիս եմ, վերջերս էլ մի քանի ամսով հրավիրել էին դասավանդելու»: