Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ: «Իմ նպատակն է, որպեսզի ձեր առաջարկությունները, ցանկությունները, մոտեցումները առարկայացնենք մեր ծրագրերում: Այսօր աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ առաջին հերթին, թերեւս, երիտասարդների մտքերը կարող են ուղեցույց լինել: Քանի որ երիտասարդները, որպես կանոն, միշտ համարձակ են եւ շատ դեպքերում կաշկանդված չեն կաղապարներով` կարողանում են ավելի լավ ու օգտակար խորհուրդներ տալ»,- ըստ ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ասել է Ս. Սարգսյանը: ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե` ինչի՞ն հավատանք եւ ի՞նչն ենք փոխելու, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել` առանց խորը հավատի: Պատկերացրեք` զինվորը գնում է մարտի, եւ եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողանանք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն Հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, եւ բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք: Առաջին հերթին, դուք` երիտասարդներդ, պետք է պատրաստ լինեք, որովհետեւ այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը: Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ, մեծաքանակ չենք: Մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին: Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ»: Ուսանողները հետաքրքրվել են նաեւ, թե ո՞րն է ՀՀԿ ուղերձը ԵՊՀ ուսանողներին եւ հանրապետության ամբողջ երիտասարդությանը, ի՞նչ ծրագրեր ունի ՀՀԿ-ն երիտասարդության հետ կապված: Ս.Սարգսյանն ասել է, որ ՀՀԿ-ի ասելիքը նույնն է. «Եկե՛ք միասին բարեփոխենք մեր երկիրը, եկե՛ք մեր եռանդը համատեղենք, մեր նախաձեռնություններով նպաստենք պետության զարգացմանը: Միավորվեք ուսանողական միություններում, տարբեր կառույցներում, եւ փորձենք միասին մեր ակտիվությամբ, մեր հավատով ունենալ շատ ավելի լավ Հայաստան: Եկե՛ք հենվենք մեր ազգային արմատների վրա, դառնանք ավելի առաջադեմ, ուրիշների կողմից ավելի ընկալելի»: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի տնտեսական, սոցիալական, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացմանը վերաբերող հարցերի: Ընտրացուցակների վերաբերյալ` ուսանողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը, կարծես, պահպանվում է, բայց ընտրացուցակում առկա մարդկանց թիվն ավելանում է: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, եւ դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է: «Ընտրացուցակում ընդգրկվել նաեւ դեռեւս չի նշանակում` մասնակցել ընտրություններին: Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել: Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում: Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն` Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը: Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին: Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունն ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսին է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել: Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, եւ ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաեւ մեծամասնականով ընտրվող թեկնածուներ: Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ: Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի: Իսկ, որ ցուցակները պետք է այդպիսին լինեն` գնալով ավելանան, սա միանշանակ է: Եթե մարդիկ ցանկանան գալ եւ մասնակցել ընտրություններին, նրանց ի՞նչ ասենք, ասենք, քանի որ դուք երկրից բացակայել եք, ձեզ զրկո՞ւմ ենք ընտրության իրավունքից: Մի կողմից ասում ենք` այնպես անենք, որ մեր երկրում օրենքները գործեն, մյուս կողմից էլ` ասում ենք` եկեք գնանք անօրինական քայլերի, որպեսզի բավարարենք ինչ-որ մարդկանց ցանկություններ: Ես կարծում եմ, որ դա սխալ է, մենք պետք է վարվենք օրենքի տառին համապատասխան, ինչպես եւ վարվում ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: