Հանրաքվեն արտերկրի լրատվամիջոցներում

02/12/2005

«Hurriyet»

Անդրադառնալով նոյեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեին՝ թուրքական «Hurriyet» թերթը գրում է. «Նախագահին սատարող երեք կուսակցությունների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթում առաջարկվող ամենակարեւոր փոփոխությունները վերաբերում են երկքաղաքացիությանը, նախագահի եւ ԱԺ լիազորություններին»: Թերթը գրում է, որ մտավախություն կա, որ սահմանադրական փոփոխությունների հաջող ելքից հետո Ռոբերտ Քոչարյանը 2008-ին կարող է երրորդ անգամ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավական հիմնավորում գտնել: Թերթն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսուհետ ՀՀ սահմանի փոփոխության լիազորություն ունենալու է Ազգային ժողովը:

«Al-Jazeera»

Նոյեմբերի 27-ի հայաստանյան հանրաքվեին անդրադարձել է նաեւ «Al-Jazeera»-ն: Վերջինիս փոխանցմամբ՝ թեեւ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել առաջարկվող փոփոխություններին, սակայն կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում դրա հետ: «Al-Jazeera»-ն ընդգծում է, որ նախօրեին սահմանադրական փոփոխությունների հակառակորդների հրավիրած բողոքի ցույցին մասնակցել է հազարից էլ պակաս մարդ: Ըստ «Al-Jazeera»-ի՝ սահմանադրական առաջարկվող փոփոխություններն արժանացել են Եվրոպայի խորհրդի հավանությանը։ Նա ընդգծում է, որ թերեւս կարեւորագույն փոփոխությունը երկքաղաքացիության արգելքի վերացումն է:

«Zaman»

«Քվեարկության մասնակիցների 88%-ը կողմ է արտահայտվել սահմանադրական առաջարկվող փոփոխություններին»,- վկայակոչելով, այսպես կոչված, «exit poll»-երի արդյունքները՝ գրում է թուրքական «Zaman» թերթը: Թերթի փոխանցմամբ՝ առաջարկվող գլխավոր փոփոխությունը երկքաղաքացիության արգելքի վերացումն է: «Փորձագետների կարծիքով՝ երկքաղաքացիության ընդունումը ՀՀ-ի կողմից կհանգեցնի նրան, որ հայկական սփյուռքն ավելի ագրեսիվ կդառնա Թուրքիայի նկատմամբ»,- գրում է «Zaman»-ը: Վկայակոչելով նույն փորձագետներին` թերթը գրում է, որ Հայաստանի կողմից երկքաղաքացիության ընդունումը վատ կանդրադառնա Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների վրա: