«Ամենակարեւորը լրագրողի պատասխանատվությունն է»

07/04/2012

ԶԼՄ-ի հարցերով զբաղվող իրավաբան, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, «Doughhty Street Chamber» ընկերության անդամ Գեւին Միլլերն արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Նա մասնագիտացած է լրատվամիջոցների օրենսդրության, մասնավորապես` խոսքի ազատության պաշտպանության, ինչպես նաեւ` մարդու իրավունքների հարցերով` միջազգային չափորոշիչների շրջանակում: Բրիտանացի փաստաբանն իր գործունեության ընթացքում պաշտպանել է հրատարակիչների, լրագրողների ու այնպիսի լրատվամիջոցների, ինչպիսիք են` BBC-ն, «The Times»-ը, «The Gardian»-ը, «The Telegraph»-ը, ինչպես նաեւ մի քանի ամերիկյան հրատարակողների` «Wall Sreat Journal»-ի իրավունքները: Օքսֆորդի համալսարանի հրատարակության միջոցով տպագրել է «ԶԼՄ օրենսդրություն եւ մարդու իրավունքներ» գիրքը: Այժմ գրում է հետաքննական լրագրության մասին իր մյուս գիրքը: Մեդիա փորձագետի առաջին այցը Հայաստան 6 տարի առաջ էր, երբ ԵԽ-ն ՀՀ իշխանություններին հորդորում էր ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը: Նա եկել էր հանդիպելու հայ պաշտոնյաների հետ` դիտարկելու զրպարտության մասին օրենքը, բացատրելու, թե ինչու է հավանական Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում/ոտնահարումը, երբ լրագրողներին դատապարտում են: Դա զրպարտության մասին օրենքը Քրեական օրենսգրքից Քաղաքացիական օրենսգիրք տեղափոխելու սկզբնական փուլն էր:

– Հաճախ է պատահում, որ պաշտոնյաները հրաժարվում են ինֆորմացիա տրամադրել, եւ նյութը միակողմանի է ստացվում: Արդյունքում` լրագրողին մեղադրում են զրպարտության մեջ, եւ լրատվամիջոցը ստիպված է դատարանում մեծ հարկեր վճարել: Մյուս կողմից, պաշտոնյան մեծ վնաս է հասցնում հասարակությանը: Ո՞րն է զրպարտությունը եւ արդյո՞ք շատ են զրպարտության հարցերով դատական գործերը Մեծ Բրիտանիայում:

– Մեծ Բրիտանիայում, ինչպես եւ ԱՄՆ-ում ու մի քանի արեւմտաեվրոպական երկրներում մենք ունենք զրպարտության մասին ազգային օրենսդրություն: Ունենք մեր սեփական օրենքները եւ չենք առաջնորդվում միջազգային կոնվենցիաներով: Մեր օրենքները թույլ են տալիս լրագրողներին ու հասարակության մյուս անդամներին տեղեկատվություն ստանալ կառավարությունից ու պաշտոնյաներից: Դա շատ օգտակար գործիք է անգլիացի լրագրողների համար` իրենց հետաքննությունն անցկացնելիս: Ամեն ինչ հստակ է, նախքան նրանք զրպարտիչ հայտարարություն կհրապարակեն պաշտոնյայի մասին: Ինձ թվում է, որ Հայաստանը խոսքի ազատության հստակ օրենքի կարիք ունի: Լրագրողներն այն կարող են օգտագործել` տեղեկատվություն պահանջելիս պաշտոնյայից, քաղաքական գործիչներից` իրենց հրապարակային գործունեության մասին, թե ինչ ծախսեր, ինչ բիզնես գործարքներ են անում, ինչ արժեն կառավարական պայմանագրերը: Նույնիսկ Անգլիայում լրագրողները չեն կարողանում ստանալ այն տեղեկատվությունը, որի կարիքն ունեն: Այս իմաստով արտահայտվելու ազատության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նյութ գրելիս կարող է պաշտպանել լրագրողներին, բայց լրագրողը պետք է լինի ուշադիր, պատասխանատու` քաղաքական գործչի մասին ձեւակերպումներ անելիս: Լրագրողները պետք է գրեն նյութը` գիտակցելով, որ իրենք դեռեւս չունեն մնացած տեղեկատվությունը ստանալու հնարավորություն, եւ չեն կարող բացերը լրացնել` հորինելով, թե ինչպիսին կուզեին, որ լինեն փաստերը: Լրագրողները հոդվածներ են գրում` հետագա քննարկման, հետաքննության համար հարցեր բարձրացնելով, քաղաքական գործչի դեմ` հստակ փաստերով ներկայացնելով, թե ինչ է արել, ինչ սխալներ է թույլ տվել այս կամ այն քաղաքական գործիչը: Հետադարձ հայացք գցելով Ուոթերգեյթի դեպքին ԱՄՆ-ում` տեսնում ենք, որ ճշմարտությունը բացահայտվում է վերջում` կաթիլ առ կաթիլ հավաքվելով հասարակական քննարկումներում: Յուրաքանչյուր հոդված բացահայտում է մի նոր տեղեկատվություն: Եթե իբրեւ լրագրող դու ասում ես` ես կասկածում եմ, որ սա է տեղի ունենում, քո հետաքննությունն անցկացնելիս քո հոդվածի հետքերով որեւէ մեկը կգա ու կասի` ես գիտեմ սրա մասին, արի քեզ տամ նոր տեղեկատվություն այդ մասին: Հետո կգա մեկ այլ անձնավորություն եւ կտա մեկ այլ տեղեկատվություն: Եվ դու պետք է դա անես աստիճանաբար, փուլ առ փուլ եւ հասնես ճշմարտության բացահայտմանը ոչ թե միանգամից` հենց առաջին հոդվածով, այլ նույն թեմայի մասին հոդվածների շարքով: Սա այն է, ինչ անում են լրագրողները Մեծ Բրիտանիայում, եւ սա լրագրողների լավ պրակտիկա է` չգրել հիմնված միակ փաստի վրա, այլ` մի շարք փաստերի համադրմամբ: Սա լրագրողական հմտություն է, պատասխանատու լրագրողի հմտություն:

– Այս անգամ Հայաստանում եք ՀՀ-ում ընտրությունների լուսաբանման բարելավմանն ուղղված դասընթացի համար: Ընտրությունների ժամանակ Մեծ Բրիտանիայում ինչպիսի՞ դեր ունեն լրատվամիջոցները, եւ ինչպիսի՞ն է նրանց դերը Հայաստանի պես փոքր երկրներում:

– Լրագրողի դերը հասարակությանը որքան հնարավոր է շատ տեղեկատվություն տալն է թեկնածուների քաղաքական դիրքի, նրանց վարած քաղաքականության վերաբերյալ եւ հենց թեկնածուների մասին: Հատկապես կարեւոր է, որ լրագրողները փորձեն հասնել հավասարակշռության` հրապարակելով բոլոր թեկնածուների մասին: Սա բխում է ժողովրդավարության սկզբունքներից: Սա Մեծ Բրիտանիայում խիստ պահանջ է հեռուստատեսության ու ռադիոյի լրագրողների համար: Այն պարտադիր չէ տպագիր մամուլի համար, բայց նրանք էլ են գիտակցում հավասարակշռված լուսաբանման անհրաժեշտությունը: Անառողջ է եւ ժողովրդավարության շահերից չի բխում գրել միայն իշխանության թեկնածուների վերաբերյալ, ովքեր փորձում են մնալ իշխանության մեջ: Նրանք պետք է հրապարակեն նաեւ ընդդիմադիր թեկնածուների մասին, թե ինչ են նրանք ասում, ինչպես են քննադատում իշխանության վարած քաղաքականությունը: Լրագրողների խնդիրն է` բացահայտել թերություններն ու ցուցահանել դրանք: Սա շատ կարեւոր է: Մեծ Բրիտանիայում մենք ընտրությունների վերաբերյալ 24-ժամյա լրատվական թողարկումներ ունենք, եւ դա անընդմեջ է: Եվ շատ դեպքերում, Մեծ Բրիտանիայում ոչ թե քաղաքական գործիչները, այլ լրագրողներն են թելադրում լուրերի օրակարգն ընտրությունների ժամանակ: Սա է առանցքային տարբերությունը Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Լրագրողների դերը պարզապես քաղաքական գործչի պրոպագանդումը չէ, կամ` փոխանցելն այն ամենն, ինչ ասում է քաղաքական գործիչը` առանց քննադատության: Հատկապես համապետական ընտրությունների ժամանակ կարեւոր է, որ լրագրողը վերլուծի ու քննադատի այն ամենը, ինչ ասում են թեկնածուները, ժողովրդավարական երկխոսության առաջ քաշի նրանց եւ ստիպի պատասխանել:

– Իսկ ինչպիսի՞ն է լրատվամիջոցներին վերահսկող մարմնի` ՀՌԱՀ-ի դերը ընտրական գործընթացների լուսաբանման հարցում:

– Կարծում եմ` շատ դժվար է արդյունավետ կերպով վերահսկել, թե ընտրությունների ժամանակ ինչ է հեռարձակվում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով` որոշելու, թե արդյո՞ք արդար ու հավասարակշռված է: Սա մեծ խնդիր է. այդ ընթացքում ահռելի չափով նյութ է հեռարձակվում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, քանի որ ընտրությունները հասարակական մեծ կարեւորություն են ներկայացնում: Հիմնական պատասխանատվությունը պետք է ընկնի հաղորդումների խմբագիրների վրա: Նրանք են, որ պետք է դիտարկեն, թե ինչ եւ ինչպես է լուսաբանվում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Մեծ Բրիտանիայում նրանք պետք է խստորեն հետեւեն եթեր հեռարձակվող հաղորդումների հավասարակշռվածության ու անկողմնակալության վերաբերյալ խմբագրական կանոններին, որը պարտադրված է կարգավորող մարմնի կողմից: Եվ եթե նրանք ձախողեն, պետք է հաշվի նստեն իրենց գործատուի հետ, ով հետեւում ու վերահսկում է: Դա նշանակում է հեռարձակող կազմակերպության ներսում գիտակցել, որ հիմնարար կարեւորություն ունեցող հարց է, որպեսզի խմբագիրները հասնեն լուսաբանման հավասարակշռության: Բայց կարծում եմ` իսկապես պատասխանատվությունն ընկնում է հեռարձակողի վրա: Կարեւոր է նաեւ, որ մարդիկ կարողանան բողոք ներկայացնել կարգավորող մարմնին, երբ լուսաբանումը չի համապատասխանում չափանիշներին, եւ բողոքները կարող են արագ կերպով ուսումնասիրվել` արդյո՞ք հեռարձակված հաղորդումները անկողմնակալ ու հավասարակշռված են եղել: Մեծ Բրիտանիայում կարգավորող մարմինը շատ արագ կերպով արձագանքում է բողոքներին եւ կարող է նախազգուշացում տալ, որպեսզի հետեւի խմբագրական կանոններին: Այս ամենը պետք է արվի անհապաղ կերպով: Եվ ես չգիտեմ, թե ինչի են պետք օրենքներն ու մեթոդոլոգիա մշակելը, որով հանձնաժողովը պետք է վերահսկի ու հավաքի տեղեկատվություն ընտրությունից հետո: Ամենակարեւորը լրագրողների պատասխանատվությունն է:

– Արդյո՞ք Մեծ Բրիտանիայում էլ լրագրողները, խմբագիրներն ու լրատվամիջոցների ղեկավարներն առաջադրել են իրենց թեկնածությունը ընտրությունների ժամանակ, եւ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Լրագրողները դառնում են պատգամավոր, բայց ոչ խմբագիրներն ու լրատվամիջոցների ղեկավարները: Տարբերություն կա խմբագիրների ու լրագրողների միջեւ: Անգլիայում այնքան էլ տարածված չէ, որ լրագրողները դառնան քաղաքական գործիչ: Հատկապես քաղաքական թեմաներով գրող որոշ լրագրողներ, ովքեր խորագիր վարողներն են, մեկնաբանողներ, դարձել են պատգամավոր: Այդպիսի մի քանի օրինակներ կան: Պատճառ չկա, թե ինչու նրանք չպետք է դնեն թեկնածությունը, դա նրանց իրավունքն է` որպես քաղաքացի, բայց մտահոգությունն այն է, որ եթե խմբագիրներն ու լրատվամիջոցների ղեկավարները, իշխանություն ունեցող մարդիկ թեկնածություն են դնում, արդյո՞ք ճնշում չեն գործադրի իրենց լրատվական կազմակերպության վրա, որ աջակցի իրենց, եւ լրատվամիջոցը կարող է կողմնակալ լինել այդ մարդու պատճառով: Սրան պետք է մեծ ուշադրություն դարձնել:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ