«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը մարտնչել է Լեոնիդ Ազգալդյանի ազատագրական բանակում, մահապարտների ջոկատի ազատամարտիկներից է: Ընդհանրապես, մեր քաղաքում կան մարդիկ` մտավորականներ (բառի ամենաարժեքավոր իմաստով), որոնց արժե հաճախ լսել: Գ. Գինոսյանը ճշմարտություն որոնողներից է, ով, ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ` քաղաքական քննարկումների ժամանակ` չունենալով ամբիցիաներ, փորձում է գտնել ճշմարտությունը: Համարում է, որ երկրի կենսունակությամբ սրտացավ ցանկացած հայ մարդու պետք է մտահոգի իր ազգի հետ կատարվող յուրաքանչյուր իրադարձություն: Առհասարակ կարեւոր է, որ մարդն ուշադիր լինի, եւ կարեւոր է ունենալ ուշադիր քաղաքացիներով պետություն: Գ. Գինոսյանի համոզմամբ` մեր երկրի համար ուղղակի անհրաժեշտություն է ունենալ վերկուսակցական մի շերտ, որն ավելի բարձր կլինի ցանկացած քաղաքական հոսանքից: «Այն օրը, երբ մենք կհասկանանք, որ Հայաստանում ձեւավորվել է վերկուսակցական մտավորականության խավ` ընտրությունները եւ կուսակցական խաղերը, շահարկումները կլինեն երկրորդական եւ որոշիչ դերակատարում չեն ունենա մեր կյանքում»,- ասում է նա` հավելելով, որ մտավորականները պետք է լինեն գուրուների, ուսուցիչների նման, ովքեր ապրում են պարկեշտ, չեն քշում ջիփեր, չեն ապրում դղյակներում, չեն ունենում սուպերմարկետներ, բայց այնքան բարոյական են, որ նրանց առջեւ խոնարհվում են առաջին դեմքերը: Այսինքն` իմաստունների պես, որոնց ականջալուր կլինեն «թագավորներն» ու ժողովուրդը:
– Ձեզ կարելի է հաճախ տեսնել Մաշտոցի պուրակում: Արդյո՞ք համարում եք, որ այգում տիրող ընդվզումը, պայքարը ձեւավորում է վերկուսակցական խավ, մանավանդ, որ ըմբոստացող երիտասարդներին միանում են այնպիսի մտավորականներ, ովքեր ազնիվ են եւ քաղաքական խաղերի մեջ ներգրավված չեն: Այսինքն` զանգված է, որը նաեւ պայքարում է իր սկզբունքների եւ արժեքների համար:
– Անկեղծ ասած` Մաշտոցի պուրակի հետ կապված շատ բան չգիտեմ: Հանրապետությունից բացակայում էի, բայց վերադառնալուց հետո տեղեկացել եմ, թե ով է կանգնած սկզբնաղբյուրում, ինչպես է խնդիրը բարձրացվել, եւ այլն: Պատերազմ տեսած մարդու համար ցանկացած մանրուք կարող է բախտորոշ լինել, թեկուզ, եթե ոչ` իր կյանքի, ապա` իր ընկերների եւ վերջնական հաղթանակի համար: Մի քիչ հետախույզի հոգեբանություն ունենալով` ես շատ ուշադիր եմ ամեն ինչի նկատմամբ եւ ընդհանրապես փորձում եմ բնությունից սովորել: Տվյալ դեպքում երեւում է սառցաբեկորի միայն վերեւի մասը, որն ընդհանուր սառցաբեկորի մեկ երրորդ մասն է: Այսինքն` երկու այդքանն անտեսանելի է, կամ շատ քչերը գիտեն` որտեղի՞ց է ուղղորդվում, ո՞ւմ է դա ձեռնտու, ի՞նչ խաղ է… Բայց եթե խնդիրը կա` դու պարտավոր ես նկատել սառցաբեկորը, եթե, իհարկե, չես ցանկանում, որ նավը խորտակվի: Պատերազմին մասնակցել եմ ոչ սովորական` մտավորականների ջոկատում, որի անմիջական հրամանատարն Ալեքսանդր Թամանյանի թոռն էր, ով կրում էր նույն անուն-ազգանունը. Լինելով Թամանյանի ջոկատի զինվոր` ես բախտ եմ ունեցել ուսումնասիրել, զննել թամանյանական բոլոր ծրագրերը, սկսած 1924-ից. ճարտարապետական եւ առողջապահական խնդիրներից ելնելով` կարող եմ ասել հետեւյալը. Թամանյանը Երեւանի հատակագիծը լոկ որպես ճարտարագետ չէ նախագծել, այլ` քաղաքը նախագծելուց հաշվի է առել աշխարհի բոլոր մեծ քաղաքների փորձը` Նյու Յորք, Փարիզ, Մոսկվա, Լոնդոն, բոլոր այն քաղաքները, որոնք քաղաքաշինության ոլորտում մեծ ձեռքբերումներ են ունեցել: Նա նաեւ ուսումնասիրել է հիդրոմետ իրավիճակային վերլուծությունները եւ հաշվի է առել, թե օրվա որ ժամին եւ տարվա որ եղանակին դեպի Երեւան փչող ինչ քամիներ կան եւ ինչ փոշի, աղբ է ներմուծվում Երեւան: Ծառային պուրակային այն զանգվածի հատակագիծը, որը ստեղծել է Թամանյանը` միայն գեղեցիկ եւ կանաչապատ քաղաքի միտում չի ունեցել: Այդ հատակագիծն ունեցել է քաղաքաշինական շատ լուրջ խնդիր:
– Այլ կերպ ասած` քաղաքը ստեղծվել է` հարմարեցնելով մարդուն: Հաշվի են առնվել մարդու կենսապահովման բոլոր նրբությունները եւ հարմարավետությունը: Մինչդեռ ներկայիս պսեւդոթամանյանական քաղաքը ճզմում է մարդուն:
– Իհարկե, քաղաքը ստեղծվել է քաղաքացուն ծառայելու եւ առողջ քաղաքացի մեծացնելու համար: Թամանյանի նախագծում պատահական ոչինչ չկար, որովհետեւ մինչեւ անգամ Հաղթանակի զբոսայգուն հարող ծառերը, որոնք ոչնչացվեցին` պիտի քաղաքը պահեին փոշուց եւ աղբից: Թամանյանական Երեւանը քմահաճույք չէր, նա իր առջեւ գերխնդիրներ էր դրել, եւ պատահական չէր, որ 1918թ. փոշու մեջ կորած Երեւանը խորհրդային տարիներին դարձել էր վարդագույն քաղաք: Հիմա մենք նորից վայելում ենք այդ փոշին, եւ մեր երեխաներն իրենց շնչուղիներում, կերակրափողում եւ ստամոքսում «վայելում են» այն ամենը, ինչ մենք անկախության տարիներին վաստակել ենք: Վաստակել ենք մեր մտավորականության պարապության, ամենաթողության շնորհիվ, ստամտավորականության առկայության պայմաններում եւ այն քաղաքացիական դիրքորոշման պակասի արդյունքում, որն առկա է այսօրվա մտավորականության մեջ: Կարծում եմ` ամեն մի պուրակի համար պետք է պայքարել: Ով որտեղ կհարստանա, ինչ փող կկուտակի` իրենց խնդիրն է, իսկ պուրակներն ու կանաչ գոտիները Հայաստանի հարստությունն են: Այս պայքարը քաղաքացիական դիրքորոշում է պահանջում, եւ յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ դա վաղվա երեխայի, վաղվա քո սերնդի թիկունքին հարվածող մի դանակ է: Նման անճաշակությամբ Երեւան կառուցապատելու արդյունքում մեր երեխաների մեծ մասն առողջական խնդիրներ է ունենալու, ավելին` ունենալու ենք ճաշակի եւ մշակույթի առումով դեգրադացված սերունդ:
– Քաղաքացիական ակցիաներն ինչ-որ իմաստով մտավորականներին արթնացրին խորը նինջից: Ուշացած չէ՞ արդյոք այս, այսպես ասած` մտավորականության զարթոնքը. Հիմա քաղաքի «փշրանքներն» են մնացել:
– Համամիտ չեմ, որովհետեւ ազգը միշտ էլ մտավորականներ ունենում է: Այլ հարց է, թե հասարակությունն ինչպիսին է, կամ հասարակության մեջ դրված արժեհամակարգն ինչպիսին է: Եթե հասարակությունը պահանջարկ ունի օլիգարխների, բիզնեսմենների, «քցողների», հարկադիր կատարման ծառայողների, դատախազների` դա էլ մենք ունենում ենք: Ժամանակին ԱԺ փոխնախագահն ասում էր` ոչինչ, որ մտավորականները գնում են, ավելի լավ` իրենք թող գնան` նոր մտավորականների աճելու տեղ ենք բացում: Ներկայիս իշխանավորներից էլ ասում են` ոչինչ, թող գնան, հեղափոխական նկրտումներ ունեցողների ցանկության հավանականությունը նվազում է: Նման դիրքորոշումներն ազգի հանդեպ սպիտակ ջարդ է, իսկ ազգին ջարդելու ամենաէֆեկտիվ միջոցը` մտավորականությանը կոտրելն է: Պատահական չէ, որ 1915թ. կոտորածը տեղի ունեցավ սկզբում մտավորականների ջարդով: Ապրիլի 24-ին հավաքեցին Կոստանդնուպոլիսի 600 լավագույն հայ մտավորականներին ու ոչնչացրին: Ցեղասպանությունը շատ երկար է տեւել, բայց մենք նշում ենք ապրիլի 24-ը, ճիշտ այն օրը, երբ գլխատվեց ազգը: Այս իմաստով մենք 20 տարի շարունակ ոչնչացնում կամ գրպանում ենք մեր մտավորականությանը: Այսինքն` քաղաքական խաղերի, շահարկումների մեջ ներգրավելով, եւ ով չի ենթարկվում այդ խաղի կանոններին, փորձում է սկզբունքային մնալ` կոտրում ենք իրեն, այնպես ենք անում, որ հեռանա Հայաստանից, իսկ ով էլ չհեռանալու համառություն ունի` նրա դիմաց փակում ենք ամբիոնները, որպեսզի ժողովրդի համար նա անճանաչ լինի: Պատկերացրեք, Բախի նման մարդը 300 տարի եղել է անճանաչ աշխարհի եւ իր երկրի համար: Այսինքն` վստահ եմ, որ ցանկացած սերունդ ունի իր մտավորականը, որի առջեւ բոլոր ամբիոնները փակված են: Մենք շատ հաճախ չգիտենք, թե ովքեր են ապրում մեր կողքին, եւ ինչ կարող էին անել նրանք ազգի համար: Մենք ուղղակի չենք տեսնում իրենց, իսկ շատերն էլ` ամբիոն չունեն: Իրական պետության, իրական իշխանության գերխնդիրն է, որ իրական, անծախ, անսակարկ մտավորականը ճանաչելի դառնա: Ավելի քան վստահ եմ, որ եթե մարտի 1-ին մենք ունենայինք Թումանյանի, Կոմիտասի նման խոշոր մտավորականներ, ովքեր կասեին` ժողովուրդ, սա մեր կռիվը չէ, եկեք գնանք տուն, ժողովուրդը կհետեւեր այդ կոչին: Մինչդեռ, էնտեղ չկար որեւէ մտավորական, որը լսելի էր, որովհետեւ կամ արդեն ծախված էր, եւ ժողովուրդը չէր ուզում նրա դեմքը տեսնել, կամ էլ` իսկապես կար սկզբունքային մտավորական, բայց ժողովրդի կողմից անճանաչ էր, հետեւաբար` ժողովուրդը չէր ցանկանա նրան լսել:
– Ի՞նչ նկատի ունեք` ասելով, թե մտավորականը պետք է ճանաչելի լինի: Ճանաչելի իշխանությունների՞ «խողովակներով»: Ընդունված է համարել, որ մտավորականն իր ստեղծածով, գործով պետք է ճանաչելի դառնա:
– Իրականում գոյություն ունեն պետական եւ մասնավոր հեռուստաալիքներ, որոնցից շատերը հրաժարվեցին վերկուսակցական մտավորականության մասին խոսել, ասելով` թողնենք ընտրություններից հետո: Իսկ ընտրություններից հետո նույնն է` ինչ ճաշից հետո մանանեխ. արդեն խոսելն ավելորդ է: Պետք է նշեմ, որ, բարեբախտաբար, ես այն մտավորականներից եմ, որի խոսքը լսելի է: Որպես մշակույթի գործիչ` ինձ հրավիրում են մեր մշակութային գործունեությունը ներկայացնելու, որի արանքում հասցնում եմ չոր, սկզբունքային դիրքորոշում արտահայտել: Բայց չեմ հիշում մի լրատվամիջոց, որն ինձ հրավիրել է իմ քաղաքացիական դիրքորոշումը լսելու, վերկուսակցական թեմաներից խոսելու կամ, օրինակ, թե ես ի՞նչ եմ մտածում Մարտի 1-ի կապակցությամբ, ի՞նչ եմ մտածում ապագա ընտրությունների մասին: Նույնիսկ փորձել եմ ասուլիսի միջոցով խոսել, բայց մեկ-երկուսը հրաժարվեցին եւ ինձ ասացին` անիմաստ է, լրագրողները չեն գա, որովհետեւ հրահանգ ունեն` մի շրջան ձեռնպահ մնալ:
– Կարծում եք` այսօր խոսքը, բառը ի զորո՞ւ է իրավիճակ փոխել:
– Անշուշտ: Նժդեհից պետք է մեջբերեմ. «Երբ խոսքդ սրբազնորեն բարձր առարկաների մասին է` խոսքիդ վրա եւ՛ սրտիդ, եւ՛ մտքիդ արյան հետքերը պիտի լինեն»: Հաստատ ժողովուրդը կարոտ է նման խոսքի, եւ կարծում եմ, եթե իշխանավորը տգետ չէ` իրեն էլ է պետք: Այլ հարց է, որ շատ ժամանակ վախենում են` այդ ֆիգուրը, դեմքը կամ երեւույթն այնքան խոշորանա, որ վտանգավոր լինի: Ժողովուրդը հանկարծ մի օր կասի` մենք չենք ուզում լսել ձեզ, այլ ուզում ենք լսել այս մարդու, խմբի տեսակետը: Անհրաժեշտ է հասարակության արժեհամակարգը փոխել, որը 20 տարի շարունակում է խարխլվել: Իրական մտավորականը սրա մասին պետք է մտածի: Յուրաքանչյուր ազգ իր դրոշի վրա պետք է գրի իր հաղթանակը: Մենք գրել ենք` ցեղասպանություն, ու աշխարհով մեկ թափահարում ենք: Ոչ ոք հաշվի չի նստում բռնաբարված ազգի հետ: Ի վերջո, մենք արդեն հաղթող ազգ ենք, եւ ցեղասպանված, բռնաբարված ամոթը մաքրելու ունակ ազգ ենք: Ցեղասպանությունն ինձ համար նախեւառաջ` ազգային ամոթ է, եւ հետո` ողբերգություն, դավաճանություն: Պետք է հասկանանք, որ այն մարդը, հերոսը կամ մտավորականը, որ ծնկի է բերվում եւ գնդակահարվում է` դա մեզնից յուրաքանչյուրի մահն է, եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդվզի. Դա մեր այգին է, մեր ճարտարապետությունն է, մեր մշակույթն է: Վարորդը չպիտի ասի` քանդում են, թող քանդեն: Ես չպիտի ասեմ` ես պարարվեստի մասնագետ եմ, ինձ ի՞նչ, որ Կոմիտաս չի հնչում` Թաթա կամ Վլե է հնչում: Ես շատ չոր դիրքորոշում ունեմ. հանցագործ է այն ղեկավարը, ով իր պաշտոնական հյուրին տանում է ջազ լսելու: Իր անձնական հյուրին նա նույնիսկ կարող է տանել պորտապար դիտելու: Իմ ազգի, իմ պետության հյուրին նա պարտավոր է ներկայացնել իմ մշակույթը: Այստեղից սկսվում է ամեն ինչ. եթե չեմ ընդվզում դրա դեմ` մտածելով` տաքուկ կապրեմ, այստեղ էլ կլռեմ, որպեսզի այն բեմն էլ իմ առջեւ չփակվի, էդ երկու ամբիոնից էլ չզրկվեմ, եւ այլն, ուրեմն` դառնում եմ հերթական ստամտավորականը: Երկրի ղեկավարը պարտավոր է ասել` ես այն հայն եմ, այն ազգն եմ, որն ունի Մաշտոցի շարակնոց: Աշխարհի ամենամեծ գերտերության ղեկավարն անգամ պարտավոր է լսել այն, ինչը մատուցում ես` որպես քո ազգային մշակույթ: Անհարիր մոտեցում է ցանկացած պետական գործչի համար պաշտոնական հյուրին Պիկասոյի կամ Ռեմբրանդտի գործերը ցույց տալ: Դու քո անձնական հյուրին կարող ես նույնիսկ Սովետաշենի աղբանոց տանել, բայց պետական հյուրին, որն ազգի հյուրն է` պարտավոր ես ներկայացնել այն վեհն ու արժեքավորը, որը հազարամյակների ընթացքում ստեղծել է մեր ազգը: Մեզ ճանաչում են ոչ նրա համար, որ մենք ջազ ունենք, այլ պետք է ճանաչեն Մաշտոցով, Նժդեհով` հայի դեմքով:
– Ասում եք` պետք է արժեքային համակարգը փոխել: Տպավորություն է, որ արժեքային համակարգը օդից կախված մի երեւույթ է, որի մասին խոսում են բոլորը: Արժեքային համակարգը փաստաթուղթ չէ, որ դակենք եւ առաջնորդվենք դրանով: Դա անհատի մեջ ձեւավորվող աշխարհընկալում, դիրքորոշում է, որն անցնում է ընտանիքի ինստիտուտով եւ տեղափոխվում է հասարակական կյանք:
– Երբ երկրի առաջին դեմքն իր ելույթի մեջ, հենց այնպես, ամեն անգամ կարժեւորի ազգային մարտիրոսագրությունը, բառացիորեն կցուցադրի Նժդեհի սկզբունքայնությունը կամ կխոսի Կոմիտասի մասին, ում կյանքը մարտիրոսագրություն եւ հերոսագրություն է` հանրությանը կտա հայ մշակույթի բանալին, դա կլինի ազգային արժեհամակարգի ձեւավորման կամք: Մինչդեռ Կոմիտասի անվան շուրջ մի ճամարտակող եթերից հնչեցնում է, թե` ի՞նչ եք կաղապարել մեզ Կոմիտասով. Բաքվից կլկլոցը դեռ ականջում չխլացած մի ռաբիս երգիչ իրավունք ունի հայկական որեւէ մի հեռուստաընկերությամբ նման հայտարարություն անել: Նա իրավունք ունի խոսելու, բայց լուրջ մտավորականը եթերի հնարավորություն չունի: Հանրայինով մի հաղորդում կա, որտեղ կարեւորվում է գզվռտոց սարքելը: Եթե իրական պետություն ես ու գզվռտոցն ապահովելու համար նաեւ ապահովում ես քո իրական, բարձրաճաշակ ազգային դիմագիծ ունեցող մշակույթի պարտությունը, ուրեմն` քո գերեզմանն ես փորում: Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել ազգային արժեհամակարգ, որի ձեւավորման դեպքում այն ազդելու է ներքաղաքական, ներպետական կենսագործունեության վրա: Այդ արժեհամակարգը ձեւավորելու համար անհրաժեշտ է ունենալ վերկուսակցական, լուրջ մտավորականներ, ովքեր կդնեն հարցադրումներ, թե ո՞րն է ազգային արժեհամակարգը, ինչպիսի՞ արժեհամակարգ պիտի լինի պետության մեջ, որը կարող է ձեւավորել վաղվա քաղաքացուն: Մինչեւ մենք չունենանք մեր արժեհամակարգի տեսլականը` մենք մեծ խառնաշփոթի մեջ ենք լինելու: