Երեկ Քաղաքագետների միությունում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ստորագրել են ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնություն: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի ստորագրել` պատճառաբանելով, թե ԱԺ-ն արդեն արել է նման շտաբի ստեղծման նախաձեռնություն, որին համաձայնել են 5 խմբակցությունների ներկայացուցիչները: «Առաջարկեցի համատեղել, միացնել: Սա է չստորագրելու հիմնական պատճառը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գ.Սահակյանը: «Շատ զարմանալի կլիներ, որ ընտրակեղծարարը կազմակերպեր ընտրակեղծիքների դեմ միասնական ճակատ, ու մենք դրան միանայինք»,- պատասխանել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` ավելացնելով, թե իրենք տեղում մերժել են խորհրդարանական շտաբի աշխատանքներին մասնակցելու հրավերը: