Ապրիլի 10-19-ը «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա նկարիչ Լեւոն Վարդանյանի (Լեո-Լեո) «Երջանկության մեդիտացիա» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Լեոյի նկարչությունն իր մեջ ներառում է ինչպես «action paiting» ուղղության, այնպես էլ` մինիմալիզմի տարրեր: Չնայած դրան, ինքը` նկարիչը, չմերժելով «իզմերն» ու փիլիսոփայությունները, այդուհանդերձ, իր նկարչությունը դիտարկում է «իզմերից» դուրս: Արվեստի այն տարածքը, սեփական ես-ի այն սահմանները, որտեղ նա գտնվում եւ պեղում է` երջանկության իր տարածքն է: Դիտողի կամ մարդու հետ կոնտակտը նա ակնկալում է երջանկության պոզիտիվ էներգիայի դաշտում:
– Մի քիչ խորամանկություն կա «Երջանկության մեդիտացիա» խորագրում. Մարդուն կանչելու, ինչ-որ բան խոստանալու միտում կա: Արդյոք հնարավո՞ր է տեսողական զգայարանով մարդուն երջանկացնել:
– Նկարչությունը սկսվում է վիզուալից: Չկա տեսողություն, չկա նկարչություն, որովհետեւ այն տեսողական զգայարանի արվեստ է. Ճիշտ այնպես, ինչպես երաժշտությունն է լսողական զգայարանի արվեստ: Նկարիչը մոլբերտի առջեւ` գործողության ժամանակ, գտնվում է զրո կետում, ամենաներկա վիճակում, եւ արվեստը չի դառնում ամորֆ, սառը իրավիճակների արձանագրման գործիք: Կոնկրետ տվյալ իրավիճակը նկարչի ամենաիսկական փիլիսոփայության ժամանակն է` գույնով, լույսով: Դու ոչ վերապրում ես, ոչ էլ` ֆուտուրիստական մոտեցումով ես առաջնորդվում: Ապագայի ու անցյալի իներցիաները թողնում ես ու ապրում ես ներկայի մեջ: Այդ ներկայի հոգեվիճակը հենց մեդիտատիվ արձանագրման պրոցեսն է:
– Մոլբերտի առջեւ գտնվելիս արդյոք գիտե՞ս` ուր է քեզ տանելու ներկայի արձանագրությունը, թե՞ այնուամենայնիվ մտքերը կտավին հանձնելու ուղենիշ կա:
– Ոչ, ի սկզբանե դու ունես տեսակետ, աշխարհայացք, իդեալներ եւ շատ հարցերի պատասխաններ գիտես: Հաստատ գիտես, որ տառապանքին չես ձգտում, որովհետեւ հոգեպես առողջ ես:
– Երբ դիտողը կտավի հետ մնում է մենակ, ի՞նչ ես կարծում` պե՞տք է բառը, թե՞ ավելորդ է առհասարակ խոսքով միտքը փոխանցելու միջամտությունը:
– Մտահայեցողությունն ավելի շատ մոտ է լռությանը: Դժվար է ասել, թե զգացողությունն ինչ բառ է պարունակում: Սերը զգացողությունների մեծ կծիկ է, դե արի իմացի, թե այդ կծիկի մեջ ինչքան բառ կա, կամ նկարչության մեջ ինչքան բառ կա: Նկարչությունը շատ խորը զգացողություն է պահանջում: Հիմա արվեստի նյութը եւ նկարիչը գտնվում են ներքին հոգեվիճակների տարածքում, եւ դժվար է ասել՝ բառի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:
– Նկարիչները շատ են օգտագործում հետեւյալ միտքը` աբստրակցիան մեր օրերում անսահման տարածություններ է բացում: Ի՞նչ նկատի ունեն:
– «Աբստրակտ» բառն ինքը շատ ընդհանրական է եւ շատ հաճախ չի բնորոշում նկարչի հոգեկան իրավիճակը: «Վերացարկել» բառը հաճախ չի արտացոլում նկարչի ամբողջական ներաշխարհը, որովհետեւ այն վիճակները, որում նկարիչը գտնվում է` ռեալիստական տարածք է, աբստրակտ չէ: Ճիշտ է` այնտեղ ծառ կամ նյութ չկա, բայց ռեալ տարածք է: Երաժշտության եւ պոեզիայի մեջ էլ կան նույն զգացողությունները: Այսինքն` զգացողություններն արձանագրելու մեթոդներն են տարբեր` գույն, բառ, հնչյուն: Մարդուն ի վերուստ տրված է երջանիկ լինել, ապրել, կյանքը հասկանալ: Որքան հեռանանք մեր իրական ես-ի սահմաններից, տարածքից, որը նկարչի ամենաիսկական նյութն է` այնքան հեռու ենք լինելու ճշմարտությունից: Արվեստի բոլոր փուլերը, «իզմերն» ու պատմությունները բերեցին նրան, որ մարդը դեմ առ դեմ կանգնի իր ես-ի առաջ եւ իրեն չսահմանափակի որեւէ «իզմով»: Իրական ես-ի տարածքը տիեզերական տարածք է: Միակ բանը, որն այսօր ակտուալ է մնացել, եւ մարդն այսօր կարող է դիմացինին առաջարկել` իր իսկական ես-ն է: Հակառակ դեպքում` նկարիչը կարող է հայտնվել կեղծ էսթետիզմի տարածքում: Արվեստը ծնվում է հոգեկան ներքին անհրաժեշտությունից: Կեղծ էսթետիզմի հիմնական շարժառիթը գումար աշխատելն է:
– Այսինքն` «Երջանկության մեդիտացիան» քո ես-ը, աշխարհընկալումն ու ներաշխարհն է: Հայտնի է, որ ցուցահանդեսների ժամանակ մարդիկ հաճախ գնում են, որովհետեւ, ասենք` հեղինակն ընկեր է, կամ, որովհետեւ պարզապես որեւէ իրադարձության մասնակցելու «հավես» ունեն: Տվյալ դեպքում, մարդն ինչո՞ւ պետք է գա ցուցահանդես եւ ի՞նչ է տանելու իր հետ:
– Նկարչության նյութն այսօր որքան շատ գտնվում է մարդու ներսում, այնքան էլ` մոտեցել է տիեզերքին: Այսինքն` նույն կերպ կարող ենք հարց տալ, թե` ի՞նչ պետք է մարդը հասկանա երկնքին կամ արեւին նայելիս: Երկինքը անսահման եւ ռեալ տարածք է: Նկարչությունն էլ դարձել է անսահման եւ ռեալ տարածք մարդու մեջ:
– Հայաստանում մեդիտատիվ բնույթի նկարչություն միայն դո՞ւ ես ներկայացնում, եւ արդյո՞ք մեդիտացիան էքստազային վիճակ չէ, որն էլ իր հերթին` փախուստ է իրականությունից դեպի մեկ այլ իրականություն:
– Մարդու բարձր հոգեվիճակը կարելի է համարել մտացնծություն, մեդիտատիվ վիճակ: Նկարիչն այսօր իրականությունից ավելի քիչ է փախնում, քանի որ նա կտավի օդի, հորիզոնի, ֆորմայի պատրանք ստեղծելու խնդիր չունի: Մարդն ավելի է նմանվել իր ստեղծածին: Այսօրվա նկարիչը դարձել է ներքին իրավիճակների արտահայտող, որովհետեւ հանդիպել է իր իսկական ես-ին, որտեղ «իզմեր», ֆոկուսներ ու նորարարություններ չկան: Արվեստն այսօր ավելի հոգեւոր բնույթ ունի:
– Մարդն այսօր ավելի շատ երջանի՞կ է, թե՞ ավելի շատ երջանիկ չէ:
– Այն տարածքում, որտեղ ես գտնվում եմ արարման ժամանակ` երջանիկ եմ: Ինքս դեմ եմ, երբ նեգատիվ էներգիա է տրանսֆորմացվում եւ փոխանցվում ուրիշին: Մինչդեռ, առօրյայում` դժվար է ասել: Նկարիչն ուժեղ հակադրության մեջ է այսօրվա իրականության հետ: