Հայաստանի իշխանությունները միշտ խոսել եւ խոսում են կրթության որակի բարձրացման, այն եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու եւ գիտելիքահենք տնտեսության ձեւավորման մասին։ Պարզվում է՝ այս հեռանկարին չհավատացողները շատ են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։
Ինտերնետային ԶԼՄ-ներից մեկը երեկ մեջբերել էր մի հատված «The New York Times»-ի հրապարակումից, որը վերաբերում էր նաեւ Հայաստանին։ Այսպես, Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի փորձագետ Ֆիլիպ Ալտբախն իր նոր գրքում կարզմել է դասախոսների վարձատրության վարկանիշային աղյուսակ 28 երկրների համալսարանների համար։
Այդ ցանկում, ինչպես նշում է «The New York Times»-ը, Հայաստանը զբաղեցրել է վերջին տեղը։ Հայաստանում, ըստ հետազոտության արդյունքների, դասախոսի միջին աշխատավարձը կազմել է 405 դոլար: Չինաստանում աշխատավարձը կազմում է 259 դոլար, սակայն այնտեղ գնողունակությունը բարձր է: Դասախոսների բարձր դրույքաչափով առաջին եռյակում են Կանադան (9485 դոլար), Իտալիան (9118 դոլար), Հարավային Աֆրիկան (9330 դոլար): Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը, հետո` Միացյալ Նահանգները:
Ինչո՞ւ են ընտրվել հենց այդ 28 երկրները։ Բանն այն է, որ հետազոտության հեղինակներն ընտրել են երկու խմբի երկրներ՝ որոնցից ուղեղների արտահոսք կա, եւ որոնք «ներգրավում են» այդ ուղերձները (brain drain and brain gain)։ Հայաստանը, հասկանալի է, մտնում է առաջին խմբի մեջ։ Եթե փորձենք թարգմանել հոդվածի վերնագիրը, ապա կստացվի մոտավորապես հետեւյալը. «Որքա՞ն է պրոֆեսորի արժեքը» (How Much Is a Professor Worthգ)։ Հաշվի առնելով Հայաստանի զբաղեցրած տեղը այդ ցուցակում՝ ստացվում է, որ պրոֆեսորը մեզ մոտ արժեք չունի։
Հրապարակման մեջ Հայաստանին առանձին անդրադարձ չկա, սակայն Ռուսաստանին վերաբերող մի հատված ոչ պակաս բնութագրական է նաեւ մեր երկրի համար։ «Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է իմանալ, թե ինչո՞ւ են իրենց գիտնականները լքում երկիրը։ Այս հետազոտությունը տալիս է այդ հարցի պատասխանը՝ որովհետեւ նրանց բավարար չափով չեն վճարում։ Սա հրթիռագիտություն չէ, սակայն կզարմանաք, թե որքան կառավարություններ չեն ընկալում այս պարզ իրողությունը»,- նշված է հրապարակման մեջ։ Իհարկե, մենք չենք կարծում, որ հայրենի իշխանությունները չեն գիտակցում վարձատրության դերը։ Սակայն դրանից իրերի վիճակը չի փոխվում։ Ուղեղների արտահոսքը հիմա այնքան էլ լայն ծավալներ չունի։ Սակայն, ոչ թե` շնորհիվ իշխանության հոգատար վերաբերմունքի, այլ այն պատճառով, որ դրսում էլ պահանջարկը նվազել է։
Վերադառնալով հրապարակմանը, նշենք, որ ՀՀ պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է այն մասին, որ կրթության ոլորտում աշխատավարձերն իրոք ծիծաղելի են՝ ոչ միայն արտերկրի, այլ հենց Հայաստանի մյուս ոլորտների համեմատ։
Ինչպես նշված է աղյուսակում, կրթության ոլորտում միջին աշխատավարձը 2011 թվականին կազմել է շուրջ 80 հազար դրամ։ Մինչդեռ, օրինակ, բանկային ոլորտում 3.5 անգամ բարձր է։
Այստեղ հարկ է նկատի ունենալ մեկ այլ հանգամանք եւս։ Ոլորտների մեծ մասում, մասնավորապես, մասնավոր ոլորտի ընկերություններում, իրական աշխատավարձը շատ ավելի մեծ է։ Գաղտնիք չէ, որ մասնավորապես շատ ընկերություններ աշխատավարձը քիչ են ձեւակերպում (կամ՝ ընդհանրապես չեն ձեւակերպում), որպեսզի քիչ հարկեր եւ սոցվճարներ վճարեն։ Դա բնորոշ է հատկապես մանրածախ առեւտրի եւ շինարարության ոլորտներին։ Մինչդեռ կրթության ոլորտում աշխատողները ստանում են այնքան, որքան նշված է հաշվետվություններում։ Այսինքն՝ կրթության ոլորտի վարձատրության չափն իրականում շատ ավելի փոքր է միջինից։
Թե «New York Times»-ի, թե՛ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներն անուղղակիորեն խոսում են կրթության «գերակայության» մասին։ Վերադառնանք եվրոպական կրթություն եւ գիտելիքահենք տնտեսություն ունենալու՝ կառավարության խոստումներին։ Նայելով այս թվերին՝ հնարավո՞ր է հավատալ, որ 300-400 դոլար ստացող դասախոսը կարող է եվրոպական որակին համապատասխան կրթություն ապահովել։ Կամ՝ ո՞ր մի երիտասարդը իր ապագան կպատկերացնի գիտության ու կրթության մեջ, եթե տեսնում է, որ առեւտրի կամ սպասարկման ոլորտում ավելի բարձր աշխատավարձ է հնարավոր ստանալ։
Իհարկե, մեզ կարող են հակադարձել՝ նշելով, որ երկրի հնարավորությունները սուղ են, եւ դասախոսների վարձատրության չափը կարեւորելով հանդերձ՝ պետությունը, ցավոք, այս պահին չի կարող նորմալ վարձատրել պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսուցիչներին։ Այս հիմնավորումը վիճելի է, եթե հաշվի առնենք, թե պետությունն ինչ գումարներ է հատկացնում պետական համակարգի ավտոպարկի, ոչ մի օգուտ չտվող շրջագայությունների եւ այլ «թիթիզությունների» վրա։ Ինչեւէ, ընդունենք, որ արվում է այն, ինչ այս պահին հնարավոր է։ Սակայն, երբ որեւէ դասախոս 100 դոլարի կաշառք է վերցնում եւ բռնվում, ապա, մեղմ ասած, ընկալելի չէ, երբ պետությունը դա հրապարակայնացնում է եւ ծառայեցնում սեփական PR-ին՝ որպես կոռուպցիայի դեմ անողոք պայքարի օրինակ։ Առավելեւս, որ դրանից մեծ հակաPR չկա, քանի որ պետությունը իր մտավորականին թողնում է 100 դոլար կաշառքի հույսին, եւ միեւնույն ժամանակ` խոսում գիտելիքահենք ապագայի մասին։