Մաշտոցի պողոտային հարող այգում մարտի 31-ին, ապրիլի 3-ին եւ 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես դրանց ընթացքում հավաքների եւ այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսեւորած վարքագծի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում դրսեւորել ողջամտություն: Հաղորդագրության մեջ ասված է. «Հավատարիմ մնալով իր գործելակերպին եւ իր գործունեության մեջ պահպանելով օրինականության, անձի իրավունքները եւ ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու եւ մարդասիրության սկզբունքները` ՀՀ ոստիկանությունը շարունակաբար ձեռնպահ է մնացել լարվածություն առաջացնող գործողություններ կատարելուց, այդ թվում` վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու իր իրավունքն իրացնելուց: Սակայն նման պայմաններում, հակառակ իրավախախտումներ կատարելուց ձեռնպահ մնալու բազմաթիվ կոչերին, հավաքների եւ այլ միջոցառումների առանձին մասնակիցներ դրսեւորել են հակաիրավական վարքագիծ, ինչն առնվազն անհամատեղելի է նախկինում նրանց կողմից հնչեցված բնապահպանական նպատակների եւ խաղաղ հավաքների ազատության հետ: Սակայն նույնիսկ այդ դեպքերում ոստիկանների գործողությունները կրել են բացառապես կանխարգելիչ բնույթ, եղել ընդգծված զուսպ եւ հանդուրժող: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի է համարում ցանկացած անձի կողմից ցանկացած իրավիճակում միջանձնային բախումներ հրահրելուն ուղղված գործողությունները, ինչպես եւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կանոններին չենթարկվելու սադրիչ հորդորները: Ոստիկանությունը չի ենթարկվել ու չի ենթարկվելու սադրանքների եւ շարունակելու է ապահովել վարչական իրավախախտումների ու հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության պահպանությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, որի համար, կանխարգելիչ միջոցներից բացի, իրավասու է ձեռնարկել նաեւ խափանող կամ կասեցնող բնույթի գործողություններ: Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների եւ այլ միջոցառումների բնութագրական առանձնահատկությունն է դարձել նաեւ այն, որ միջազգային լավագույն փորձին համահունչ` ՀՀ ոստիկանության կողմից հրավիրվող «կլոր սեղանների» մասնակցելու եւ շահագրգիռ քննարկումներ անցկացնելու փոխարեն` որոշ ակտիվիստներ նախընտրում են ծառայություն իրականացնող ոստիկաններին իրավական բնույթի հարցադրումներ անելու միջոցով հանրության մեջ նրանց գործողությունների ոչ իրավաչափության պատրանք ստեղծել: Մինչդեռ ցանկացած պետական մարմնի, այդ թվում` Ոստիկանության գործողությունների կամ անգործության հետ համաձայն չլինելու դեպքում յուրաքանչյուրն ազատ է դրանք վիճարկել վերադասության կամ դատական կարգով:
ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հորդորել Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների եւ այլ միջոցառումների կազմակերպիչներին (մասնակիցներին) հանրային ուշադրության նվաճումը չկառուցել ՀՀ ոստիկանության հետ հակադրման (հակամարտության) փորձերի վրա: Քաղաքացիական որեւէ նախաձեռնություն, որքան էլ դրական եւ առաջադեմ լինի, չի կարող ծառայել իր նպատակին, եթե իրացվում է օրենքն անտեսելու, իրավապահ մարմինների հետ համագործակցությունը կամ երկխոսությունը ժխտելու ձեւաչափով:
Բնապահպանական կամ ցանկացած այլ իրավունքի պաշտպանություն դատապարտված է ձախողման, եթե իրականացվելու է իրավունքի հանրաճանաչ սկզբունքների խախտման եւ այլոց իրավունքների ու ազատությունների ոտնահարման եղանակով: ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում դրսեւորել ողջամտություն, ձեռնպահ մնալ քաղաքացիական իրավունքները չարաշահելուց եւ հանրության անդամներին նրանց ենթադրյալ իրավունքների եւ դրանց իրականացման հետեւանքների վերաբերյալ թյուր պարզաբանումներ տալուց: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի իրավական նախադրյալների առկայության դեպքում եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում չեզոքացնել անօրինական գործողության կամ անգործության վերածված ցանկացած ոչ իրավաչափ մտադրություն` իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր բոլոր միջոցներով»: