Հայաստանի բնակչությունն անցած շաբաթվա վերջին հաճելիորեն զարմանալու առիթ ունեցավ։ Զատիկի ձուն չթանկացավ։
Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, եւ շատերն արդեն հոգեբանորեն պատրաստվել էին հավի ձու գնել «Ֆաբերժեի» ձվի գնով։ Բարեբախտաբար, նման բան չեղավ, սակայն… գնաճային մտահոգությունները դեռ շարունակվում են։
Որքան էլ Ազգային վիճակագրությունը մխիթարական ցուցանիշներ է հրապարակում գնաճի վերաբերյալ, մարդիկ դեռ անհանգիստ են։ Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրությունն օրեր առաջ հրապարակեց սպառողական գների հունվար-մարտի ինդեքսը, որի համաձայն, փետրվարի համեմատ գներն աճել են ընդամենը 0.1%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 2.2%-ով։ Շատ մխիթարական ցուցանիշներ են։ Սակայն շատերը համոզված են, որ գների աճը առայժմ արհեստականորեն զսպվում է, քանի որ առջեւում ընտրություններ են։ Իսկ ընտրություններից հետո, չեն բացառում, որ գները կարող են թռիչքաձեւ աճել։
Այդ կարծիքին է, օրինակ, «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը։ Նախորդ շաբաթվա վերջին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա համաձայնել է, որ ընդհանրապես` գների, եւ մասնավորապես` ձվի գնի դինամիկան որոշակի կապ ունեն նախընտրական շրջանի հետ։ «Կապ կա, նախընտրական շրջանում այդ տենդենցը կա, չի բացառվում, որ ընտրություններից հետո լինի թանկացումների նոր ալիք։ Բենզինի, գազի, ջրի սակագինը չի վերանայվում մինչեւ ընտրությունները. սպասում են, որ ընտրություններն անցնեն, նոր այդ խնդիրներն օրակարգային դառնան»,- ասել է Արմեն Պողոսյանը։
Կա՞ իրականում նման կապ, եթե այո՝ որքանո՞վ է այդ կապը սերտ, արդյոք արժե՞ սպասել գնաճային լուրջ ցնցումների ընտրություններից հետո։ Այս հարցերին միանշանակ պատասխանելն անշնորհակալ գործ է։ Ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրության նախորդ տարիների ցուցանիշներն ուսումնասիրելով՝ կարելի է որոշ հետաքրքիր օրինաչափություններ գտնել։
Այսպես, 2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո պաշտոնական վիճակագրությունն արձանագրեց ոչ թե գնաճ, այլ հակառակը՝ գնանկում։ Հունիսին սպառողական գները մայիսի համեմատ նվազեցին 0.3%-ով, հուլիսին հունիսի համեմատ` 3.2%-ով, օգոստոսին հուլիսի համեմատ՝ 1.5%-ով։ Այսինքն, նախորդ խորհրդարանական ընտրություններին հաջորդող երեք ամիսների ընթացքում գումարային գնանկումը կազմեց շուրջ 5%։ Դա բավականին լուրջ ցուցանիշ է՝ դրական իմաստով։
Սակայն 2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո գրանցվեց ուրիշ դինամիկա։ Ամսական կտրվածքով (յուրաքանչյուր ամիսը` նախորդ ամսվա համեմատ) գնաճը մարտին կազմեց 1.4%, ապրլին՝ 1.1%, մայիսին՝ 1.3%։ Այդ դեպքում, ընտրություններին հաջորդող 3 ամիսների ընթացքում, ունեցել ենք գումարային գնաճ շուրջ 4%-ի չափով։
Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս թվերից։ Ընտրություններից հետո գներն աճո՞ւմ են, թե՞ ոչ։ Ինչպես նշեցինք, միանշանակ պատասխան տալը դժվար է։ Սակայն, թերեւս, պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններից հետո գներն անկում են ապրել, իսկ նախագահականից հետո՝ բարձրացել։ Մեզանում նախագահական ընտրությունները թե՛ ընտրողների, թե՛ ընտրվողների կողմից ավելի շատ են կարեւորվում։ Թե ինչո՞ւ է այդպես, այլ հարց է։ Իսկ քանի որ այդպես է, ապա իշխանությունները չեն կարող թույլ տալ մի քանի ամսվա համար փչացնել նախագահական քարոզարշավը՝ գնաճի վատ ցուցանիշներով։ Նախորդ փորձը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրություններից հետո գները չեն աճի, կամ՝ շեշտակի չեն աճի, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ կան։ Իսկ, որ նախագահական ընտրություններից հետո գներն աճելու են, դրանում գրեթե կասկած չկա։ Օրինակ՝ գրեթե համոզված կարելի է ասել, որ թանկանալու է բնական գազի գինը։
Մինչեւ այդ կարծիքը հիմնավորելը, նախ ճշտենք՝ ի՞նչ արժեքով է Հայաստանը «ՀայՌուսգազարդից» գազ գնում։ Թեպետ մեր իշխանությունները հայտարարում են` 1000խմ-ն` 180 դոլարով, սակայն իրականում այդ գումարն ավելին է՝ 210-220 դոլար։ Մեր տեղեկություններով, ռուսական կողմը սակագինը վերանայել է նախորդ տարվա կեսերից։ Այս մասին մեր ԶԼՄ-ները նշել են (օրինակ՝ «Հայկական Ժամանակը»)։ Այն, որ ներմուծվող գազը թանկացել է, երեւում է նաեւ Մաքսային ծառայության վիճակագրությունից, ներմուծման բաժնի «բնական եւ հեղուկ գազ» հոդվածից։ Այսպես՝ 2011թ. առաջին կիսամյակում ներմուծվել է 1094 մլն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 187 դոլար։ Երկրորդ կիսամյակում ներմուծվել է 936մլն խմ գազ, մաքսային արժեքը կազմել է 190 միլիոն դոլար։ Պարզ թվաբանությամբ երեւում է, որ 1000խմ գազի արժեքը երկրորդ կիսամյակում աճել է՝ 187 դոլարից հասնելով 203 դոլարի։ Ճիշտ է, սա խառը ցուցանիշ է, քանի որ սրա մեջ մտնում է նաեւ հեղուկ գազն ու իրանական բնական գազը։ Սակայն, հաշվի առնելով, որ հեղուկ գազի ծավալները շատ չնչին են, իսկ բնական գազի առյուծի բաժինն է ընկնում ՌԴ-ին, կարելի է եզրակացնել, որ մաքսային արժեքի (գնի) բարձրացումը տեղի է ունեցել ռուսական բնական գազի թանկացման հաշվին։
Հիմա գանք երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են մեր պաշտոնյաները համառորեն հերքում, որ ռուսները գազը թանկացրել են։ Որովհետեւ շատ դժվար կլինի բացատրել, թե այդ դեպքում «ՀայՌուսգազարդն» ինչո՞ւ սակագինը վերանայելու հայտ չի ներկայացրել։ Երբ «ՀայՌուսգազարդի» հասցեին մեղադրանքներ են հնչում, որ հայաստանցի սպառողներին գազը վաճառվում է գնման գնից մի քանի անգամ թանկ գնով, այս ընկերությունը պարզաբանում է, որ լիքը ծախսեր է կատարում մինչեւ գազը վերջնական սպառողին հասցնելը։ Իսկ հիմա ստացվում է, որ գազի 1000խմ-ն գնում են 210-220 դոլարով, իսկ, օրինակ, խոշոր սպառողներին շարունակում են վաճառել 243 դոլարով։ Եթե նկատի ունենանք վերը նշված վերադիր ծախսերը, ապա ստացվում է, որ «ՀայՌուսգազարդը» գործում է ի վնաս իրեն։
Եվ, վերջապես, ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ «ՀայՌուսգազարդը» չի թանկացնում գազի գինը։ Որովհետեւ առջեւում ընտրություններ են։ Չենք ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել, սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ սակագնի հարցում գոյություն ունի պայմանավորվածություն կառավարության եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ։ Այսինքն՝ վերջինս «համբերելու» է մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը։ Ուրիշ տրամաբանական պատասխան չկա։ Այ, երբ կանցնեն խորհրդարանական ընտրություններն ու նախագահական ընտրությունները, այդ ժամանակ մեր գազի մոնոպոլիստը միանգամից կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի սակագինը բարձրացնելու համար։ Եվ որպես հիմնավորում` կներկայացնի, որ ռուսական կողմը գազը թանկացրել է։ Միգուցե մեզ ոմանք կհակադարձեն, նշելով, որ «վերլուծություններ» ենք անում սեփական երեւակայության արդյունքում ծնված փաստերի վրա։ Սակայն ժամանակը ցույց կտա` ինչ է թաքնված «գազային խաղերի» ետեւում։ Ճիշտ այնպես, ինչպես ցույց տվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կամ հայ-իրանական գազամուղի պարագայում։
Իսկ գազի գնի թանկացումը, անկասկած, հանգեցնելու է սպառողական ապրանքների մեծ մասի գների աճին։ Այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ էներգետիկան եւ քաղաքականությունը եղբայրներ են։ Ամեն դեպքում, հայաստանցի սպառողները կարող են հանգիստ լինել. մինչեւ 2013թ. փետրվարը գնային լուրջ ցնցումներ չեն լինի։ Միգուցե դրանից հետո էլ չլինեն, միգուցե պետությունը կրկին ինչ-որ բան մտածի, օրինակ՝ սուբսիդավորի էներգակիրների գնաճը։ Սակայն պետք չի մոռանալ, որ ցանկացած սուբսիդավորում իրականում ֆինանսավորվում է նույն սպառողների հաշվին։