Աշխատենք միասին

05/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Քաղաքագետների միությունում երեկ խորհրդարանական ընտրություններին մասնակցող չորս հիմնական ուժերի` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ռուբիկ Հակոբյանը ստորագրել են ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնություն: Այդ արարողությանը ներկա գտնվող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, չի ստորագրել` պատճառաբանելով, թե Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն արդեն նման շտաբ ձեւավորելու նախաձեռնություն է արել: Իր հերթին` նա այդ բոլոր ուժերին հրավիրել է մասնակցել խորհրդարանական շտաբի աշխատանքներին: Գ.Սահակյանը նաեւ դժգոհություն է հայտնել, որ Քաղաքագետների միության այդ նախաձեռնությանը հրավիրված չեն եղել խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս` «Օրինաց երկիր», Հայաստանի կոմունիստական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին արդեն վերջնական տեսքի կբերեն այդ նախաձեռնությունը, կհստակեցնեն, թե շտաբն ինչ կազմ է ունենալու, ովքեր են լինելու մասնակիցները: Կքննարկեն, թե այն որտեղ եւ ինչ մեխանիզմներով ու սկզբունքներով է գործելու: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց իրենց միության տարածքը տրամադրել այդ շտաբի աշխատանքների համար: Բացի այդ, Հ.Հովհաննիսյանն ավելացրեց, թե իրենք անցկացրած լսումներին ու միասնական շտաբի ձեւավորման նախաձեռնությանը հրավիրել են ընտրություններին մասնակցող հիմնական ուժերին: «Իսկ սոցիոլոգիական չափումներով խորհրդարանում ներկայացվելու ոչ այնքան ծանրակշիռ շանսեր` 2 տոկոսից պակաս վարկանիշ ունեցող ուժերին այս փուլում պարզապես չենք հասցրել հրավիրել: Բայց շտաբը ստեղծելու տեքստը եւ հրավերը կուղարկենք, որ նրանք էլ միանան ու իրենց մասնակցությունը բերեն միասնական շտաբի ձեւավորմանը: Եվ եթե 5 հիմնական ուժերը մասնակցում են, այդ մյուս ուժերին ոչինչ չի խանգարում միանալ երկրորդ փուլում»,- մեզ հետ զրույցում ասաց Հ.Հովհաննիսյանը:

«Միասնական շտաբ ստեղծելու միտքը մենք, տասը տարի է, արծարծում ենք: 2002թ. նույնիսկ մոտ 20 կուսակցությունների հետ քննարկեցինք, սակայն մեկ-երկուսի անհամաձայնության պատճառով նախաձեռնությունը չիրականացավ: Եթե ընտրությունները չդառնան այն գործիքը, որով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ապա մենք կստանձնենք արդար ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը: Մեր գլխավոր խնդիրն է` կանխել ընտրակեղծիքները: Մենք, իսկապես, շատ լուրջ հարց ունենք, եւ այս հայտարարության մեջ մի քանի ձեւափոխություններ պետք է կատարենք` պետք է հստակեցվեն միասնական շտաբի նպատակը եւ խնդիրները»,- երեկ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա.Ռուստամյանը։

Ի դեպ, ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը երեկ այդ հայտարարությունը ստորագրելու միջոցառմանը ներկայացրել է նաեւ Ոստիկանությանն ուղղված գրությունը, որով պահանջում են ներկայացնել հանրապետությունից մշտապես բացակայող մարդկանց ցուցակը: Այդ պահանջի տակ ստորագրել է միայն ՀՅԴ-ական Ա.Ռուստամյանը: Իսկ Վ.Օսկանյանը խոսելով միասնական շտաբ ստեղծելու գաղափարի մասին` հայտարարել է. «Ազատ, արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք` միասնական շտաբը, հնարավոր է, չօգնի: Միասնական շտաբը միայն կարող է նպաստել դրան` խախտումներին հետեւել, բոլորի ուշադրությանը հանձնել: Բայց ես կարծում եմ, որ իշխանությունները, մենք էլ պետք է օգնենք նրանց` գիտակցելու, որ արդեն 20 տարի անց գոնե պետք է կարողանանք մեր ժողովրդի համար ընդունելի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել: Եթե մենք մեկ անգամ եւս անցկացնենք ընտրություն, որին ժողովուրդը չհավատա, հաջորդ 5 տարիներին ոչ մի առաջընթաց չենք ունենալու… Ով ուզում է` թող ընտրվի, թող ընտրվի ժողովրդի կամքով. պարտվողները թող շնորհավորեն»:

Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում շտաբ ստեղծելու գաղափարին, ապա Գ.Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն 20 օր է, ինչ իրականացվել է այդ նախաձեռնությունը: Նրա խոսքերով` ԱԺ 5 խմբակցությունների ներկայացուցիչները Ս.Նիկոյանի մոտ մասնակցել են այդ գաղափարի քննարկմանը եւ հավանություն են տվել: Երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտնեց, որ իրենք նման հրավերք ստացել են, բայց դեռ չեն պատասխանել, նույնիսկ չեն էլ քննարկել: Ընտրությունները վերահսկող այս երկու միասնական շտաբների ստեղծման թեմայով երեկ զրուցեցինք մասնակցող ուժերի ներկայացուցիչների հետ:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ ՀԱԿՈԲՅԱՆ

– Պարոն Հակոբյան, կարծես թե այդ միասնական շտաբը ՀՀԿ-ի դեմ է ստեղծվում: Հատկապես, որ այդ գաղափարին միացել է նաեւ կոալիցիոն ԲՀԿ-ն, իսկ ՀՀԿ փոխնախագահ Գ.Սահակյանը չհամաձայնեց ստորագրել այդ հայտարարության տակ:

– Եթե ՀՀԿ-ն չմիանա այս միասնական նախաձեռնությանը, ապա կարող ենք ենթադրել այն, ինչ դուք եք ասում: Բայց շտաբի ստեղծման փաստաթուղթը դեռ ամբողջական չէ, եւ մենք այն առաջարկելու ենք նաեւ ՀՀԿ-ին: Հնարավոր է, որ նրանք միանան: Վերջնական գնահատական կտրվի այն ժամանակ, երբ ցուցակն ամբողջանա, այսինքն` երբ ամբողջանա այն քաղաքական ուժերի ստորագրությունը, ովքեր լինելու են շտաբում: Խոսքն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասին է:

– Գ.Սահակյանը հայտնեց, որ նման մի շտաբ էլ ստեղծվելու է խորհրդարանում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկությամբ: Նա նաեւ առաջարկեց բոլորիդ միանալ այդ շտաբին:

– Գ.Սահակյանը հայտարարեց այդ մասին: Իսկապես այնտեղ նույնպես նման նախաձեռնություն կա, բայց մեկը մյուսին չի հակասում, եթե ԱԺ-ն էլ ունենա այս ձեւաչափով առանձին շտաբ: Բայց մյուս կողմից` պետք է ասել, որ լավ օրից չէ, որ նման շտաբ է ձեւավորվում, որովհետեւ, եթե վստահություն ունենայինք ԱԺ գործառույթների եւ նրա գործունեության նկատմամբ, գուցե բոլորս տեղավորվեինք այդտեղ: Կրկնում եմ, լավ օրից չէ, որ առանձին շտաբ է ձեւավորվում, որովհետեւ վստահության դեֆիցիտն այսօր իշխանական կառույցների նկատմամբ, ցավոք, չափազանց մեծ է:

– Գ.Սահակյանը նաեւ ասել է, որ իրենց ձեւավորվելիք շտաբին մասնակցելու համար դիմել է խորհրդարանի բոլոր խմբակցություններին:

– Մեզ դիմել են, բայց մենք դեռ պատասխանը չենք տվել: Դեռ չենք քննարկել` մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ: Քննարկումն այսօր-վաղը կլինի, կասենք:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ

– Պարոն Սահակյան, ինչո՞ւ մյուս չորս ուժերի հետ չստորագրեցիք այդ հայտարարության տակ:

– Խնդիրն այն էր, որ գոնե պիտի հրավիրված լինեին խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր դերակատարները: Առավելեւս, տեքստ էին կազմել, որից ընդհանրապես տեղեկություն չունեի: Տեքստն էլ իմպերատիվ, առանց մշակված մի տեքստ էր, որից միայն հասկանալի դարձավ, որ շտաբ է գործելու: Բացի այդ, մենք, արդեն 15-20 օր է, ԱԺ-ում քննարկել ենք միասնական շտաբ ստեղծելու մեր գաղափարը, որի աշխատանքային հնարավորություններն ավելի մեծ են: Շտաբ արդեն բացվել է, առաջարկեցի համատեղել, միացնել: Սա է չստորագրելու հիմնական պատճառը:

– Եթե մյուս կուսակցությունները եւս միանան, ՀՀԿ-ն կմիանա՞ արտախորհրդարանական շտաբին:

– ՀՀԿ-ն արդեն միացել է, ՀՀԿ-ն նախաձեռնող է, խորհրդարանական ուժերն ու բազմաթիվ հ/կ-ներ համաձայնել են մեր նախաձեռնությանը: Խորհրդակցություններ են տեղի ունեցել նաեւ միջազգային կազմակերպությունների հետ: Այնպես որ, ոչ թե այդպես ոտքի վրա ստեղծվող, այլ հանգամանորեն մշակված շտաբի կողմը պիտի գնանք, որը վերահսկելի կդարձնի կառույցը բոլորի կողմից: Ընդ որում, նաեւ քաղաքական կուսակցությունների կողմից:

– Խորհրդարանական կուսակցությունները համաձայնե՞լ են Ս.Նիկոյանի նախաձեռնությանը:

– Բոլոր հինգ խորհրդարանական ուժերը համաձայնել են:

– Բայց ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ասացին, որ դեռ չեն էլ քննարկել Ձեր առաջարկությունը:

– Նրանք միասնական քննարկմանը մասնակցել են, այնպես որ, համաձայնությունը տվել են: Այնտեղ էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Ա.Շահբազյանը, ԲՀԿ-ից կարծեմ Նաիրան էր Զոհրաբյան եւ ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Կարծեմ` մարտի 22-ին էլ ԱԺ նախագահը տվյալ նախաձեռնության համար շնորհանդեսով հանդես եկավ նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ: Այսինքն` լուրջ գործընթաց ենք սկսել:

– Միգուցե խորհրդարանի նախաձեռնած շտաբի նկատմամբ հասարակական վստահությո՞ւնն է փոքր, որովհետեւ ԱԺ-ն պետական կառույց է: Դրա համար էլ շտաբը ստեղծում են խորհրդարանից դուրս:

– ԱԺ-ն հենց ձեւավորվում է հասարակական գործընթացների հետեւանքով: Եվ այդ կառույցը երբ ստեղծվեց, հիմնական խնդիրն այն էր, որ որեւէ կուսակցություն առաջնային կարգավիճակ չի կարող ունենալ: Ովքեր կներառվեն այդ շտաբում, բոլորը կկոորդինացնեն աշխատանքները, այդտեղ պետ ու տեղակալներ չեն լինելու: Կարող է 2 օր մի քաղաքական ուժ համակարգի, 2 օր` մյուսը ուժը: Բոլորն էլ համակարգողներ են լինելու: Շտաբը պետք է տեղակայված լինի ԱԺ-ում, որ կարողանա օգտագործել Աժ տեխնիկական հնարավորությունները: Եթե խախտումներ լինեն ընտրական պրոցեսում, օպերատիվ գործողություններ կիրականացնեն: Կունենա հեռախոս, փոստային հասցե, կայքային ընդգրկում կունենա:

– Այդ առաջարկությամբ դիմե՞լ եք ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին:

– Արդեն բոլոր փաստաթղթերը ձեւակերպված են, եւ այսօր կամ վաղը բոլոր ուժերը կստանան: Բայց շատերն արդեն տեղյակ են, որ շտաբը կազմավորված է: Երբ քարոզչությունը սկսվի` կգործի:

ՀԱԿ համակարգող Լեւոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

– Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի չմիանալու, միասնական շտաբ ստեղծելու նախաձեռնությանը:

– Շատ դրական, ես չեմ էլ կարծում, որ այդ միասնական շտաբում տեղ կար ընտրակեղծարարության հիմնական հեղինակի` Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմի համար:

– Համոզվա՞ծ եք, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» ՀԱԿ-ի հետ միասնական կպայքարեն ընտրակեղծիքների դեմ: Չէ՞ որ այդ ուժերի եւ ձեր միջեւ քաղաքական համագործակցություն չի ստացվում:

– Մարդիկ ստորագրել են, ուրեմն ինչ-որ պատասխանատվություն են ստանձնել: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ չի հասկանում, որ նման պարտականություն ստանձնելուց հետո շուռ գալը կործանարար հետեւանքներ կունենա այդ քաղաքական ուժի վարկանիշի համար:

– Գ.Սահակյանն ասել է, որ ԱԺ-ն էլ նման մի շտաբ է ստեղծում եւ առաջարկում է իրենց միանալ:

– Մենք տեղում պատասխանը տվեցինք, բոլորն էլ դա գնահատեցին` որպես իմիտացիա, որը հենց ուղղված է նրան, որ մեր միասնական ջանքերը չկայանան: Եվ ես էլ տեղում ասացի, որ որեւէ վստահություն չունեմ այդ նախաձեռնության նկատմամբ: Շատ զարմանալի կլիներ, որ ընտրակեղծարարը կազմակերպեր ընտրակեղծիքների դեմ միասնական ճակատ, ու մենք դրան միանայինք: Մենք այնտեղ արդեն մերժեցինք եւ մեր դիրքորոշումը ներկայացրեցինք:

– Բայց Գ.Սահակյանն ասաց, որ խորհրդարանական բոլոր ուժերը համաձայնել են մասնակցել իրենց շտաբի աշխատանքներին:

– Հենց նույն տեղում «Ժառանգությունը», համենայնդեպս, հերքեց դա:

– «Ժառանգության» ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ասացին, որ դեռ չեն քննարկել եւ պատասխան չեն տվել:

– Ես տեսել եմ այն, ինչ այսօր իրենք արել են, ստորագրել են միասնական շտաբի ստեղծման նախաձեռնությունը: Գոնե մեր բանակցությունների ժամանակ որեւէ մեկի մոտ չտեսա վստահություն ԱԺ այդ նախաձեռնության նկատմամբ:

– Վստա՞հ եք, որ ձեր այդ միասնական շտաբը նպատակին կծառայի:

– Կանխատեսումներ անելը դժվար է, բայց դա աննախադեպ քայլ է: Երբեւիցե ընդդիմությունը, եւ ոչ միայն ընդդիմությունը, փաստորեն, իշխանական կոալիցիայի կուսակցության հետ երբեւէ նման համաձայնության չէին եկել: Պատմական առումով սա աննախադեպ զարգացում է եւ դրանով` լավատեսություն ներշնչող: