Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հավատում է, որ ժամանակի ընթացքում Հայաստանում տիրող իրավիճակը կփոխվի դեպի լավը, եւ նորից կսկսեն իշխել բարոյական նորմերը: Նրա խոսքով` մեր երկրում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ. «Այսօր Հայաստանը, ինչպես բազմաթիվ այլ զարգացող երկրներ, ծանր ժամանակաշրջան է ապրում` կապված համաշխարհային ճգնաժամի եւ այլ երեւույթների հետ: Բավականին բացեր կան գրեթե բոլոր ոլորտներում: Գուցե եւ բոլորս էլ տեսնում ենք այդ բացերը, բայց քանի՞սս ենք նպաստում, որ թերությունները նվազեն: Այսօր լուրջ խնդիր է արտագաղթը, որի հիմքում ընկած են տնտեսական ծանր վիճակը եւ Հայաստանում ոչ բավարար չափով կրթություն ստանալու հանգամանքը: Մարդիկ մեկնում են Հայաստանից օտար երկրում ապրուստ վաստակելու կամ, ասենք` բարձրագույն կրթություն ստանալու համար եւ այլեւս չեն վերադառնում: Պետք է փորձեն հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով` կանխել այս ամենը, խթանել բոլոր ոլորտների զարգացմանը, որպեսզի մեր երկրի քաղաքացին կարողանա իր հայրենիքում ինքնադրսեւորվել»,- ասում է նա: Հարցին, թե ի՞նչ պետք է անել այդ խնդիրների լուծման համար, քանի որ պարբերաբար դրանց կարեւորությունն ընդգծվում է, սակայն որեւէ քայլ չի կատարվում, Գ. Նուշիկյանը պատասխանեց. «Նախեւառաջ բարեփոխումներ իրականացնելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է սկսի հենց իրենից: Ես իմ անցած ուղով այնքանով եմ հպարտ, որ մշտապես աջակցել եմ ժողովրդին: Ու այսօր, անկախ այն հանգամանքից` կդառնա՞մ պատգամավոր, թե՞ ոչ, միեւնույն է` ես շարունակելու եմ իմ գործունեությունը եւ կուզենայի, որ բոլորն այդպես վարվեին. Ոչնչով մի պայմանավորեք բարեգործությունը, ներդրումը, աջակցությունը: Այսօր մենք մի շատ կարեւոր խնդիր էլ ունենք` մենք միասնական չենք: Շատ կարեւոր է, որ մեր հասարակության անդամները միմյանց նկատմամբ հանդուրժողական լինեն եւ փորձեն լսել, հասկանալ միմյանց: Առանձին անհատները չեն կարող ստեղծել կայուն զարգացման եւ առաջընթացի համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Այդ գործում հարկավոր է հասարակության ակտիվ ներգրավվածությունը: Պետք է հավատանք եւ մեզ շրջապատող իրականությունը փոխենք դեպի լավը»: