Ոչ պրիմիտիվ իշխանափոխություն

10/04/2012

Երեկ ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 147 քայլից բաղկացած նախընտրական ծրագրի ներկայացմամբ: Այն ներկայացրել են ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին մի քանի անդամները: Մինչ այդ ծրագրի շնորհանդեսը ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն շոուներով եւ պարերով չի սկսի իր քարոզարշավը, այլ կներկայացնի գաղափարները, որոնք, ըստ նրա, կլինեն հաղթական: Նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ամփոփ ներկայացնելով ծրագրի սկզբունքները, խոստովանել է, որ ՀՅԴ ծրագիրը մաքսիմալիստական է: Նա նշել է, որ ծրագրի առաջին դրույթը վերաբերում է պետության եւ քաղաքացիների կենտրոնամետ ուղղվածությանը: Արտաքին քաղաքականության հարցում ԱՊՀ տարածաշրջանի հետ լավագույն հարաբերություններ պահպանելով, ՀՅԴ-ն փորձելու է զարգացնել ԵՄ համագործակցության ընդհանուր սկզբունքները: Ծրագրի հիմնական ուշադրությունը, ըստ նրա, ուղղված կլինի սոցիալական հարցերին եւ կընդգրկի երկու ուղղվածություն` համախառն արտադրանքի ինտենսիվ աճ եւ բարիքների հասցեագրված բաշխում` ընդգրկելով սփյուռքի ամբողջ ուժը: «Հիմնական զարգացումը պետք է ուղղվի դեպի արտահանումը, սրա համար գլոբալ փոփոխություններ ապահովելով, բանկերի ստեղծում, որոնք պետք է խրախուսեն արտահանումը»,- հայտարարել է նա: ՀՅԴ մեկ այլ անդամ` աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախկին նախարար Արսեն Համբարձումյանն էլ ներկայացրել է ծրագրի սոցիալական դրույթները, որոնք, ըստ նրա, ուղղված կլինեն աշխատավարձի բարձրացմանը, զբաղվածության ապահովմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը եւ աղքատության հաղթահարմանը: Ըստ Համբարձումյանի, ՀՅԴ-ն ի վիճակի է ստեղծել 200-225.000 աշխատատեղ: ՀՅԴ ծրագրով` աղքատության շեմը կհամարվի կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, որը կհասցվի 63.000 դրամի` ներկայիս 33.000-ի փոխարեն: Ժողովրդագրական վիճակի բարելավման հարցում ծրագիրն ուղղված կլինի ներգաղթի խրախուսմանը, արտագաղթի կասեցմանը, ծնելիության մեծացմանը: «Արդյունքում յուրաքանչյուր տարի բնակչության թվաքանակը կաճի 50,000-ով: Իսկ նորամուծություն կլինի այն, որ մինչեւ 7 տարեկան երեխաների համար կսահմանվի ամենամսյա նպաստ, առաջին երեխայի դեպքում` 20.000դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 25,000, երրորդ երեխայի դեպքում` 40,000 դրամ, եւ չորրորդ, հինգերորդ եւ մյուսների դեպքում` 60.000 դրամ: Իսկ 5 երեխաներ ունեցողներին անհատույց կտրամադրվի բնակարան»,- ասել է Համբարձումյանը: ՀՅԴ-ն նախընտրական ծրագրով նախատեսում է գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի 1-2%-ին: Իսկ արտահանման եւ փոքր եւ միջին բիզնեսի խթանման հարցում ՀՅԴ-ն խոստանում է գործադրել հակամենաշնորհային օրենսդրություն, կվերացվեն շուկաներ ազատ մուտք գործելու արհեստական սահմանափակումները: «Կընդունվի գնագոյացման օրենսդրություն, կստեղծվի հակագնագոյացման միջգերատեսչական հանձնաժողով, որը կպաշտպանի տեղական արտադրողներին»,- ասել է Արա Նռանյանը, ըստ որի` ՀՅԴ-ն այն միակ կուսակցությունն է, որը նախկին ընտրություններից հետո հետամուտ է եղել իր ներկայացրած ծրագրերի իրականացմանը: «ՀՅԴ-ն ավելի հետամուտ էր, քան իշխող քաղաքական ուժը»,- ասել է նա: «Փաստ է, որ անկախությունից ի վեր մենք չենք ունեցել իշխանություն, որ լիարժեքորեն ծառայի իր ժողովրդին: Այն ավելի շատ ծառայել է իշխանության նեղ շրջանակներին»,- հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ այս իրավիիճակից դուրս գալու միակ ելքը կարող է լինել իշխանափոխությունը: «Այդ ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի տեղի չի ունեցել իշխանափոխություն: Ոչ թե պրիմիտիվ իշխանանափոխություն` մի քանի մարդկանց անուններ փոխելով, այլ ամբողջական իշխանափոխություն,- ասել է` ավելացնելով,- Ամբողջական իշխանափոխությունը կենթադրի թե՛ գործող վարչախմբի եւ թե՛ ամենակարեւոր` նրան սպասարկող համակարգի լիակատար փոփոխություն: Մենք մինչեւ հիմա ունեցել ենք երեք նախագահներ, եւ այդ ամբողջ շրջանում, դժբախտաբար, այդ համակարգը պահպանվել է մինչեւ հիմա»: