Հայ հասարակությունը, որին միշտ մեղադրել են չափազանց անհատականացված լինելու համար, այսօր, հակառակը, դիմազուրկ զանգված դառնալու վտանգի առջեւ է կանգնած: Երբ վերջերս մի պատգամավոր իր ելույթներից մեկում հերթական շնորհակալությունն էր հայտնում կուսակցության ղեկավարին` այն բանի համար, որ իրեն ինքնադրսեւորվելու մեծ հնարավորություն է ընձեռել, առաջին անգամ անդրադարձա այն փաստին, որ ես երբեք նման առիթով որեւէ մեկին շնորհակալություն չեմ հայտնել: Այն դեպքում, երբ իմ կյանքում բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր ճանապարհ են բացել իմ առջեւ, բարձրացրել են ինձ, եւ, այդուհանդերձ, ոչ մի անգամ չեմ մտածել, որ կարելի է շնորհակալություն հայտնել նրանց: Ավելին, իմ մեջ շնորհակալության զգացում չի եղել երբեք, եւ այսօր էլ, ետադարձ հայացքով անգամ, չկա այդ զգացումը: Ինչո՞ւ: Կարծում եմ` այն պատճառով, որ երբեք չեմ մտածել, որ ինձ լավություն են արել, եւ կարծում եմ, նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ իրենք երբեք չեն մտածել, որ ինձ լավություն են անում: Թերեւս, այդ անշնորհակալ լինելու շնորհիվ է, որ ես եւ ինձ նման «անշնորհակալ» շատ-շատերը պահպանել են իրենց անկախությունը` որպես անհատներ: Հիմա ես վստահ եմ, որ աշխատանքային հարաբերություններում երախտիքի այդպիսի զգացումը կախյալություն է առաջացնում, բայց նաեւ մտածում եմ, որ միգուցե հենց այդ կախյալությունի՞ց է գալիս շնորհակալ լինելու նրանց զգացումը: Երբեք, մինչեւ այսօր, այդ երեւույթին անդրադառնալու առիթը չի եղել, որովհետեւ երեւույթն ինքնին այդչափ երեւացող չի եղել: Այսօր ցավով կարելի է փաստել, որ մենք կախյալ մարդկանց հասարակություն ենք դառնում, եւ դրան նպաստում եւ ծառայում է ամբողջ պետական համակարգը` սկսած նախագահի պատվոգրերի, կոչումների ինստիտուտից, մինչեւ Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակները: Բնական է, որ այսպիսի համակարգում դիմագիծ ունեցող, սեփական կարծիքն ազատ արտահայտող մարդիկ գնալով պետք է ավելի քիչ պահանջված լինեն: Փոխարենը` պետք է մեծանա միջակությունների պահանջարկը, ովքեր լուռ ու մունջ, գլուխները կախ, ընդամենը հրահանգ կատարողի կարգավիճակով կառավարությունում, քաղաքապետարանում, Ազգային ժողովում եւ ամենուր ընդամենը «կոճակ» են սեղմելու` չունենալով ոչ իրավունք, ոչ պատասխանատվություն:
«Ազնվական» բառի արմատը «ազնիվն» է:
Ընդունել, որ քաղաքականությունն անբարոյականություն է, նշանակում է` հաշտվել այն մտքի հետ, որ քաղաքականությունը պետք է կործանի ամեն ինչ, քանի որ անբարոյականությունն ինքնին կործանարար ուժ է: Վերջերս մի քաղաքագետ` անմեղսունակ դեմքի արտահայտությամբ, իր խոսքում նշեց, որ այժմ քաղաքական դաշտի ֆիլտրացիա է տեղի ունենում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նա չնշեց, որ այդ ֆիլտրացիան մեզանում ծառայում է հակառակ նպատակին, եւ որ մաքուր ջուրը, անցնելով ֆիլտրի միջով, գնում է իր ճանապարհով, իսկ ֆիլտրը, որն իր մեջ հավաքում է ամբողջ թափոնը, մնում է, իշխում եւ, որն ամենից վտանգավորն է, փորձում է վերարտադրվել: Քաղաքականությամբ զբաղվող այդ անձը բոլորովին չէր ամաչում ստելուց եւ բնավ մտահոգ չէր իր անունը վարկաբեկելու համար, որովհետեւ նախ` իրեն շրջապատված է զգում իր նմաններով, եւ նաեւ գիտի, որ անունը կապիտալ է այն երկրում, որտեղ հասարակական կարծիքը արժեք ունի: Ի դեպ, «ազնվական» բառի արմատը ընդամենը «ազնիվն» է, եւ դա հենց այն մաքուր ջուրն է, որը բնական պայմաններում գոյանում է դարերի ընթացքում իրական ֆիլտրացիայի շնորհիվ: Ազնվականությունը, որը, թեեւ բոլոր երկրներում միշտ փոքրամասնություն է, այդուհանդերձ, ամբողջ հասարակության բարոյական առողջության երաշխավորն է, նրա իմունիտետը: Եվ, ուրեմն, հասարակությունը, որը ոչնչացնում է իր ազնվականությանը, այսինքն` շրջում է արժեքային համակարգը գլխիվայր, փաստորեն, ինքն իրեն զրկում է իմունիտետից: Այդպիսի հասարակությունը, որը ընդունված է համարել ցինիկ հասարակություն, պետականության ինքնաոչնչացման եւ ազգային ինքնության վերացման ամենակարճ ճանապարհն է:
Եվ նաեւ մեկ լրացում, «բարի»-ն է համարվում «բարոյական» բառի արմատը, ինչպես նաեւ` «բարեկեցության», «բարօրության», «բարեկրթության» եւ այլն: «Բարի»` Աճառյանի արմատական բառարանում նշանակում է` նաեւ «ընտիր», «ազնիվ», «երջանիկ»: «Բարիկենդան»` «երջանիկ կյանք»: Սակայն կա արմատի արմատը, որը «բար»-ն է եւ, որը նշանակում է` պտուղ, նախասկիզբ եւ կյանք: Եվ ուրեմն բարոյականության մեջ է կյանքի կոդը եւ ազգերի հարատեւության գաղտնիքը նույնպես: Այն ազգությունները, որոնք դա կգիտակցեն եւ կապրեն բարոյականության օրենքներով, կհարատեւեն, ովքեր ոչ` անբարոյականությունը կոչնչացնի նրանց: Մարդկության պատմությունը հարուստ է այդպիսի օրինակներով: Բայց մինչ այդ պետք է պատվազրկել քաղաքական միջավայրը, հասարակությունը անհատներից վերածել դիմազուրկ զանգվածի, իսկ մնացյալն արդեն «կգլորվի» ներքեւ ինքնըստինքյան:
Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ