«Հայտնվել եմ Գորիսի չինովնիկների ճիրաններում»

10/04/2012

Դեռեւս 1933թ. Գորիսի Մաշտոցի փողոցի թիվ 48 շենքը հատկացվել է հորս ընտանիքին: Շենքին կից տարածքը զուրկ է եղել մի թիզ հողից, որովհետեւ այն զբաղեցրել է քաղաքի կենտրոնով հոսող Վարարակն գետի 6-7մ. խորությամբ ձորը: 1953-1958թ. ընկած ժամանակաշրջանում հորս եւ իմ նախաձեռնությամբ ֆիզիկական ահռելի աշխատանքի եւ զգալի նյութական միջոցների ներդրմամբ ձորի հողալցման, բարեկարգման, դրենաժավորման միջոցով ստեղծել, վերականգնել ենք շուրջ 8500քմ հողատարածք, անցկացրել ոռոգման ջուր եւ այն թողել հարեւան 18 տնատիրությունների մշակմանը: Այդ տարածքից` 900քմ կանաչապատված, ցանկապատված, ծառապատված, պտղատու այգի դարձված հողատարածքն արդեն 50 տարուց ավելի է տիրապետում, օգտագործում եւ մշակում եմ ես: Այնուհետեւ հողատարածքին զուգահեռ` շուրջ 200մ երկարությամբ բացել, բարեկարգել եմ նոր փողոց: 1985թ. ՀՀ կառավարության որոշմամբ 8500քմ տարածքը ճանաչվել է տնամերձ հողատարածք եւ փողոցի հետ միասին թույլատրվել մտցնել քաղաքի գլխավոր հատակագիծ: Հետագայում, բոլոր 18 հողակտորները Գորիսի քաղաքապետարանի կողմից սեփականաշնորհվել են հօգուտ կից տնատիրությունների կամ էլ իրենց ձեռնտու շահագրգիռ անձնավորությունների, բացի իմ կողմից օգտագործվող հողատարածքից, քանզի այդ հողատարածքն անձեռնմխելի է թողնվել Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ` վերջինիս կամակատարը դառնալու պարտադրանքից հրաժարվելու, իմ` ՀԿԿ պատկանելության եւ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում: Ավելին, 20-րդ տարին է` ընտանիքի անդամներով հալածվում, ահաբեկվում եւ հոգեբանական տառապանքի ենք ենթարկվում կոռումպացված, մաֆիոզ եւ հակաժողովրդական աշխատաոճով առաջնորդվող մարզի եւ Գորիսի չինովնիկների ճիրաններում: Իմ կողմից օգտագործվող հողատարածքը զավթելու նպատակով` Գորիսի իշխանությունները գնացել են հնարավոր ամեն կեղծիքների եւ ապօրինությունների: … Երեք անգամ փորձել եմ հարցը լուծել դատական ճանապարհով, սակայն քաղաքապետարանի կողմից դատարանին ներկայացված կեղծ տեղեկանքների պատճառով հայցադիմումները ընթացք չեն ստացել: Ավելին, 2005-ից սկսած քաղաքի գլխավոր հատակագծում շենքի հողատարածքի սահմանային հատակագծերը պարբերաբար ակնհայտորեն կեղծվել են, ամեն անգամ ստեղծելով կամայական չափերով եւ իրարից տարբերվող հողատարածքի սահմանային գծագրեր` ելնելով տվյալ պահին իրենց անձնական շահերից: Իսկ 2010թ. նոյեմբերին, առանց որեւէ չափագրումներ անելու, քաղաքապետարանը կրկին կատարել է ակնհայտ կեղծումներ, իմ կողմից փաստացի օգտագործվող 900քմ հողատարածքը կադաստրի ստորաբաժանումում կամայականորեն ձեւակերպել է որպես 420-ական քմ 2 հողակտորների եւ փոխված հասցեով մտցրել քաղաքապետարանի բալանս, ապա դրել աճուրդի: Ամեն ինչ արվել է գաղտագողիության շղարշի տակ, որ ես չկարողանամ օգտվել օրենքով սահմանված իմ իրավունքներից, մասնավորապես` ՀՀ Հողային օրենսգրքի 72 հոդվածով սահմանված` հողամասի նկատմամբ իմ նախապատվության իրավունքից: ՀՀ Հողային օրենսգրքի սահմանված կարգի կոպիտ խախտումով կայացած ձեւական աճուրդով` հողատարածքներից մեկը սեփականաշնորհվել է Սյունիքի մարզպետի կնոջ եղբայր Մելիք Բարսեղյանին, երկրորդը` քաղաքապետարանի դալալին` վերջինիս մտերիմ ընկերոջը: Ընկերը, հաջորդ օրը նոտարական գրասենյակում 2մլն դրամով վաճառք է ձեւակերպել Մ. Բարսեղյանին` նրան դարձնելով 840քմ-ի սեփականատեր: Օրեր անց վերջինս հողամասը նվիրատվություն է ձեւակերպել իր մորը, իսկ մայրն էլ 5 մլն դրամով վաճառել է Մ. Բարսեղյանի զոքանչին: Այսպիսով, կայացել է փաստացի գոյություն չունեցող չափերով երկու 420քառ. մետր հողակտորների առքուվաճառք-սպեկուլյացիա` հետագայում իմ բողոքարկման դեպքում հնարավոր խոչընդոտներ ստեղծելու նպատակով: Սեփական բարօրության եւ հարստության նպատակով, Սյունիքի մարզպետի կողմից, մարզի հերթական բնակչի նկատմամբ դաժանաբար եւ անողոքաբար իրականացվել է ակնհայտ զավթողական եւ ապօրինի գործողություն, պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում` ապավինելով իր նկատմամբ ձեւավորված անպատժելիության մթնոլորտին: 2011թ. ապրիլից սկսած Մ.Բարսեղյանը շքախմբով, Ոստիկանության աշխատողների ակտիվ մասնակցությամբ պաշարել են հողատարածք-այգին` սպառնալով ցաքուցրիվ անել` հերթական դղյակի շինարարությունը սկսելու համար, որոնց ահաբեկչությունից խուսափելու համար առ այսօր գրեթե գտնվում եմ տնային կալանքում: 2011թ. մայիսին հայցադիմում եմ ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Դատարանը դատաքննության ընթացքում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք, ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերել առանցքային կարեւորություն ունեցող հարցերի պարզաբանմանը, ապացույցների հետազոտմանը եւ համադրմանը, չի անդրադարձել հողատարածքի հատակագծերը կեղծելու, շուրջ 18 դիմում-բողոքներ չքննարկելու եւ չպատասխանելու, «անհայտ տնամերձ» եւ «անօգտագործելի» հողատարածքներ ձեւակերպելու, շուրջ 20 տարի դիտավորյալ քաղաքապետարանի բալանս չմտցնելու հարցերին, չի բավարարել իմ կողմից ներկայացված հողամասի տեղատեսության միջնորդությունը եւ մերժել է հայցադիմումի միանգամայն արդարացված եւ ՀՀ օրենքների համապատասխան հոդվածների հիման վրա ներկայացված պահանջները: Ավելին, դատարանը` ոտնահարելով իմ օրենսդրական իրավունքները, ակնհայտորեն կամայական մեկնաբանություններ է տվել ներկայացված օրենքների հոդվածներին: Իմ իրավունքների նկատմամբ նման ապօրինի մոտեցում է ցուցաբերվել նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, որը նույնիսկ առաջ է անցել ընդհանուր իրավասության դատարանից` օրենքների վերոհիշյալ, այնպես էլ մի շարք այլ հոդվածների, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանում ապացուցված եւ չվիճարկված փաստերի վերաբերյալ իր զարմանալի, անբացատրելի եւ կամայական ձեւակերպումներով: Նույնիսկ առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստը հիմք չի ընդունվել եւ ավելին` հաստատված է համարվել դրան հակառակ փաստ: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ վերաքննիչ դատարանն ընդհանրապես ծանոթ չէր գործի նյութերին կամ դիտավորությամբ խեղաթյուրել է դրանք: 2012թ. մարտի 22-ին վճռաբեկ դատարանը առանց վարույթ ընդունելու` իմ վճռաբեկ բողոքը վերադարձրել է ինձ: Համոզված եմ, որ դա արվել է առանց ուսումնասիրելու իմ կողմից ներկայացված բոլոր հիմնավորումները, նախորդ դատարանների կողմից կատարված ակնհայտ խախտումների եւ օրենքների կամայական մեկնաբանումների վերաբերյալ իմ ներկայացրած ապացույցները: Դրանով մի ավելորդ անգամ եւս ապացուցվել է, որ դատարանները արդարադատություն իրականացնելու մարմիններից վեր են ածվել հովանավորչության միջոցով հարցեր լուծելու մարմինների: Այսպիսով, կարելի է փաստել, որ բոլոր դատարաններն էլ լիովին կատարել են մարզի տխրահռչակ «ամենակարողի» պատվերն ու կամքը` ակնհայտորեն ոտնահարելով իմ` ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները:

Մեծարգո պարոն Նախագահ, այնուամենայնիվ, հավատալով ՀՀ-ում օրենքի գերակայության վերջնական հաղթանակին, ինչպես նաեւ` հիմնվելով այն հանգամանքի վրա, որ 2011թ. դեկտեմբերի 22-ին դատաիրավական համակարգի խնդիրներին վերաբերող խորհրդակցության ժամանակ Դուք կարեւորել եք արդար դատավարությունների անցկացումը եւ անձանց ոտնահարված իրավունքների վերականգնումը, խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան մարմիններին` հանգամանորեն ուսումնասիրելու մարզի եւ Գորիսի վերոնշյալ պաշտոնատար անձանց կողմից իմ նկատմամբ իրականացրած կեղծիքներն ու ապօրինությունները` դրանք վերացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Խնդրում եմ նաեւ Ձեր միջնորդությունը` ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ քաղաքացիական ու վճռաբեկ դատարանների կողմից շահարկվող հողատարածքի զավթման գործում ակնհայտ կողմնակալ եւ անօրինական որոշումների կայացման փաստը ուսումնասիրելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի կողմից իմ բողոքը վարույթ չընդունելու որոշումը վերանայելու հարցում` վերականգնելու համար իմ սահմանադրական, ինչպես նաեւ` Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Մարտին Մայսուրյան

ք. Գորիս, Մաշտոցի 48