Ընտրությունների նախաշեմին, կամա թե ակամա, ցանկացած իրադարձություն դիտարկվում է ընտրական պրիզմայով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի ունեցած
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը նույնպես, ակամայից, ընկալվում է նախընտրական պրոցեսների համատեքստում:
Հանուն արդարության` նշենք, որ նման քննարկումներ պարբերաբար կազմակերպվել են. դա նորմալ աշխատանքային պրոցես է։ Սակայն այս անգամ վարչապետն ինքն է ՓՄՁ ոլորտին առնչվող ծրագրերին քաղաքական նշանակություն տվել։ «Այս խորհուրդը մեծ առաքելություն ունի` խթանել Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: Հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետեւ, եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն: Դրա համար մենք խնդիրը դիտարկում ենք ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական տեսակետից»,- ասել է նա։
Ինչպես տեսնում եք, վարչապետը նկատի է ունեցել ոչ թե բուն ընտրությունները, այլ ընդհանրապես՝ քաղաքացիական հասարակության եւ երկրի ժողովրդավարացմանն առնչվող ավելի գլոբալ հարցեր։
Սակայն ընտրությունների մասին չհիշատակելը չի նշանակում, որ սա ամենեւին կապված չէ ընտրական գործընթացների հետ, թեկուզ անուղղակիորեն։ Բանն այն է, որ ՓՄՁ ոլորտում ներգրավված մարդկանց բազմությունը, թերեւս, ամենալայն ընտրազանգվածն է։ Կոնկրետ վիճակագրություն չկա, սակայն մոտավոր հաշվարկներ կատարել կարելի է։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն` գրանցված են շուրջ 80 հազար անհատ ձեռնարկատերեր։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ խոշոր շրջանառությունը «թաքնվում» է մի քանի անհատ ձեռնարկատերերի ետեւում, սակայն ԱՁ-ների մեծ մասը փոքր բիզնես են։ Փոքր բիզնեսին կարելի է դասել նաեւ շուրջ 8000 ընտանեկան եւ անհատական ձեռնարկություններին, 44-45.000 ՍՊԸ-ների մի մասին։ Կարճ ասած, անգամ ամենահամեստ հաշվարկով ՓՄՁ ոլորտն իր մեջ ընդգրկում է մի քանի հարյուր հազար ընտրող, եթե հաշվի առնենք ոչ միայն բիզնեսի սեփականատերերին, այլեւ աշխատակիցներին եւ ընտանիքի անդամներին։ Այս մարդկանց խնդիրները լուծելը, կամ գոնե` լրացուցիչ խնդիրներ չստեղծելը, կարող է լուրջ քվե ապահովել ցանկացած իշխանության համար։ Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը կարեւոր է ոչ միայն քաղաքացիական հասարակության ձեւավորման համար, այլեւ լուրջ հիմք է կայունության, հնարավոր սոցիալական ընդվզվումից խուսափելու համար։ Իսկ դա, բնականաբար, ձեռնտու է իշխանությանը։
Ինչեւէ, անկախ դրդապատճառներից, այս իշխանությունը միշտ խոսել է ոլորտին աջակցելու անհրաժեշտության մասին եւ համոզել, որ այդ ուղղությամբ քայլեր արվել են։ Այս անգամ էլ վարչապետը կրկին խոսել է ՓՄՁ զարգացման մասին` նշելով. «ՓՄՁ-ների զարգացման համար պարտավոր ենք ստեղծել ամուր հիմքեր: Համոզված եմ` մեր համատեղ աշխատանքը ցույց կտա այն ուղիները, թե ինչպես պետք է լուծել մեր առջեւ դրված խնդիրը»։ Ինչպես նշված է Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության հաշվետվությունը` կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ կառավարությունը սուբսիդավորում է ՓՄՁ-ների էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու ծախսերը: Մասնավորապես, 13 հազար 500 դրամի փոխարեն` այն հնարավոր կլինի ստանալ 3 հազար 500 դրամով: Ասել, որ սա մեծագույն օգնություն է ԱՁ-ների համար, որոնց մեծ մասը չգիտի անգամ, թե ինչ ասել է` էլեկտրոնային ստորագրություն, չափազանցված կլինի։
Իրականացվելիք քայլերից մյուսը, սակայն, բավականին պահանջված է։ Պարզեցվելու է նաեւ բազմաբնակարան շենքերում բնակարանները ոչ բնակելի տարածքի փոխելու ընթացակարգը` որպես տարբեր տիպի գրասենյակներ օգտագործելու համար: Գրասենյակային տարածքների փոփոխումը բնակարանների եւ հակառակը կկատարվի համայնքի ղեկավարի որոշման հիման վրա, սակայն, ավելի պարզ ընթացակարգով: Բարեփոխման նպատակն է` պարզեցնել համապատասխան ընթացակարգերը եւ բիզնես իրականացնելու տեսանկյունից վերացնել լրացուցիչ խոչընդոտները:
Հաջորդ հարցը նույնպես կարեւոր է, սակայն դժվար է ասել, թե որքանով է այն առնչվում փոքր ու միջին բիզնեսին։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկվելու են հավաքական բեռների արտահանման ձեւակերպումների ընթացքում խոչընդոտ հանդիսացող դեպքերը` առկա խնդիրները կարգավորելու նպատակով: «Քննարկվել է նաեւ «ՀՀ մաքսային տարածքով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերանայման նպատակահարմարության հարցը: Առաջարկվել է համապատասխան փոփոխությունների միջոցով պարզեցնել բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, եւ Հայաստանով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: Խոշոր բեռնափոխադրումներով, ինչպես հայտնի է, զբաղվում են ոչ փոքր եւ ոչ պատահական սուբյեկտները։ Չնայած սրան, ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երեկվա նիստը գոնե անհասկանալի չէր, ինչպես նախկինում։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին նույնպես տեղի էր ունեցել նմանատիպ նիստ, որտեղ վարչապետն իր խոսքում անդրադարձել էր 12 դրույթի: Տարօրինակն այն էր, որ ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում հնչած այդ 12 դրույթներից առնվազն 10-ը ոչ մի կապ չունեին փոքր ու միջին ձեռնարկատիրության հետ: Օրինակ, վարչապետը խոսել էր երկու միլիոն դրա «Շքեղության հարկի» մասին։ Հաջորդ թեզերը վերաբերում էին խաղատների, վիճակախաղերի ու նման բիզնեսների հարկմանը, մյուս թեզն ուղղակի վերաբերում էր խոշոր բիզնեսին («Խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ»,- ասել էր Տ. Սարգսյանը), հաջորդը` հանքաքարի ու մետաղների արտահանմանը, եւ այսպես շարունակ։
Ահա վերը նշվածի համեմատ երեկվա նիստը մի քիչ ավելի ընկալելի էր։ Ճիշտ է, տեղեկատվությունը ժլատ էր, սակայն թեմայից դուրս թեզեր այս անգամ գրեթե չկային։ Մնում է սպասել, թե Հայաստանի փոքր ու միջին բիզնեսը ե՞րբ կզգա այդ նիստերի դրական արդյունքը, կամ կզգա՞ արդյոք։ «Եթե ցանկանում ես ունենալ փոքր բիզնես, հիմնիր միջին բիզնես եւ զինվիր համբերությամբ». այս կեսկատակ աֆորիզմը, ցավոք, այսօր լավագույնս է բնութագրում ՀՀ ՓՄՁ դաշտի իրական վիճակը։ Փոքր բիզնեսմենները ավելի շատ ակնկալում են, որ պետությունը գոնե իրենց համար խնդիրներ չստեղծի։