Բեկումից` ճեղքում

07/04/2012

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շուտով ճեղքում կարձանագրվի: Այս մասին նախօրեին նա հայտարարել է Բաքվում` ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: «Այն ժամանակամիջոցում, երբ ես այստեղ չեմ եղել, կտրուկ տեղաշարժ տեղի չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես եւ նախկինում` ես համոզված եմ, որ բանակցությունների սեղանին են իրականանալի եւ արդարացի առաջարկներ, որոնց վրա համանախագահներն աշխատել են շատ տարիներ, եւ ես մտածում եմ, որ ճեղքումը տեղի կունենա, երբ երկու երկրների նախագահները կզգան, որ կարող են բավականաչափ վստահել մեկմեկու»,- ասել է Բրայզան: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, սակայն դա կախված է նախագահներից, անշուշտ, եւ հասարակություններից: Հասարակությունները եւս պետք է հասկանան, որ պետք է ապրեն միասին»,- հավելել է Բրայզան: