Թիվ 4 ընտրատարածքում ՀՀՇ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե այս պահին որեւէ ենթաշտաբ իր ընտրատարածքում չունի: «Մեկ ամիս է` փնտրում ենք տարածքներ: Բոլոր այն տարածքները, որոնք հայտարարված են, եւ գրված են, եւ ինտերնետում, որ վաճառվում են կամ վարձով են տրվում, դիմել ենք շուրջ 30 հայտարարության տերերի, մարդիկ սկզբից համաձայնվում են: Մեկ օր հետո երբ գնում ես, պայմանավորվում ես կամ ասում ես` ինչի համար է եւ ովքեր, սկսում են խեղճանալ, նվնվալ, ասել, որ խոչընդոտում են, որ իրենց թույլ չեն տալիս, որ իրենց հերը կանիծեն, եթե այդպես լինի, եւ արդյունքում` չունենք ոչ մի տարածք»,- ասել է թեկնածուն: Ըստ Արամ Մանուկյանի` տարածքների տերերը չեն թաքցնում տարածքները չտրամադրելու պատճառները: «Եվ իրենք ասում են, թե ովքեր են այդ խոչընդոտողները` դա կարող է լինել Հարկայինը, թաղապետարանը կամ Ոստիկանությունը: Մարդիկ ուղղակի անկեղծորեն ասում են, թե ինչու չեն կարողանում տարածք տալ»,- ասել է նա: Նրա խոսքով` իշխանությունները փոխել են պայքարի մեթոդը. «Բաց պայքարի մեթոդը իջեցրել են ընդհատակ, խուլ, փակ, գաղտնի մեթոդներով են պայքարում: Չգիտեմ ինչու` վախեցած են, որ ես ընտրատեղամասեր, շտաբներ ունենամ, իրենց համար դժվար կլինի: Անկեղծ ասած` ճիշտ են անում, որ վախենում են, բայց որ այս աստիճանի, չէի պատկերացնում»,- ասել է Ա. Մանուկյանը: Այդուհանդերձ, նա վստահ է, որ դա չի ազդի իր քարոզարշավի ընթացքի վրա. «Ժողովուրդը ինձ էլ գիտի, հանդիպման հնարավորություններն էլ ունեմ, տնետուն հանդիպելու եմ բոլորին, վրանում կանեմ, փողոցում կանեմ, դա խնդիր չէ»: Արձագանքելով տարածքներ չտրամադրելու վերաբերյալ իշխանությունների հասցեին Ա. Մանուկյանի հնչեցրած մեղադրանքներին` ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Միգուցե ինքը չի պատրաստվում այդ տարածքների համար վճարել տերերին, եւ նրանք հրաժարվում են տարածքները տրամադրել: Իշխանությունը որեւէ ձեւով, որեւէ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի ընդհանրապես չի խոչընդոտում եւ չի էլ խոչընդոտելու»: Ի դեպ, երեկ թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը հանդիպում է ունեցել դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին եւ Դիանե Տեցինիին, որի ընթացքում քննարկվել են նախընտրական զարգացումներին առնչվող հարցեր: Ավետ Պողոսյանը դիտորդներին տեղեկացրել է ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտությունների մասին, մասնավորապես, այն մասին, որ կոնկրետ թիվ 6 ընտրատարածքին առնչվող ընտրացուցակները ավելացվել են 4000 ընտրողով, եւ որ ընտրացուցակներում ընդգրկվել են գոյություն չունեցող հասցեներ: Նա նաեւ տեղեկացրել է դիտորդներին, որ ՀԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածուները խնդիրներ են ունենում նախընտրական շտաբների համար տարածքներ վարձելու հարցում, մասնավորապես, տարածքների տերերը ենթարկվելով ինչ-ինչ ճնշումների` վերջին պահին հետ են կանգնում նախնական պայմանավորվածություններից եւ հրաժարվում են տարածք տրամադրել ընդդիմությանը: Պողոսյանն առաջարկել է նաեւ դիտորդներին` քվեարկության օրը տարբեր տեղամասերով շրջելու փոխարեն, մեկական դիտորդներ թողնել մեկ տեղամասում, ովքեր այնտեղ կգտնվեն տեղամասի բացման պահից սկսած` մինչեւ ձայների հաշվարկի ավարտը: