Մագլցող բուժարարը

10/04/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Հնագույն ժամանակներից բաղեղը համարվել է անմահության, հավատարմության եւ հավերժության խորհրդանիշ։ Բաղեղ սովորականի գիտական անվանումն է` Hedera Helix, արալենիների ընտանիքին (Araliaceae) պատկանող մշտադալար, գեղեցիկ լիանա է (2-15 մ բարձրությամբ), որը վեր է բարձրանում հենարանին, կառչելով օդային արմատների օգնությամբ ծառերի բներին, պատերին, ժայռերին։ Կովկասում ծաղկում է սեպտեմբերին։ Մեղրը համեմատում են լորենու եւ ուտելի շագանակենու մեղրի հետ։ Մեղրը սպիտակ է, արագ բյուրեղացող, անանուխ հիշեցնող համ ու հոտով։ Պատուտակի պտուղները հասունանում են հունվարի մեջ` մինչեւ փետրվար, հանդիսանում որպես հիմնական կեր` ձմեռող թռչունների համար, որոնք տարածում են սերմը։

Տնային պայմաններում կարեւոր է տեղավորել լուսավոր մասում եւ հաճախակի ցայել ջրով, ծաղկամանի հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի։ Բազմանում է 2-3 տերեւ ունեցող շիվով, ցանկալի է, որ շիվը ունենա «օդային» արմատ։ Ձմռանը կարեւոր է պահպանել 10-16 C, առանց մեծ տատանումների, ջրել շաբաթը մեկ անգամ։

Յուրաքանչյուր 2-3 տարին մեկ անգամ պետք է տեղափոխել։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բաղեղի տերեւները, որոնք պարունակում են սապոնին, գեդերին, ինոզիտ, կարոտին, վիտամին E, մրջնաթթու, խնձորաթթու, օլեինաթթու, այլ, ալկալոիդ էմետին, ֆլավոններ, տանին, անտոցիաններ, դաբաղանյութ, խեժ, պեկտին, յոդ։

Բաղեղի պատրաստուկները ունեն հակաբորբոքային, խխահան, քրտնամուղ, վարակամերժ, հակասնկային հատկություններ։

Տերեւներից եւ ընձյուղներից պատրաստված եփուկները օգտագործվում են.

– Հազի, գլխացավի դեպքում,

– Կարգավորում արյունատար անոթների աշխատանքը,

– Որպես տտիպ-կապող միջոց,

– Ինչպես նաեւ ռեւմատիզմի, պոլիպների, կոշտուկների, ուռուցքների, ծայրանդամների, ցավերի դեպքում։

Հետաքրքիր է…

…Բաղեղը գերազանց ձեւով խոնավացնում եւ մաքրում է օդը թույներից, կլանում ծխախոտի ծխի մեջ գտնվող հարյուրներով համբարվող վնասակար նյութերը։

…Բնության մեջ հանդիպում են բաղեղի նմուշահատեր, որոնք ապրում են 350-400 տարի, ունեն ծառի տեսք, բնի տրամագիծը կարող է հասնել մինչեւ 70 սմ։

…Օժտված է հզոր դրական էներգիայով, ունի բարերար ազդեցություն մարդու եւ տան մթնոլորտի վրա։

Զգուշացում։ Պատուտակը թունավոր բույս է, ներքին օգտագործման համար պարտադիր է պահպանել չափաբաժինները։

Գրիպ. Խառնեք բաղեղի տերեւի եւ սխտորի հյութերը (1։1)։ Կաթեցրեք երկուական կաթիլ քթանցքներին` օրը 1-2 անգամ։

Գորտնուկ. Օրը 2-3 անգամ գորտնուկը մշակեք տերեւի թարմ հյութով։

Կոշտուկ. 2-3 թարմ տերեւ ընկղմեք եռջրի մեջ, փափկելուց հետո հանեք, տրորեք։ Ավելացրեք 1 թ/գ ձեթ։ Խյուսը դրեք կոշտուկի վրա, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։

Հազ. Թրմեք 1 ճ/գ թարմ (կամ 1 թ/գ չոր) տերեւը 200 մլ եռջրի մեջ` մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ սնվելուց առաջ։

Ռեւմատիզմ, հոդատապ. Պրոֆեսոր Գ.Վ. Լավրենովը առաջարկում է հետեւյալ դեղատոմսը` 1 ժամ թրմեք 1 ճ/գ մանրացրած բաղեղի տերեւը 400 մլ սենյակային ջերմաստիճանի (եռացրած-հովացրած) ջրի մեջ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց հետո։ Շարունակեք մեկ շաբաթ։

Պեպենի գույնը պարզեցնող թուրմ. 3 ժամ թրմեք 1 թ/գ տերեւը 100 մլ եռջրի մեջ, քամեք թանզիֆով։ Զգուշորեն մշակեք պեպենոտ հատվածները` օրը 2-3 անգամ։

Մազարմատներն ամրացնող.

– Խառնեք 1 ճ/գ բաղեղի եւ 1 թ/գ եղեսպակի տերեւները, 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։

Բամբակե խծուծի օգնությամբ ներմերսեք գլխամաշկի մազարմատներին։ Կատարեք քնելուց առաջ, շարունակեք մեկ ամիս։

Կամ`

– Մեկ ժամ թրմեք 2 թ/գ նիվենու տերեւը 0,5 լ եռջրում։ Քամեք։ Մազերը ցայեք թուրմով։