Ձյունաշողի առեղծվածը

02/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Լոռու մարզի Ձյունաշող գյուղի գյուղապետ Ավագ Վարդանյանին նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում հարազատները մահացած գտել են սեփական անասնագոմում: Մահվան պատճառը եղել է ավտոմատից արձակված կրակահերթը:

Դեպքի վայր ժամանած Տաշիրի Ոստիկանության օպերատիվ խումբը գոմում գտել է ԸԽհ-ձ տեսակի ինքնաձիգ, որից մեկ կրակահերթով արձակված երեք փամփուշտներն էլ եղել են մահվան պատճառը: Գործը քննում է Տաշիրի դատախազությունը: Գործի քննությունը թեեւ դեռ ավարտված չէ, սակայն Լոռու մարզային թերթն, այնուամենայնիվ, վկայակոչելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժանմունքից ստացված հաղորդագրությունը, տեղեկացրել է, որ «դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Վարդանյանն ինքնասպան է եղել»: Թեեւ իրավապահները պնդում են, որ քննության արդյունքում ձեռք բերված նյութերն առայժմ թույլ են տալիս կատարվածը որակել միայն ինքնասպանություն, սակայն Ա. Վարդանյանի հարազատներն ու համագյուղացիները ինքնասպանության վարկածը բացառում են:

1950թ. Ադրբեջանի Շամախիի շրջանի Քերքեջ գյուղում ծնված Ավագ Վարդանյանը ընտանիքի եւ համագյուղացիների հետ Ձյունաշող է տեղափոխվել 1989թ.: 1995-ից Ձյունաշողի գյուղապետի պաշտոնը ստանձնած Ավագ Վարդանյանի մասին համագյուղացիներն առանձնակի սիրով են արտահայտվում. «Մենակ տեսնեիք՝ ինչպիսի հոգատարությամբ էր վերաբերվում գյուղացիներից յուրաքանչյուրի հոգսին»: Նրանց հավաստմամբ՝ «Ավագը ուժեղ մարդ էր, ոչ մի բանի պակասություն չուներ, որ նման քայլի մղեր նրան, Ավագի գլուխը կերան, որովհետեւ տեսան` անունով, հարգանք-պատվով մարդ էր՝ դեռ շատ առաջ կգնար»:

Լինելով վրացական սահմանի անմիջական հարեւանությամբ, Ձյունաշողը, ինչպես եւ Լոռու մարզի սահմանամերձ այլ գյուղեր, պարբերաբար խնդիրներ են ունեցել սահմանամերձ թուրքական գյուղերի բնակիչների հետ՝ հիմնականում ենթարկվելով թալանչիական հարձակումների. «Եթե ուշ ժամի մի անասուն հանդում մոռանայինք, էլ տերը չէինք»: Համագյուղացիների հավաստմամբ` Ավագի գյուղապետ դառնալուց հետո, շուրջ 10 տարի, Ձյունաշողից ոչ մի գողություն չի կատարվել: Նրանք դա բացատրում են գյուղապետի անձով. «Նա շատ լավ էր հասկանում, որ ինչքան էլ ադրբեջանցիների ու հայերի միջեւ կոնֆլիկտ լիներ, այնուամենայնիվ, մենք հարեւաններ ենք, շարունակելու ենք ապրել կողք կողքի, եւ ջանում էր՝ որքան հնարավոր է բարիդրացիական հարաբերություններ հաստատել սահմանամերձ թուրքական գյուղերի հետ»: Ծնված լինելով Ադրբեջանում, Ավագը բազմաթիվ թուրք ընկերներ ու բարեկամներ է ունեցել: Հայտնի իրադարձությունների պատճառով ստիպված լինելով ապաստանել Հայաստանում, նրա վերաբերմունքը թուրք բարեկամների հանդեպ առանձնապես չի փոխվել, եւ նա հնարավորինս կապ է պահպանել նրանց հետ: Գյուղացիների համոզմամբ` հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ հարեւան թուրքերը դադարեցրել էին վնաս պատճառել Ձյունաշողի բնակչությանը. «Ավագն ասել էր՝ տարբերություն չկա՝ իմ գյուղացուն եք վնասո՞ւմ, թե՞ ինձ»: Սակայն միայն Ձյունաշողը ապահովագրելով, տարածաշրջանի այլ բնակավայրեր ապահովագրված չեն եղել թուրքերի թալանից, որոնք հիմնականում անասնագողության տեսքով են եղել: «Որտեղ մի բան էր կորչում, ասում էին` թուրքերն են գողացել,- պատմում էր Ավագ Վարդանյանի կինը՝ Աիդան,- ու ամեն անգամ Ավագին կանչում էին Տաշիրի Ոստիկանություն, թե` դու թուրքերի հետ կապ ունես, պարզի՝ ով է տարել, զահլեն գնացել էր արդեն»: Կնոջ հավաստմամբ` դեպքի նախորդող շաբաթվա ընթացքում Ավագն անհանգիստ է եղել. «Անընդհատ մտահոգ էր, տրամադրություն չուներ, մենք, որ քնելուց առաջ տան դուռը կողպելու սովորություն չունեինք, այդ վերջին օրերին Ավագը միշտ դուռը կողպում` նոր էր քնում, եթե երեխաներից մեկը մի ժամ աչքին չերեւար, անհանգստանում էր»: Անհանգստության պատճառը, սակայն, որեւէ մեկի հետ չի կիսել: Դեպքի նախորդ օրը աշխատանքի չի գնացել՝ պատճառաբանելով, որ առանձնապես գործ չկա անելու: Դա եւս կասկածելի է թվացել ընտանիքին. «Հնարավոր չէր, որ Ավագը գործ չգտներ անելու»: Դեպքի օրն էլ՝ ամեն օրվա նման, առավոտ շուտ վեր է կացել, զբաղվել տնտեսությամբ: «Գոմում գործը վերջացրինք՝ մենք տուն եկանք, Ավագը մնաց, Միշա ձյաձյային (Միշան Ավագի դստեր ամուսնու հայրն է, որ օգնել է անասուններին խնամել) ասացի՝ գոմում գործ չկար անելու՝ Ավագն ինչի՞ չեկավ, մոտ 20 րոպե էլ որ անցավ՝ Ավագը չերեւաց, գնացի հետեւից»,- պատմում է Աիդան: Տնից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող գոմում Ավագին գտնում է խոտի վրա նստած, աչքերը փակ. «Ձայն տվեցի՝ չպատասխանեց, մտածեցի` վերջին օրերին էնքան անհանգիստ էր, վատ էր քնում, որ երեւի հոգնել նստել՝ նստած տեղը քնել է»: Կրակոցի ձայն ոչ ոք չի լսել: Հարազատներին տարօրինակ է թվում, որ ինքն իրեն կրակած Ավագը կարող էր ուղիղ նստած մնալ, «բերանն ու աչքերը սիրուն փակած», հայտնաբերված զենքը ոչ ոք չի ճանաչել: «Մենք որսորդական հրացան ունեինք, որ հեն ա՝ էլի տանը դրած, 10 տարի է՝ դրան մատով կպած էլ չկա»,- ասում է կինը: Հարազատները, ընկերները, բարեկամները մտածում ու ինքնասպանության դրդող որեւէ հանգամանք չեն մտաբերում: Այն, որ վերջին օրերին Ավագը մտահոգ է եղել, եւս պատճառ չեն համարում. «Թուրքի դեմ դուրս եկած Ավագին էդ ի՞նչ հոգս պետք ա էդքան վախեցներ, որ նման քայլի դիմեր, Ավագը ոչ մի բանից վախ չուներ, նրա նման ուժեղ մարդ չկար»: «Իսկապես Ավագը բացառիկ լավ մարդ էր, նրա նման մարդիկ հազվադեպ են լինում,- հավաստիացնում էր նաեւ Տաշիրի Ոստիկանության մի աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ,- սակայն ինչո՞ւ հաշվի չեք առնում այն հանգամանքը, որ ինքնասպանության համար էլ է հարկավոր ուժեղ լինել»: Իհարկե, հատկապես եթե նկատի ունենանք նաեւ մի այլ հանգամանք՝ երբ կշեռքի մի նժարին քո կյանքն է դրված, մյուսին՝ հարազատներիդ: Համենայնդեպս, Ավագ Վարդանյանի հարազատների պատմածից ակնհայտ է, որ վերջին օրերի նրա անհանգստությունը եղել է ոչ այնքան իր, որքան հարազատների հանդեպ: Անլուրջ է միանշանակ պնդել, որ 7 զավակների հայր, մեծ կարողության տեր, ուժեղ մարդը՝ ճնշվելով իրեն հասցեագրված զանազան չհիմնավորված մեղադրանքներից եւ ինքնապաշտպանական որեւէ միջոց չձեռնարկելով, կարող էր ինքնասպան լինել: Հարազատներն ու համագյուղացիները սպասում են ճշմարտության բացահայտմանը: Իրավապահներն, ինքնասպանությունից բացի, առայժմ այլ վարկած չունեն:

Գյուղապետի մահից հետո գյուղացիներն իրենց որբացած են զգում: Սահմանադրության հանրաքվեի օրը, երբ մենք այցելեցինք գյուղ, բնակիչներից շատերն ասում էին՝ «Դե, մեզ Ավագն էր ուղղություն ցույց տվողը, հիմա մենք ի՞նչ գիտենք՝ ի՞նչ անենք»: Նրանք չեն բացառում, որ թուրքերի կողմից գյուղի հանդեպ ոտնձգությունները կվերսկսվեն: «Ստիպված ենք լինելու գոմերում լուսացնել»,- ասում էին նրանք: Նույն օրը երեկոյան գյուղի հանդից 9 ձի անհետացավ, որոնցից երեքը Ավագի ձիերն էին: Բնակիչների եւ Տաշիրի ՆԳ աշխատակիցների ջանքերով նույն օրը հաջողվեց ձիերը հետ բերել. հետապնդվողները ձիերը թողել էին սարերում ու փախել: Գյուղապետի մահվան եւ անասնագողության այս դեպքի միջեւ գյուղացիներն անմիջական կապ են տեսնում: