Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Աթայանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չի քվեարկելու ՀՀԿ-ի օգտին: Ի դեպ, երեկ նա ասել է, թե ինքն ամիսներ առաջ լքել է ՀՀԿ շարքերը, սակայն, հիշեցնենք, որ նա մինչեւ երեկվա այս հայտարարությունը չէր հերքում, որ ինքը ՀՀԿ-ական է: «Ո՞վ կկանգնի գյուղի կողքին, նրան էլ ընտրելու եմ: Ինչի՞ ընտրեմ ՀՀԿ-ին: Ընտրեմ, որ գյուղս քանդո՞ւմ է»,- ասաց Ռ. Աթայանը: Գյուղապետի փոխանցմամբ` ՀՀԿ-ին անդամագրվելիս հավատում էր այդ կուսակցությանը, իսկ հիմա` ոչ: «Կուսակցությունից դուրս գալու պատճառը գյուղի քանդումն է: Ես վարչապետին դիմել եմ, բա ինչի՞ չի պատասխանել, ինչի՞ ա որոշում կայացրել առանց ժողովրդի կարծիքը հարցնելու: Իրենց գլխի որոշումներ են կայացնում: Հըլը բացատրեք` մնամ ՀՀԿ-ում` ի՞նչ անեմ»,- ընդգծեց Քաջարանի գյուղապետը: Վերջինիս խոսքով` ինքը դեռ չի ստացել ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանը: «Ես հավատում եմ Սերժ Սարգսյանին: Նա պիտի էս հարցը լուծի: Ես գիտեմ, որ նախագահը տեղյակ չի էս հարցից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ռ. Աթայանը: Դիտարկմանն էլ, թե ՀՀ նախագահը նաեւ ՀՀԿ նախագահն է, որտեղից ինքը դուրս է եկել, Աթայանը պատասխանել է. «Կուսակցությունը մի խառնեք»: