ՀՀԿ-ն հիշեցնում է Օսկանյանին

07/04/2012

«Առիթ ունեցա ըմբոշխնելու պաշտոնաթող արտգործնախարարի մտքի գոհարները եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ քաղաքական դեմագոգիան կարող է սահմաններ չունենալ»,- մեկնաբանելով ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի երեկվա` «Իրավիճակի անատոմիան» վերտառությամբ հոդվածում տեղ գտած հայտարարությունները, panorama.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Վ. Օսկանյանն իր հոդվածում անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին` նշել էր. «Այս չորս տարիներին մենք ոչ միայն դոփել ենք տեղում, այլեւ մի շարք ուղղություններով նահանջ ենք ապրել»: Ըստ Շարմազանովի` ՀՀԿ-ն նույնպես գիտակցում եւ տեսնում է երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը` վստահեցնելով, որ ՀՀԿ-ն գիտի դրանց հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը: «Մի բան միանշանակ է, հաստատ դրա իրականացնողը Օսկանյանը չէ: Երբ հետեւում ես Վ. Օսկանյանի գործելաոճին, տպավորություն է ստեղծվում, թե նա մոռանում է, որ հանդիսանում է մի կուսակցության անդամ, որը շուրջ 5 տարի պատասխանատու է մեր երկրի քաղաքական եւ տնտեսական ողջ կուրսի համար: Իսկ եթե դա ինքնադատություն է, ապա նա պետք է ֆիքսի, որ այդ ինքնադատությունն ուղղված է նաեւ իրեն»,- ասել է ՀՀԿ խոսնակը: Նաեւ հավելել է. «Պարոն Օսկանյանը միտումնավոր կամ ոչ միտումնավոր չի անդրադառնում այն ոլորտին, որը տարիներ շարունակ ինքն է գլխավորել, չի անդրադառնում այն ձեռքբերումներին, որոնք արձանագրվել են այս 4 տարիների ընթացքում: Նա չի «հիշում», որ ի տարբերություն իրեն, ով ճանաչում էր Կարսի պայմանագիրը, Հայաստանի իշխանությունները արժանապատիվ քայլ իրականացրեցին` նախաձեռնելով հայ-թուրքական պրոցեսը: Դրա արդյունքում, Հայաստանին ողջ աշխարհը որպես տարածաշրջանային գործոն է ընդունում, վստահելի գործընկեր»: Շարմազանովը նաեւ հիշեցրել է, որ Վ. Օսկանյանը ժամանակին բանակցում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, դրանով իսկ նպաստելով Թուրքիայի` ԼՂ հարցում ներգրավվածության հարցում, իսկ, «ի տարբերություն իրեն, երկրի ղեկավարը ամենաբարձր ամբիոններից հայտարարում էր Թուրքիայի` ԼՂ հարցում ներգրավվածություն ունենալու անթույլատրելիության մասին»: «Ի տարբերություն Վ. Օսկանյանի, ով Արցախի հարակից տարածքները որպես «օկուպացված տարածք» էր հայտարարում, ՀՀԿ-ն գտնում է, որ այդ տարածքների ու առհասարակ Արցախի սահմանների հարցը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Այս ամենն ապացուցում է, որ այդ մարդու մոտ կարոտախտ կա իր պաշտոնի նկատմամբ»,- նշել է ՀՀԿ խոսնակը: