Երեկ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի իշխանությունները, երբ Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքը, ասել է. «Ցավոք, իսկապես այդպես է: Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին` կորզելու համար միակողմանի ձեւակերպումներ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Պարզ է, որ այդ մոտեցումը եւ եւ ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար: Բայց մեկ բան ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նաեւ` ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարեւորագույն նպատակներից է: Այս սկզբունքն է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները` այլ սկզբունքների հետ միասին: Այն որոշումները եւ հայտարարությունները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում. ես հիշեցնեմ արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում հայտարարությունները` Հելսինկիում`ընդունված 2008թ., Աթենքում` 2009թ., Ալմաթիում` 2010թ. հուլիսին, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Աստանայում` 2010թ. դեկտեմբերին, անցյալ տարի դեկտեմբերին` Վիլնյուսում` արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Այս բոլոր ընդունված հայտարարությունների մեջ հստակ նշվում է ինքնորոշման իրավունքի մասին, եւ եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաեւ ամենաբարձր մակարդակով, որ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը: Ադրբեջանի կողմից այդ փորձերը ոչ թե նպատակ ունեն նպաստել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, այլ` թոզ փչել իրենց հանրության աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար: Բայց հուսով ենք, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն, եւ լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն»: