Դիմադրողականությունը բարձրացնող նիվենի
Eucalyptus globulus – Էվկալիպտ գնդաձեւ, նիվենի, տենդածառ` մրտենազգիների ընտանիքին պատկանող, հզոր, մինչեւ 100 մ եւ ավելի բարձրության հասնող ծառ է (երբեմն` թուփ)։ Կան նիվենու բազմաթիվ տեսակներ, որոնց հիմնական մասի հայրենիքն է Ավստրալիան, անցյալ դարի 30-ականներին բույսը սկսեցին մշակել Այսրկովկասի արեւմտյան մասում։ Նիվենու արմատները տարածվում են հողի մակերեսին զուգահեռ շատ մեծ տարածությունների վրա, ինչի շնորհիվ կանխվում է ճահիճների առաջացումը եւ նվազում մալարիայի համաճարակը։ Ասում են, թե նիվենու մոտ ապրողը չի հիվանդանա` բույսը հագեցնում է օդը բազմաթիվ մանրէասպան ֆիտոնցիդներով։
Անվանում են նաեւ «կյանքի ծառ», «անտառի ադամանդ», «հրաշքների ծառ» եւ այլ հոմանիշներով։
Տերեւները հետերոմորֆ են, կախված տարիքից` նրանց տեսքը փոխվում է։ Բոլոր դեպքերում ձվաձեւ կամ նշտարաձեւ են, մանգաղաձեւ սուր տերեւաթիթեղով։ Ծաղիկները մանր են, միայնակ կամ հավաքված հովանոցների մեջ։ Պտուղը գնդաձեւ, քառանիստ տուփիկ է։ Ծաղկում է աշնանը, սերմերը հասունանում են 1-1,5 տարի հետո։
Ի տարբերություն այլ ծառերի` նիվենին ամեն տարի փոխում է ոչ թե տերեւները, այլ կեղեւը, որի պատճառով երբեմն անվանում են` «անամոթ»։
Տերեւները մթերում են հոկտեմբեր-փետրվար ամիսներին, չորացումը կատարվում է օդափոխվող տարածքում կամ ջեռոցում 30-35 C պայմաններում։ Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում զգալիորեն նվազում է եթերային յուղի պարունակությունը։ Փակ ապակե տարայում հումքի պահպանման ժամկետը 3 տարի է։ Տերեւը պարունակում է 1,5-3 տոկոս եթերային յուղ, մինչեւ 6 տոկոս լորձանյութ, դաբաղանյութ, դառնանյութ, օրգանական թթուներ, խեժ, բուսամոմ, ֆլավոններ։
Եթերային յուղն անգույն է, բաց դեղին կամ կանաչավուն, ունի հաճելի զովացնող համ։ Նիվենու տերեւի պատրաստուկները ունեն ախտահանող, հակաբորբոքային, ցավամոքիչ, հակամանրէ հատկություն, կիրառվում են գիտական բժշկությունում։
Թուրմը եւ եփուկը ակտիվ են դիֆթերիայի, բծավոր տիֆի հարուցիչների, ստրեպտոկոկի, ստաֆիլոկոկի, այլ միկրոօրգանիզմների հանդեպ։
Եփուկ. Կտրատեք տերեւը 3-4 սմ չափերով կտորների, 1 ճ/գ հումքը 5 րոպե (ոչ ավելի) եփեք 200 մլ եռջրում (արծնապատ կաթսայի մեջ), քամեք թանզիֆով։ Թուրմի հատակին առաջացած նստվածքը վտանգավոր չէ, խմելուց առաջ թափահարեք։
Ստամոքսահյութի ցածր թթվայնություն. Աղիներում ցավերի դեպքում խմեք մեկական ճ/գ, օրը 3-4 անգամ, 15 օրվա ընթացքում չափաբաժինը հասցրեք 50 մլ։ Շարունակեք 28 օր։ Խմեք սնվելուց 15-20 րոպե առաջ։
Հազի, բրոնխիտի դեպքում խմեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ։
Բորբոքված վերքերը մշակեք վերը նշված եփուկի թրջված թանզիֆով։ Օգտակար է մաստիտի, տրոֆիկ խոցերի դեպքում։
Մրսածություն, գրիպ. 200 մլ տաք ջրում լուծեք 1 թ/գ աղ եւ 10-15 կաթիլ նիվենու եթերային յուղ։ Լուծույթը ցայեք տան մեջ, նախօրոք օդափոխեք բնակարանը։
Հերպես. Խառնեք 1 ճ/գ բուսայուղ եւ 5-6 կաթիլ նիվենու յուղ։ Մշակեք շուրթերի վնասված հատվածները։
Նիվենու տերեւներով ոգեթուրմ. 20 գ հումքը 10 օր թրմեք 100 մլ սպիրտի մեջ։ Քամեք։ Խմեք 15-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց հետո, 50 մլ ջրի հետ` մրսածության, անգինայի դեպքում։
Ոգեթուրմն օգտակար է երիկամների հիվանդությունների դեպքում (15-20 կաթիլ, օրը 2-3 անգամ)։
Ցիստիտ. Խառնեք նիվենու տերեւը եւ 50 գ վաղենակի ծաղիկը, թրմեք 3 լ եռջրում` մինչեւ գոլանալը։ Ավելացրեք լոգանքի ջրի մեջ, տեւողությունը` 15 րոպե, ջերմաստիճանը` 38 C, ավարտից հետո պետք է պառկել տաք տեղաշորում։
– 10 գ նիվենու տերեւը թրմեք 70 մլ եռջրում։ Մեկ այլ տարայում 200 մլ եռջրում թրմեք 20 գ տերեփուկի եւ 10 գ տատրակի խառնուրդը, հովանալուց հետո խառնեք իրար հետ։ Խմեք երեքական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Անգինա. Խառնեք եղեսպակի, դաղձի եւ նիվենու տերեւները, երիցուկի եւ վաղենակի ծաղիկները, սոճու բողբոջը, անիսոնի պտուղը (2։1։1։1։1։1)։ Մեկ ճ/գ հումքը 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 200 մլ եռջրով, թրմեք 30 րոպե։ Քամեք։ Ողողումների համար եփուկից 2 ճ/գ լուծեք 200 մլ տաք ջրի մեջ, կատարեք օրը 3-4 անգամ` սնվելուց հետո եւ պարտադիր քնելուց առաջ։
Մաշկային հիվանդություններ. Խառնեք երկուական թ/գ հեղուկ (40 C) մեղր եւ կալանխոէի հյութ, 1 ճ/գ նիվենու յուղ։ Թրմեք 3 օր, քսեք քորի դեպքում։
– 50 գ նիվենու տերեւը 10 րոպե եփեք 500 մլ եռջրով, թրմեք 1 ժամ, քամեք։ Լուծեք 2 ճ/գ մեղր, կատարեք մաշկի լվացումներ բորբոքումների դեպքում։ Բուժում է վերքերը, այրվածքը։
Նյարդային համակարգի հյուծում. Օգտակար է շնչել նիվենու բուրմունքը.
– կաթեցրեք 5-6 կաթիլ եթերային յուղ անձեռոցիկի վրա,
– օգտագործեք արոմալամպ։
Գիրություն. Երկու թ/գ հեղուկ մեղրի մեջ լուծեք 5 կաթիլ կիտրոնի, 3 կաթիլ նիվենու, 2 կաթիլ նարդոսի եթերային յուղեր։ Կատարեք մերսում։
Նիվենու եթերային յուղը օգտակար է նաեւ արթրիտի, գլխացավի, մաշկի սնկային հիվանդությունների, մկանային ցավերի, ռեւմատիզմի, արյան մեջ շաքարի բարձր պարունակության, կորյակների դեպքում։
Արտադրվում է արտաքին եւ ներքին օգտագործման համար։
Ստամոքսի խոց. Երկու կաթիլ նիվենու եթերային յուղը խառնեք 1 ճ/գ մեղրի հետ, խառնուրդը լուծեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ, պահեք կիպ փակվող տարայում։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 14 օր, որից հետո կարելի է կրկնել։
– Խառնեք 3-ական կաթիլ դաղձի եւ նիվենու եթերային յուղերը։ Շնչեք բուրմունքը արոմալամպի միջոցով։
Գլխացավ. Օգտակար են թրջոցները նիվենու (եղեսպակի, երիցուկի, հազրեվարդի, վարդի, նարդոսի, գրեյպֆրուտի, խորդենու, պատրինջի, կիտրոնի, ռեհանի, անիսոնի) եթերային յուղերով.
– 100 մլ գոլ ջրում լուծեք 3-5 կաթիլ եթերային յուղ, թրջեք թանզիֆը, մզեք, տեղադրեք թրջոցը, տաք պահեք։ Տեւողությունը` մինչեւ 2 ժամ (ոչ ավելի)։
– Պատրաստեք բուժիչ բարձիկ, որի մեջ պետք է լցնեք դափնու, բալի, նիվենու տերեւներ։ Օգտագործեք շաբաթը 1-3 անգամ։
Մազերի թեփ. Օճառահեղուկի կամ բալզամի մեջ ավելացրեք 5-6 կաթիլ նիվենու եթերային յուղ։
Զգուշացում։ Նիվենու պատրաստուկները հակացուցված են հղիներին, կերակրող մայրերին, նյարդային բարձր գրգռվածության, հիպերտոնիայի, բրոնխների սպազմի, կապույտ հազի, լյարդի եւ երիկամների ծանր հիվանդությունների, հնարավոր անհատական անընկալունակության դեպքում։