– Դուք անկուսակցական եք, բայց Ձեր թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում անդամագրվելու եք ՀՀԿ-ին:
– ՀՀԿ-ն է առաջադրել իմ թեկնածությունը, եւ մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք մեր երկրի տարբեր ոլորտներում` թե տնտեսական, թե կրթական եւ թե այլ ոլորտներում: Այսօր մեր երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, մենք պետք է կարողանանք տնտեսական աճ ապահովել, հասկանանք արտագաղթի պատճառները, կանխենք դրանք եւ կարողանանք մեր երկրի սակավ ռեսուրսներն ուղղել այն ոլորտներին, որոնք ամենաշատն ունեն աջակցության կարիք: Այսօր թերանում է կրթական համակարգը, չնայած վերջին շրջանում շատ կարեւոր ձեռքբերում ունեցանք. խոսքը քաղծառայողներին տրամադրվող Սոցիալական Ապահովության փաթեթի մասին է, որտեղ ընդգրկված են նաեւ ուսուցիչները: Անելիքներ շատ կան, իսկ ինչ վերաբերում է իմ` ՀՀԿ անդամ դառնալու մասին Ձեր հարցին, ապա, եթե անդամագրվեմ, այդ մասին կտեղեկացնեմ հանրությանը:
– Այդուհանդերձ, ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունն այս ընտրատարածքում:
– Ես ուզում եմ, որ մեր ընտրատարածքում, եւ ցանկալի է` ողջ հանրապետության տարածքում, ընտրություններն անցնեն քաղաքակիրթ ձեւով: Եվ կարծում եմ, որ ամեն ինչ կարվի ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Մեր քաղաքը շատ փոքր է, ուստի ընտրություններից հետո էլ առնչվելու ենք միմյանց հետ: Կարծում եմ, որ պետք չէ ընտրությունների ժամանակ պարկեշտ մարդուն ոչ վայել գործողություններ անել:
– Իսկ Դուք ընտրակաշառք բաժանելո՞ւ եք:
– Ես կողմ եմ քաղաքակիրթ ընտրություններին, իսկ նման ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանվում, ինչպես նաեւ համոզված եմ, որ Կենտրոնի բնակչությունը ընտրակաշառք վերցնելուց վեր է կանգնած: