Ո՞րն է շտաբերից ավելի ազնիվ

07/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Խորհրդարանական հինգ կուսակցությունների, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններին մասնակցող «Միավորված հայերի», ՀՀԿ եւ ՀԴԿ ներկայացուցիչները երեկ խորհրդարանում մասնակցեցին ԱԺ նախագահին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով հրավիրված հավաքին: Այդ հավաքին չէր մասնակցում Հայ ազգային կոնգրեսը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը ստորագրեցին ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբ ստեղծելու համաձայնագրի տակ: Այդ համաձայնագրին չմիացավ, սակայն, իշխող ՀՀԿ-ն:

Հիշեցնենք նաեւ, որ Ս.Նիկոյանը ընտրությունների ընթացքը դիտարկող այդ կառույցի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին խորհրդարանական լսումների ժամանակ: Դրանից հետո նա իրեն կից ստեղծվելիք այդ կառույցի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է խորհրդարանական հինգ խմբակցությունների ղեկավարներին: Մի քանի օր առաջ, երբ ստորագրվեց արտախորհրդարանական շտաբ ստեղծելու մասին համաձայնագիրը, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանն ու Արտյուշա Շահբազյանը մեզ հետ զրույցում ասացին, թե դեռ չեն քննարկել Ս.Նիկոյանի հրավերը: Երեկ արդեն պարզ դարձավ, որ խորհրդարանական մոնիտորինգային խմբի աշխատանքներին կմասնակցեն ԱԺ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները: Երեկվա հավաքին մասնակցում էին ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանը, Վահան Հովհաննիսյանը, Հեղինե Բիշարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը: Քննարկման արդյունքում որոշեցին, որ իրենց աշխատանքներին կմասնակցեն եւ իրենց հետ միասին որոշման իրավունք կունենան նաեւ ընտրություններին դիտորդի կարգավիճակ ունեցեղ 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրավիրված էին նաեւ մի քանի երկրների դեսպանատների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ` ԱՄՆ դեսպանատուն, ԵԱՀԿ, ԵԽ, Միջազգային ֆինանսական կորպորացիա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ այլ կառույցներից: Ընդ որում, միջազգային կառույցների ներկայացուցիչները նույնպես կարող են մասնակցել այդ մոնիտորինգային խմբի աշխատանքներին, բնականաբար, առանց որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի: Ինչպես արդեն նշել ենք, ՀԱԿ-ը այս կառույցի աշխատանքներին չի մասնակցելու, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս 3 կուսակցությունների ներկայացուցիչները դեռ իրենց մտադրությունների մասին չեն շտապում հայտնել, բայց մի քանի հարցերին կողմ արտահայտվելու նրանց դիրքորոշումից հասկանալի դարձավ, որ կմասնակցեն:

Երեկվա հավաքի ժամանակ քննարկվեց, մասնավորապես, թե ընտրական գործընթացին վերաբերող ինչ հարցեր են դրվելու այդ խմբի աշխատանքների հիմքում: Մասնակիցներին Ս.Նիկոյանի ուղարկած նամակում նշված է եղել, որ խորհրդակցական մարմինը հիմնականում պետք է իրականացնի «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգը: Եվ Վ.Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ խումբը պետք է դիտարկի` օրենսգիրքը կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ, կիրառման արդյունքում առաջընթա՞ց է արձանագրվում, թե՞ ավելի վատ իրավիճակ է, քան կար առաջ: «Ես չեմ տեսնում մարմին, որը կարող է ընտրական գործընթացները վերահսկել, առավելեւս` ազդել դրանց վրա: Եթե մեկը ընտրակաշառքի կամ այլ խախտման հետ կապված գրավոր դիմում է բերում, հարց է առաջանում, թե ինչու է այստեղ գալիս: Թող գնա Ոստիկանություն, Դատախազություն կամ ԿԸՀ: Բայց եթե այս աշխատանքային խումբը չունի գործիք, որպեսզի վերահսկողություն իրականացնի ընտրական գործընթացների վրա, ապա մենք կվերածվենք ակումբի: Բայց եթե ունենա էլ, դա կնշանակի` վերահսկողություն իրականացնել պետական մարմինների վրա, իսկ դա այս դեպքում ՀՀ Սահմանադրությունից դուրս է: Ես կարծում եմ, որ մենք չպետք է շեղվենք Ձեր նամակում նշված ուղղությունից` Ընտրական օրենսգրքի կիրառման հետ կապված մոնիտորինգից: Դիտարկենք` դրա կիրառման արդյունավետությունը կամ ընդհանրապես կիրառումը կայանո՞ւմ է, թե ոչ»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:

Ս.Նիկոյանը հարց առաջադրեց, թե այդ աշխատանքային խմբի նիստերին լրատվամիջոցներին պե՞տք է հրավիրել: Ն.Զոհրաբյանը չհամաձայնեց` պնդելով, որ լրագրողներն իրենց նիստերին չպետք է մասնակցեն, բայց հետո իրենցից կարող են մեկնաբանություններ ստանալ:

Խորհրդարանական աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված զրուցեցինք ԱԺ նախագահ Ս.Նիկոյանի եւ միջազգային կառույցների որոշ ներկայացուցիչների հետ:

– Պարոն Նիկոյան, մի քանի օր առաջ 4 քաղաքական ուժեր ստորագրեցին խորհրդարանից դուրս ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբ ստեղծելու մասին համաձայնագիր: Չե՞ք կարծում, որ այն ստեղծվում է, որովհետեւ մասնակից ուժերն այնքան էլ չեն վստահում Ձեր նախաձեռնությամբ ստեղծված այս աշխատանքային խմբի գործունեությանը:

– Ես չեմ ուզում որեւէ կառույցի գնահատական տալ: Ես ընդհանրապես ողջունում եմ ցանկացած կառույցի գործունեությունը, եթե տվյալ դեպքում այն կարող է օգտակար լինել: Իսկ այն, ինչ մենք ենք նախաձեռնում, փետրվար ամսից անցել է բազմաթիվ փուլեր` այդ մասին հայտարարել եմ խորհրդարանական լսումների ժամանակ, այդ գաղափարի շնորհանդեսն իրականացրել եմ մարտի վերջին կազմակերպված համապատասխան կոնֆերանսի ժամանակ, քննարկել ենք խմբակցությունների ղեկավարների հետ: Այսինքն` սա արդեն 3-4 ամսվա քննարկումների փուլով անցած գաղափար է, որն արդեն իրականություն դարձավ ու սկսեց աշխատել: ԱԺ նախագահն իրավունք ունի իրեն կից խորհրդակցական մարմին ստեղծել, որն ունի օրենքով նախատեսված որոշակի թույլատրելի իրավունքներ: Եթե քաղաքական ուժերը ցանկություն ունեն շտաբային կառույց ստեղծել եւ միմյանց միջեւ քաղաքական պայքարի երկխոսություն ծավալել, որեւէ խնդիր չեմ տեսնում: Շատ լավ կլինի, որ նման կառույց ստեղծվի եւ ռացիոնալ, իրական գործունեություն ծավալի, չվերածվի քաղաքական հայտարարությունների թատերաբեմի, ինչը մտահոգիչ է: Կյանքը ցույց կտա, թե ով ինչպես կաշխատի եւ ինչպիսի գործունեություն կունենա: Որեւէ մեկին մրցակից կամ վստահության խնդիր ես չեմ էլ ուզում քննարկել: Ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ով ինչ ցանկություններ ունի եւ ինչ է ուզում ստեղծել: Ես գիտեմ, որ կարելի է այս ճանապարհով օգտակար աշխատանք անել: Միջազգային կազմակերպությունները շատ դրական մոտեցում ունեն, նաեւ իրենց աջակցությունն են հայտնել, դուք մասնակցում էիք եւ տեսաք դա: Մասնակցում են քաղաքական ու հասարակական կառույցները: Իսկ եթե մենք նստենք ու հետեւենք, թե ով ինչ գնահատական կտա, ոչինչ չենք կարողանա անել: Մեր առաջ խնդիր կա դրված, եւ այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք:

– Իսկ ՀՀԿ-ն ինչո՞ւ չմիացավ արտախորհրդարանական շտաբին: Իր այդ քայլով կարծես թե ապացուցեց, որ ընտրակեղծիքներն իրականացնողը հիմնականում ինքն է, իսկ մյուսները միավորվում են իր դեմ:

– Դրա համար նորից եմ ասում, որ երբ մի կառույց զբաղված է քաղաքական հայտարարություններով, դրա համար մի նոր կառույց ստեղծել պետք չէ: Դրա համար կան միտինգներ եւ նման այլ միջոցառումներ: 5 տարի ու դրանից առաջ լսել ենք, հետո էլ կլսենք նման հայտարարություններ: Այս դեպքում խոսքը վերաբերում է կոնկրետ գործ եւ ոչ թե` քաղաքական հայտարարություններ անելուն: Ընդ որում, ես չեմ վարելու հաջորդ նիստերը, քաղաքական ուժերն են հերթականությամբ վարելու: Եվ որոշումներ ընդունելու մեխանիզմը, ինձ թվում է, աշխարհի ամենալիբերալ մեխանիզմն է, որ հնարավոր է` գոյություն ունենա:

– Տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն ընտրակաշառքներ են բաժանում: Կառույցը կփորձի՞ կանխել դրանք: Չէ՞ որ դրանք կարող են ընտրությունների արդյունքի վրա մեծ ազդեցություն թողնել:

– Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր որոշեցին, որ այն հարցերի շրջանակը, ինչով մենք պետք է զբաղվենք ու քննարկենք, կորոշվի հաջորդ նիստի ժամանակ:

Կարել Հոֆստրա, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ

– Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահին կից նման կառույցի ստեղծումը:

– Իմ կարծիքով` դա ճիշտ եւ լավ նախաձեռնություն է: Հանդիպումը լավ էր կազմակերպված, ներկայացված էին քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սկզբի համար լավ էր, մյուս հարցերին ավելի ուշ կանդրադառնանք:

– Խորհրդարանից դուրս նույնպես նման կառույց է ստեղծվում: Ձեր գրասենյակը կմասնակցի՞ այդ կառույցի աշխատանքներին:

– Իհարկե, եթե մեզ հրավիրեն, կմասնակցենք:

– Քննարկմանը մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները ընտրակաշառքների մասին խոսեցին: Կոալիցիոն կուսակցությունները նույնիսկ չեն էլ ժխտում, որ այս օրերին ընտրակաշառք` փող, պարարտանյութ, գարի, մուրաբա, ակնոց, նույնիսկ զատիկի համար ձու եւ բրինձ են բաժանում: Պարզապես նրանք դա ոչ թե ընտրակաշառք, այլ բարեգործություն են համարում: Նման պայմաններում հավատո՞ւմ եք, որ այս կառույցը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա:

– Չեմ ուզում հիմա մեկնաբանություններ անել: Այս աշխատանքային խմբում քննարկում են այդ հարցերը, դա պարզապես իմ գործը չէ: Ինչպես տեսաք, իրենք պատրաստվում են գրավոր ներկայացնել, թե ինչ բնույթի եւ բովանդակության հարցեր են քննարկվելու: Ես ինքս որեւէ իրավասություն չեմ տեսնում` իմ կողմից ասել, թե ինչն է լավ, կամ ինչն է վատ: Եվ ընդհանրապես, դուք լավ գիտեք, որ ես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն եմ ներկայացնում եւ ոչ թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: Մենք մոնիտորինգ կամ դիտորդական առաքելություն չենք իրականացնելու:

– Մեր իշխանությունները հայտարարում են աննախադեպ արդար ընտրություններ անցկացնելու մասին: Գոյություն ունեցող իրավիճակում Դուք հավատո՞ւմ եք այդ խոստումներին:

– Ես լսել եմ բոլոր այդ դրական հայտարարությունների մասին: Հայաստանում աշխատում եմ արդեն 6,5 տարի, Հայաստանի հարցերին առնչվում եմ 12 տարի եւ Հայաստանի ընտրական շատ գործընթացների միջով եմ անցել: Նախկինում եղել են հուսահատության դեպքեր: Սակայն հուսով եմ, որ այս անգամ արդար ժողովրդավարական ընտրություններ կլինեն: Եվ կան նշաններ, որոնք ցույց են տալիս, որ այս անգամ այդպիսին կլինի: Իրավապահների, Ոստիկանության, Դատախազության կողմից հասարակության հետ միջոցառումներ են կազմակերպվում, ներկայացնում են իրենց աշխատանքը, պարզաբանումներ են տալիս, թե ինչպես իրենց դժգոհությունները ներկայացնեն: Հասարակական կազմակերպություններն են ակտիվորեն աշխատում, համացանցը, սոցիալական ցանցերը շատ հնարավորություններ են ընձեռում: Հիմա ավելի շատ հնարավորություններ կան:

Քրիստոֆեր Անդերսեն
, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու

– Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում այս կառույցի ստեղծումը:

– Լավ նախաձեռնություն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները միասին աշխատում են: Նաեւ քաղաքացիական հասարակությունն է ներգրավված այդ հսկողության իրականացման աշխատանքներում:

– Խորհրդարանից դուրս էլ է նման մի կառույց ստեղծվել: Ինչպե՞ս եք գնահատում այն, եւ հնարավո՞ր է, որ մասնակցեք նաեւ նրանց աշխատանքներին:

– Այդ կառույցից մենք դեռ հրավեր չունենք, իսկ խորհրդարանը պետական կառույց է եւ պաշտոնապես ներկայացնում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչներին: Մյուսի հետ կապված` դեռ չգիտեմ, թե ինչպիսին կլինի: Ուզում եմ նաեւ նշել, որ մենք այստեղ որպես դիտորդ ենք ներգրավված: Հայաստանի հասարակությունն ու կուսակցությունները պետք է իրենց ակտիվ մասնակցությունը բերեն այս գործընթացին:

– Հավատո՞ւմ եք ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե այս ընտրությունները լինելու են աննախադեպ ազատ ու արդար:

– Ազատ եւ արդարացի ընտրությունների համար կարեւորվում է այն հանգամանքը, թե իրավապահներն ինչպես են արձագանքում միջադեպերին, խախտումներին, դժգոհություններին, մեղադրանքներին: Ի՞նչ քայլեր կձեռնարկեն, կամ կապահովվի՞ օրենքների կիրառումը, ինչպիսի՞ քայլեր կձեռնարկվեն դատարանների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում ընտրատեղամասերից դուրս մինչեւ ընտրությունները, նույնքան կարեւոր են, ինչքան` այն, ինչ տեղի է ունենում ընտրատեղամասում քվեարկության օրը: Եվ մենք աշխատում ենք իրավապահների հետ, որ նրանք խրախուսեն մարդկանց, որ խնդիրներ լինելու դեպքում աշխատեն իրենց հետ, ներկայացնեն իրենց դժգոհությունները:

– Ի՞նչ նշանակություն ունեն այս ընտրությունները Հայաստանի համար, անցած ընտրությունների համեմատ ի՞նչ տարբերություն կա:

– Հայաստանում ազատ, արդար ընտրությունների անցկացումը չափազանց կարեւոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, ուստի մենք ուշադիր հետեւում ենք այս ընտրությունների ընթացքին: