Երեկ առավոտյան Երեւանի Մաշտոցի պուրակի ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի անդամները չափագրումներ են իրականացրել այգում:
Ապամոնտաժող առաջին խմբի անդամներին` քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, բլոգեր Արմեն Հովհաննիսյանին եւ քաղաքագետ Սարո Սարոյանին հաջողվել է մտնել տաղավարներից մեկի տարածք, որտեղից, սակայն, ոստիկանները նրանց քաշքշելով հեռացրել են: Միեւնույն ժամանակ` «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն ավտոմեքենայով փակել էր այն տաղավարներից մեկի մուտքը, որը, ըստ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների, միշտ փորձել են «պաշարել»: «Առավոտյան ժամը 11-ին, երբ ապամոնտաժողները եկան, մեքենան այգու ծայրից պտտվեց եւ եկավ այստեղ, հավանաբար, որպեսզի թույլ չտա մուտքը դեպի այդ կողմի բուտիկներ: Երեւի իրենք ենթադրում էին, որ քանի որ մենք միշտ գրավել էինք այգու ձախ կողմի բուտիկները, ուրեմն` այս անգամ էլ պետք է դրանք գրավեինք, բայց ապամոնտաժողները մտան մյուս կողմի բուտիկները»,- ասաց բնապահպան ակտիվիստներից Արփինե Գալֆայանը: Վերջինս նկատեց նաեւ, որ ապամոնտաժող խմբի անդամները նախօրեին տարածած հայտարարության մեջ զգուշացրել էին Ոստիկանությանն իրենց գործողությունների մասին: «Ոստիկանությունը չէր ձերբակալում ապամոննաժող խմբի անդամներին, ովքեր` դիմելով ոստիկաններին, ասացին, թե իրենց կարող են ձերբակալել: Իրենք (խոսքն ապամոնտաժող խմբի անդամների մասին է.- Մ.Մ.) ասացին, որ Ոստիկանությունն անվստահելի է, որովհետեւ չի պահպանում օրենքը, այլ պահպանում է ոմանց անօրինական սեփականությունը, եւ բացի այդ, Ոստիկանությունը չի կատարել իր տված խոստումը, այսպես ասած` իր խոսքի տերը չէ, քանի որ նախորդ օրն ասել էին, որ եթե փորձեն մուտք գործել բուտիկների տարածք, կձերբակալեն»,- նշեց Ա. Գալֆայանը: Ըստ նրա` երեկվա կատարվածը ցույց է տալիս, որ իր իրավունքների համար պայքարող քաղաքացին անձեռնմխելի է, իսկ պայքարը ոչ միայն բուտիկների, այլեւ հանրային սեփականության համար է: «Մեզ համար կարեւոր չէ, թե տաղավարներն ո՞ւմ են պատկանում: Ուզում են պատկանեն Հռոմի պապին: Մեզ հետաքրքրում է հանրային տարածքը, եւ հանրությունը պետք է մասնակցի իրեն վերաբերող որոշումների կայացմանը: Տվյալ դեպքում` հանրությանն իզոլյացրել են, եւ մի քանի հոգով կայացրել են այդ որոշումը, հետո կանգնել են փաստի առաջ` տեսնելով, որ հանրությունը չի համաձայնել իրենց փոքր խմբի որոշման հետ: Իրենք հասկանում են նաեւ, որ այդ դիմադրության շնորհիվ պայքարը դուրս եկավ երկու բուտիկի մակարդակից»,- նկատեց քաղաքացիական նախաձեռնության անդամը:
Այս օրերին բնապահպանական ակտիվիստները քաղաքացիական շարժման մասին կինոդիտումներ են իրականացնում Մաշտոցի պուրակում: Երեկ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն պուրակի ջրագծերի անցկացման աշխատանքներ է սկսել: Ընկերության աշխատակիցների փոխանցմամբ` ընկերությունից իրենց ասել են, որ այգու ջրատար խողովակները պետք է մոնտաժեն, վերականգնեն: Ըստ վերջիններիս` առաջիկայում իրենք պատրաստ են ջրատար խողովակներ տեղադրել նաեւ այգու ներկա բուտիկների տարածքում: «Իրենք` աղա, մենք` ծառա»,- ասաց աշխատակիցներից մեկը` նկատելով, որ իրենք էլ դեմ են այդ տաղավարների տեղադրմանը, եւ երիտասարդների պայքարն արդարացի է: Չնայած նշյալ հանգամանքին, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է դրսեւորել իր «անկոտրում» կամքը, եւ որեւէ արտառոց երեւույթ չի նկատում այգու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ` բուտիկների տեղադրման միջեւ: «Որեւէ արտառոց բան չկա: Ծրագրի համաձայն` պետք է փոխենք եւ այդ սալահատակը, եւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ պետք է կատարվեն: Բացի դրանից, առաջիկայում կարվեն նաեւ արտաքին լուսավորության աշխատանքներ, ինչպես նաեւ` կանաչապատում, բարեկարգում, եւ ընդհանուր ծաղկային ձեւավորում, նստարանների տեղադրում է նախատեսվում, որպեսզի այգին դառնա այն հանգստյան գոտին, որը հանգստյան գոտու նորմալ քաղաքակիրթ տարբերակն է, այլ ոչ թե բարձիթողի վիճակ է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ «բարեկարգված, քաղաքակիրթ» այգում տեղադրվելու են նաեւ բուտիկները, Ա. Գեւորգյանը պատասխանեց, այդ հարցը բազմիցս քննարկել են, եւ տաղավարները տեղադրվելու են մինչեւ 3 տարի ժամկետով, իսկ տաղավարներն էլ Երեւանի քաղաքապետարանի սեփականությունն են…
Այս դեպքում ստացվում է կրկեսային իրավիճակ, երբ մի կողմից` այգին բարեկարգում-կանաչապատում են, մյուս կողմից` բետոնե հաստ շերտերով բուտիկներ են հիմնում: Տվյալ պարագայում կարեւոր չէ, թե տաղավարներն այդ բետոնապատ տարածքում մե՞կ օր, թե՞ 3 տարի են մնալու: Բանն այն է, որ այգին «նորմալ, քաղաքակիրթ» ձեւով քանդել են: Հետաքրքիր է` աշխարհի ո՞ր քաղաքակիրթ երկրում են հանգստյան գոտի համարվող այգում առեւտրային տաղավարներ տեղադրում…