Ծնվել է 1963թ., մարտի 9-ին, Երեւանում:
Աշխատել է «Ալմաստ» գործարանում, «Հայծխախոտ» ԲԲԸ-ում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:
Հիմնադրել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
1996թ. ընտրվել է Ավան համայնքի թաղապետ:
2003թ. ընտրվել է, իսկ 2007թ. վերընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
2002 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
– Դուք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եք, ԱԺ պատգամավոր եք, զբաղվել եք գործարարությամբ: Այս ասպարեզներից ո՞ր մեկն է առավել գրավիչ Ձեզ համար:
– Ինձ համար ավելի հոգեհարազատ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքը: Իհարկե, Ազգային ժողովի պատգամավոր լինելը պարտավորեցնող է, բայց ՀՖՖ նախագահի աշխատանքն այն գործն է, որով ես հաճույքով եմ զբաղվում:
– Ինչպե՞ս Ձեզ մոտ ձեւավորվեց հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ:
– Ֆուտբոլ սիրում էի դեռ պատանեկան տարիներից` ինձ մարզադաշտ էր տանում Խորեն Հովհաննիսյանի խաղը: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ մարզադաշտ գնացի 1976 թվականին եւ այնուհետեւ 10 տարի աբոնեմենտ եմ ունեցել եւ հաճախել եմ Արարատի խաղերին:
1992 թվականի գարնանն այցելեցի Արմավիրի մարզադաշտ, որտեղ խաղում էին «Փյունիկը» եւ Հոկտեմբերյանի «Սպարտակը»: Այդ խաղում ինձ վրա միանգամից տպավորություն գործեց մեր ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով, ի դեպ, այդ խաղում վնասվածք ստացավ: Այդպես էլ կապվեցի այդ թիմի հետ:
– Կա՞ արտասահմանյան ակումբ կամ ֆուտբոլիստ, որոնց երկրպագում եք:
– Կան բազմաթիվ թիմեր եւ ֆուտբոլիստներ, որոնց խաղաոճն ինձ դուր է գալիս, բայց ինձ երկրպագու չեմ համարում: Ես ուրախանում եմ Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններով, հաղթանակներով, տխրում` նրա անհաջողությունների պատճառով:
«Փյունիկն» ինձ համար մեկ այլ արժեք է, մի ակումբ է, որի հիմքի վրա կարողացանք կառուցել մեր ազգային հավաքականները` Վարդան Մինասյանի հետ համագործակցելով: Ֆուտբոլն այնպիսի ասպարեզ է, որտեղ կարճաժամկետ ծրագրեր կազմել չես կարող: Առնվազն 10 տարվա աշխատանք պետք է տանես ֆուտբոլիստի վրա: Մենք նպատակաուղղված տարել ենք այդ աշխատանքը «Փյունիկում», եւ այն դարձավ արժեք, որի շնորհիվ մենք ունենք որակյալ ֆուտբոլ, տակտիկական ձեռագիր ու խաղաոճ:
– Բազմիցս նշել եք, որ Ձեր երազանքն է` տեսնել մեր հավաքականը 2014 Աշխարհի առաջնությունում: Այսօր որքանո՞վ ենք մենք մոտ Ձեր երազանքի իրականացմանը:
– Ես միշտ եղել եմ մաքսիմալիստ եւ հավաքականի առջեւ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու խնդիր եմ դրել: Իհարկե, կար ժամանակ, երբ դա իսկապես երազի էր նման: Բայց այսօրվա մեր հավաքականը, հավատացե՛ք, ի զորու է այդ խնդիրը լուծել: Եթե ֆուտբոլային բախտն էլ մի փոքր մեր կողմից լինի, մենք կլուծենք այդ խնդիրը:
– Մինչեւ խոշոր գործարար դառնալը, աշխատել եք տարբեր արտադրական ձեռնարկություններում` որպես էլեկտրամոնտյոր, բանվոր, հաշվապահ, տնօրենի տեղակալ:
– Այդ աշխատանքն ինձ տվել է ամեն ինչ: Երբ մարդ պատահական ու միանգամից է հասնում ինչ-որ պաշտոնների կամ հաջողությունների, նրան շատ բարդ է համակերպվել նոր իրավիճակին: Բայց երբ սկսում ես բանվորի աշխատանքից, ավելի լավ ես հասկանում ոլորտը, եւ ղեկավարելն ավելի հեշտ է դառնում:
Շատերը դժգոհում են, ասում են, որ ես չափից դուրս պահանջկոտ եմ, խիստ եմ, սակայն ես սիրում եմ, երբ աշխատանքը պարտաճանաչ կերպով են կատարում: Պետք է գործը կամ ընդհանրապես չանել, կամ` լավ անել:
– Որոշ շրջանակներում, մասնավորապես` լրագրողական, Ձեր անձն ասոցիացվում է խիստ եւ երբեմն ոչ հանդուրժող կերպարի հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այդ կարծիքի հետ համաձայն չեմ: Ես անհանդուրժող չեմ: Եթե վատ բան նկատեմ, գուցե շատ արագ ու կտրուկ արձագանքեմ: Բայց ամենակարեւորը` ես քինախնդիր չեմ: Վատ արարքի մասին կարող եմ ասել, ու կանցնի-կգնա:
– Ինչպիսի՞ն է Ռուբեն Հայրապետյանը ընկերների միջավայրում, ընտանիքում:
– Ընկերներիս եւ բոլոր մարդկանց ես ինձ հավասար եմ համարում: Եթե ընկեր ես, ընկերոջ հետ պետք է լինես հավասար: Այո՛, ես աշխատանքի եւ կենցաղի մեջ խիստ եմ, բայց ընկերներիս շրջապատում միանգամայն այլ մարդ եմ: Ընկերը բարեկամ չէ, որ Աստված տա: Ընկերներիս ես եմ ընտրում եւ բոլորին շատ սիրում եմ:
– Իսկ երեխաների համար խի՞ստ հայր եք:
– Շատ, նույնիսկ չափից ավելի:
– Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում նրանց դաստիարակության հարցում:
– Դստերս դաստիարակությամբ ավելի շատ կինս է զբաղվել: Տղայիս 6 տարեկանից իմ բոլոր ճամփորդություններում փորձում եմ տանել հետս: Կարծում եմ, հայրը տղայի համար նախ պետք է ընկեր լինի: Մեր հարաբերություններն այնպիսին են, որ ինքն ինձ հետ ամեն թեմայից խոսում է, կիսվում է:
– Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները:
– Երեխաներս սովորում են ԵՊՀ-ում, տնտեսագիտական կրթություն են ստանում: Խստապահանջ եմ հատկապես տղայիս նկատմամբ: Նրա մասին ամեն ինչ պետք է իմանամ: Ցանկանում եմ, որ նա լինի խելացի, համեստ, որ նրան սիրեն ու հարգեն իր համեստության համար:
– Պարոն Հայրապետյան, Ձեզ ճանաչում են նաեւ` իբրեւ «Նեմեց Ռուբեն»: Ի՞նչ նախապատմություն կա դրա ետեւում:
– Այդ մականունն իրականում կապված է տատիս եղբոր հետ: Պատերազմի ժամանակ նա վիրավորվել է եւ հայհոյել է գերմանացիներին: Ու այդպես այդ անունը փոխանցվել է հորս, հետո` ինձ: Մեր գերդաստանի բոլոր ներկայացուցիչներին այդպես են դիմում:
Այդ մականունը բնավ կապված չէ իմ խստության հետ, ինչպես երբեմն մեկնաբանում են: Բայց ես այդ մականունից չեմ խուսափում: Վատ եմ զգում միայն, երբ ցանկանում են կապակցել այն, իբրեւ թե, իմ դաժանության հետ:
– Ինչո՞վ եք սիրում զբաղվել հանգստյան օրերին:
– Եթե հիշեմ, թե վերջին անգամ երբ է եղել իմ հանգստյան օրը, կպատմեմ (ժպտում է.- Ե.Պ.): Ազնվորեն չեմ հիշում: Բայց կցանկանայի, որ հանգստյան օրերին, հատկապես հիմա, երբ հիսունին մոտ եմ, երեխաներիս հետ գնայինք մեր ամառանոց, իմ ձեռքով խորոված պատրաստեի եւ ժամանակ անցկացնեի ընտանիքիս հետ:
– Ո՞րն է Ձեր գլխավոր հատկանիշը:
– Չընկճվելն ու անընդհատ նպատակին ընդառաջ գնալը:
– Իսկ գլխավոր թերությո՞ւնը:
– Շուտ բռնկվող եմ:
– Ձեր կյանքի գլխավոր նվաճումը:
– Իմ երեխաներն են:
– Ո՞րն է երջանկության Ձեր ընկալումը:
– Դա լայն հասկացություն է: Երջանկություն է երեխաներին հասցնել իրենց նպատակին, որպեսզի ապրեն երջանիկ կյանքով, ծնողներիդ տեսնել առողջ ու կողքիդ: Երջանկություն կհամարեմ, եթե մեր հավաքականը մտնի Եվրոպայի եւ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլեր: Երջանկություն է, երբ տեսնում եմ մեր ժողովրդի համախմբվածությունը եւ ուրախությունը մեր հավաքականի հաղթանակներով: Դա ինձ համար ամենամեծ ուրախությունն է:
Եկատերինա ՊՈՂՈՍՅԱՆ
mediamax.am