ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ այցելել է «Հրազդան» մարզադաշտ եւ ծանոթացել է մարզադաշտում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Լրագրողների հետ զրույցում Ռ. Հայրապետյանը նշել է, որ մարզադաշտի լուսավորության, հանդերձարանների, զուգարանների, խոտածածկի եւ վերանորոգման այլ աշխատանքների հետ միասին` կկառուցվեն նաեւ հատուկ նստատեղեր` հաշմանդամների համար: «Առաջին փուլում նախատեսված է վերանորոգել հանդերձարանները, հանրային զուգարանները: Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Իսկ մայիսից կփոխվեն խոտածածկն ու լուսավորությունը: Կփորձենք այդ ամենն անել` մինչ Բելառուսի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպումը: Եթե ոչ, Իտալիայի հավաքականի հետ խաղին մարզադաշտը հաստատ պատրաստ կլինի: Այսօր կամ վաղը Իտալիայից կժամանեն մասնագետներ, եւ կփորձենք կարգավորել նաեւ լուսատախտակների խնդիրը: Մարզադաշտը կհամապատասխանեցվի ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին, եւ այստեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային ցանկացած հանդիպում: «Հրազդան» մարզադաշտը հզոր կառույց է, եւ անգամ 30.000 հանդիսականի դեպքում այն դատարկ է թվում: Տա Աստված, որ մեր հավաքականն այնքան լավ հանդես գա, որ մի օր փոքր թվա ֆուտբոլասերների համար: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ստույգ թիվ նշել չեմ կարող, քանի որ լինում են նաեւ չնախատեսված ծախսեր: Հաջորդ տարի կփորձենք լուծել ծածկի հարցը, որի համար կծախսվի մոտ 10-15 մլն դոլար: Միջոցներ չենք խնայի «Հրազդան» մարզադաշտի համար»,- ասել է Ռ. Հայրապետյանը:
Մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն էլ նշել է, որ չնայած մարզադաշտը պատկանում է իրեն, այնուամենայնիվ, այն ժողովրդի սեփականությունն է: Նրա խոսքով` իր սեփական միջոցները բավարար չէին` ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, ուստի այն կատարում է ՀՖՖ-ն: «Մարզադաշտը ժողովրդի սեփականությունն է, իսկ մենք պարզապես ղեկավարում ենք կառույցը: Հնարավոր է` վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այստեղ ատլետիկայի մրցումներ կազմակերպվեն, իսկ ինչ վերաբերում է համերգներին եւ այլ միջոցառումներին, ապա կարող եմ ասել, որ խոտածածկը ֆեդերացիայի սեփականությունն է: Կփորձենք վերոնշյալ միջոցառումներն այնպես կազմակերպել, որ դրանից չտուժի ֆուտբոլը: Շատ են խոսակցությունները` նաեւ մարզադաշտի հարեւանությամբ նախատեսված առեւտրի կենտրոնների հետ կապված: Այդ կառույցով մենք սոցիալական խնդիր ենք լուծում, քանի որ բազմաթիվ մարդիկ դրանց շնորհիվ են տուն պահում: Կաշխատենք, որ դրանք այնպես կառուցվեն, որպեսզի չխախտվեն ընդունված նորմերը»,- ասել է Ա. Աղաբաբյանը: