Մինչ քաղաքական դաշտն ու հասարակությունն ամբողջ թափով ընկղմվում են նախընտրական զարգացումների մեջ, իշխանությունները հերթական կասկածելի ու վտանգավոր քայլերն են անում արտաքին քաղաքականության ոլորտում: Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի ու ՌԴ-ի իշխանությունների միջեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ համաձայնության չկայացման դեպքում Հայաստանը պատրաստ է տարածք տրամադրել Ռուսաստանին` նման կայանի շինարարության համար: «Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը չպայմանավորվեն Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանների շուրջ, արդյոք Հայաստանը իր համաձայնությունը կտա՞ իր տարածքում նմանատիպ մի կայանի կառուցման համար»,- «Կոմերսանտի» այս հարցին ի պատասխան` Տ. Սարգսյանն ասել է. «Ինչո՞ւ ոչ: Եթե մեր տարածքը նման հետաքրքրություն ներկայացնի, մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել»: Չսահմանափակվելով դրանով, նա իր կողմից ավելացրել է, որ հայաստանյան պայմաններն այդ առումով ավելի գրավիչ են: «Այստեղ կարող են առավելություններ լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Դիտարկման գոտին կարող է ավելի լայն լինել»,- հպարտորեն ասել է նա: Ակնհայտ է, որ սա ոչ թե «ինքնաբուխ», այլ ռուսական իշխանությունների կողմից կազմակերպված հարցազրույց է` հաշվի առնելով եւ տվյալ լրատվամիջոցի ուղղվածությունը, եւ հարցազրույցում արծարծված շատ որոշակի հարցերը: Եթե դրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ հարցազրույցը հրապարակվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ավարտի հաջորդ օրը (այն ժամանակ, երբ Լավրովն արդեն Բաքվում նաեւ Գաբալայի շուրջ բանակցում էր Ադրբեջանի ղեկավարության հետ), պատկերն ավելի ամբողջական կդառնա: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է Գաբալայի ՌՏԿ վարձակալության դիմաց տարեկան վճարել 300 մլն դոլար` նախկին 7 մլն դոլարի փոխարեն, իսկ Գաբալայի ՌՏԿ վարձակալության վերաբերյալ 2002 թ.ստորագրված պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 24-ին: Այսինքն` ավելի պարզ ասած` Լավրովը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է նման հայտարարություն անել` ադրբեջանցիների հետ «բազարում» օգտագործելու համար: Եվ այդ ամենն արվում է ամենակոպիտ ձեւով` նույնիսկ տարրական ձեւականությունները չպահպանելով: Ռուսներին այս հարցում մեղադրելը նույնքան անիմաստ է, որքան Տ. Սարգսյանից պահանջել, որ առաջնորդվի ՀՀ` ինքնիշխան պետության շահերով: Ռուսներն այս հարցում շատ պրագմատիկ են. անցած տարի ՀՀ իշխանությունները նույն հրճվանքով 49 տարով երկարաձգեցին Գյումրիի ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը, անցած ամիս ՀՀ կառավարությունը անվարձահատույց մի շարք տարածքներ նվիրաբերեց Ռուսաստանին: Այդքանից հետո ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում տեղակայվի նաեւ Գաբալայի կայանը: Իսկ թե ինչու է հարցը նման ձեւով դրվում հենց այս օրերին, եւս պարզ է. Հայաստանում մեկ ամիս հետո խորհրդարանական ընտրություններ են, որոնք վճռորոշ նշանակություն են ունենալու նաեւ 2013 թվականի նախագահական ընտրությունների համար: Այս պայմաններում դեմ գնալ ռուսական իշխանություններին, կնշանակի` կորցնել նրանց բարեհաճությունն այս եւ հաջորդ տարի կայանալիք ընտրություններում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ հայտարարությունները հնչում են հատկապես Տիգրան Սարգսյանի շուրթերով, ապա դա եւս շատ հասկանալի է: Անցած շաբաթ ՌԴ վարչապետ, նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Վլադիմիր Պուտինը շնորհակալական նամակ էր հղել Տ. Սարգսյանին` իրեն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար: Դա, փաստորեն, «ապառիկ» շնորհակալություն էր: Առաջիկայում կարելի է սպասել նաեւ «գովասանագրի» կամ որեւէ կրծքանշանի: Անձամբ Պուտինի կողմից: Նման «պատվի» արժանանալու դիմաց մի օր էլ կարող է Հանրապետության հրապարակը տրամադրվել Ռուսաստանին` որեւէ կայան տեղակայելու համար: