Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած` Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին: Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին` նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Նա նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած` իր պետական, այնուհետ` աշխատանքային այցերը եւ դրանց շրջանակներում նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները: «Մենք Կիպրոսը դիտում ենք` որպես բարեկամ պետություն, կիպրացիներին` որպես մեր եղբայր: Եվ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր օրի ամրապնդել: Ոչ միայն անցյալում, այլ նաեւ ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ եւ մեծ աշխատանք ունենք կատարելու: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահն ու Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ-կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ: Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի: Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,- ասել է Էրատո Կոզակու-Մարկուլիսը` ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունը ստանա միջազգային ճանաչում: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները կարեւորել են ոչ միայն երկկողմ, այլեւ եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: