Նոր զեկույց են պահանջում

07/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն մի քանի օր է` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի առաջընթացի գնահատման ազգային զեկույցը:

Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը հիշյալ զեկույցը որակեցին իբրեւ խայտառակություն, որտեղ ներկայացվող «հաշվետվությունները», մեղմ ասած` հեռու են հայաստանյան իրականությունից: Զեկույցում Հայաստանը ներկայացված է որպես կայուն զարգացող, նվաճումներ եւ առաջընթաց արձանագրող երկիր: Դատելով զեկույցի բովանդակությունից, Հայաստանը բնապահպանական խնդիրներ գրեթե չունի` մեր անտառները պահպանվում են, կենսաբազմազանությունը զարգանում է, հողային ռեսուրսներն օրեցօր ավելանում են, եւ մեր երկիրը պահպանում է իր ստորագրած բոլոր միջազգային կոնվենցիաների դրույթները: Ինչեւէ, այս քննարկումներին զուգահեռ` հասարակական կազմակերպություններից` «Էկոլուրը», «Էկոդարը» եւ «Թռչնասերների կենտրոնը» հանդես եկան հայտարարությամբ: «Ծանոթանալով «Ռիո+20» առաջընթացի գնահատման ՀՀ ազգային զեկույցի բնապահպանական մասին, չենք կարող համաձայնվել այն մտքի հետ, որ ՀՀ-ում զգալի առաջընթաց է տեղի ունեցել բնապահպանական ոլորտում` կայուն զարգացման սկզբունքներին համահունչ: Մենք չենք կարծում, որ զեկույցը համապատասխանում է մեր երկրում տիրող իրական բնապահպանական վիճակին, եւ պահանջում ենք, որ պատրաստվի մի նոր զեկույց, որը կարտացոլի ՀՀ բնապահպանական իրավիճակի օբյեկտիվ գնահատումը»,- ասված է հիշյալ հայտարարության մեջ: Երեկ ՀՀ վարչապետին առընթեր կայուն զարգացման գծով հանրային խորհուրդը քննարկել է նշյալ զեկույցը: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանից, բայց ապարդյուն: Փոխնախարարի աշխատակազմից նախ փոխանցեցին, որ Ս. Պապյանը աշխատավայրից դուրս է եկել, ապա ժամեր անց ասացին, որ գնացել է ՀՀ կառավարություն խորհրդակցության, եւ չեն կարող ասել, թե երբ կվերադառնա:

Հիշյալ զեկույցի քննարկումներին մասնակցած «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ երեկ իրենք կրկին քննարկել են «Ռիո+20»-ին ներկայացվելիք զեկույցը, եւ որ այն դեռեւս վերջնական տարբերակը չէ: «Սա զրոյական տարբերակն է, եւ դեռ պետք է շատ աշխատենք այդ զեկույցի վրա, պետք է անպայման հաշվի առնվի հասարակության կարծիքը: Մենք եկանք այդ եզրակացության: Ասեմ նաեւ, որ մինչ այդ պատրաստվել էր զեկույցի փորձագիտական տարբերակը: Ես հավաքել էի մոտ 70 կարծիք, որտեղ ընդգրկված էին եւ՛ պետական կառույցները, եւ՛ հ/կ-ները, եւ՛ անկախ փորձագետներ: Դա ՄԱԿ-ի հարցաշարն էր, որին պետք է պատասխանեին: Այն շատ հավասարակշռված էր ստացվել»,- ասաց Կ. Դանիելյանը: Ըստ նրա` իրենք կընդգրկեն բոլոր առաջարկները, եւ զեկույցի վերջնական տարբերակը կներկայացնեն ՀՀ վարչապետին առնընթեր Կայուն զարգացման խորհրդի նիստին: «Ես համաձայն եմ հնչած կարծիքներին, եւ մեր խմբում բազմիցս ասել եմ, որ զեկույցի ներկայացված տարբերակը հավասարակշիռ տարբերակ չէ: Շատ կրկնություններ կան, տարբեր նախարարություններ ներկայացրել են իրենց ծրագրերը, խնդիրներ կան, որոնք չպետք է ներառվեին, որովհետեւ կապ չունեն հիմնական թեմաների հետ: Այս ամենը պետք է շտկվի, եւ, ամենակարեւորը, շատ ավելի ընդգրկուն ձեւով պետք է երեւան բոլոր խնդիրները, մարտահրավերները»,- ասաց Կ. Դանիելյանը: Դիտարկմանը, թե զեկույցում հստակ խոսվում է Հայաստանի` բնապահպանական ոլորտի նվաճումների, առաջընթացի մասին, ինչ իրականությանը չի համապատասխանում, Կ. Դանիելյանն այսպես արձագանքեց. «Տարբեր կարծիքներ հնչեցին: Մենք նորից կնայենք, թե ինչպես է գրված, որովհետեւ, երբ այդ հատվածը պատրաստվել էր, պատկերացրեք, որ եղած մյուս մասերից բնապահպանականն ավելի հավասարակշռված է գրված, մյուս մասերը, ինչպես, օրինակ, սոցիալ-տնտեսական հատվածը` շատ ավելի լավատեսական է գրված, ինչն ակնհայտորեն անիրատեսական է: Զեկույցի բնապահպանական հատվածում խնդիրները գոնե ցույց են տրված»: Բնապահպանի խոսքով` զեկույցի մշակմանը մասնակցել են Հայաստանի բոլոր նախարարությունները, որոնք ամեն կերպ փորձել են ցույց տալ իրենց կատարած աշխատանքը, եւ երեկվա քննարկմանը խնդիր է դրվել՝ զեկույցի բոլոր թերությունները շտկել եւ համակարգել: Կ. Դանիելյանի փոխանցմամբ` զեկույցի համակարգման աշխատանքն ինքն է կատարելու, ինչի մասին ինքը նույնիսկ տեղյակ չէր: Հարցին, թե ե՞րբ է հաստատվելու զեկույցի վերջնական տարբերակը, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, Կառավարությունը նախապես մտադրված էր հաստատել ապրիլի 10-ին, ինչին ես չհամաձայնեցի, քանի որ ես պետք է զեկուցեի Կայուն զարգացման խորհրդի նիստում: Ես ասացի, որ նյութը շատ հում է, եւ ինձ հետ համաձայնեցին: Մենք 4 օրվա ընթացքում չէինք հասցնի զեկույցը մշակել` հաշվի առնելով, որ ապրիլի 6-ին քննարկումներ էր կազմակերպվել»: Մեր այն նկատառմանն էլ, որ Կ. Դանիելյանն ինքն էլ մասնակից է եղել զեկույցի բնապահպանական հատվածի մշակմանը, վերջինս այսպես արձագանքեց, որ ինքն ավելի շատ մասնակցել է փորձագիտական զեկույցի աշխատանքներին, իսկ զեկույցի պատրաստմանը մասնակցել են հիմնականում պետական կառույցները եւ մի քանի հասարակական կազմակերպություններ:

«Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով` դեռեւս դեկտեմբերին իր ղեկավարած կազմակերպությունը հրաժարվեց մասնակցել այդ քննարկումներին, քանի որ, ըստ նրա, այդ լսումներն ընդամենը «շոու» են, որտեղ բացակայում է հասարակության լայն սեկտորի ներգրավումը: Միեւնույն ժամանակ, Ի. Զարաֆյանը նկատեց, որ նախորդ տարի դեկտեմբերին «Էկոլուրը» նամակ էր գրել ՀՀ վարչապետին, որտեղ ինքը հայտնել է Կառավարության «Կայուն զարգացում եւ հավասար հնարավորություններ» զեկույցի` իրականությանը չհամապատասխանելու մասին: «Զեկույցում նշված Հայաստանի կայուն զարգացման պրոցեսին հակառակ պրոցես է տեղի ունենում մեր երկրում` դեպի քայքայման տանող գործընթաց: Զեկույցում բերված է բնապահպանական կոնվենցիաների ցանկը, որը Հայաստանը ստորագրել է: Կառավարության որոշումները, որոնք ուղղված են լեռնահանքարդյունաբերության, փոքր հէկ-երի կառուցման, հողերի կատեգորիայի փոփոխմանը, որեւէ կերպ չեն համապատասխանում միջազգային կոնվենցիաներին: Կառավարությունը չի կատարում ընդունված պարտականությունները: Որ որոշումն էլ վերցնեք, կտեսնեք խախտումների մի ամբողջ ցանկ»,- նշեց Ի. Զարաֆյանը: Բնապահպանի ասելով` եթե նախկինում մենք ունեինք միջազգային հուշագրերի եւ ազգային օրենսդրության խախտումների իրավիճակներ, ապա այսօր այդ ոլորտում տիրում է «բեսպրեդել» վիճակ, եւ օրեցօր վիճակն ավելի է վատանում: «Կառավարությունն ասում է, թե, տեսեք` ինչպես ենք լսում մեր հասարակությանը` չեղյալ ենք համարել Թռչկանի ջրվեժի, Խոսրովի անտառի «Գիլան» արգելավայրի որոշումները, բայց դա ոչ մի բան չի նշանակում: Այսինքն` հասարակությունն անպայման պետք է ուժի եւ ճնշման ձեւով փոփոխի իրավիճակը, մինչդեռ հասարակությունը պետք է մասնակցի այդ որոշումներին նախորդող քննարկումներին: Այլ կերպ ասած` «գալոչկայի» համար հասարակական լսումներ են անցկացնում, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե հասարակական լսումներ են կազմակերպում»,- նկատեց «Էկոլուրի» նախագահը: