Գազային հարված

02/12/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած ողջ շաբաթվա ընթացքում Վրաստանը տոնում էր հեղափոխության երկրորդ տարելիցը:

Սակայն «արթնացումը» ծանր էր. Ռուսաստանը թանկացրել է ներկրվող գազի գինը: Նոր տարվանից «երկնագույն վառելիքը» Վրաստանին վաճառվելու է 1000 քմ-ն` 110 դոլարով: Նման հարվածը որոշ չափով հենց իր՝ Վրաստանի մեղքով է:

Անցած շաբաթվա կեսին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիաշվիլին հանկարծ խոսեց ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալու նպատակահարմարության մասին, քանի որ ԱՊՀ-ն երկրին ոչինչ չի տալիս, այլ ընդհակառակը, խոչընդոտում է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Չնայած աշխարհաքաղաքական թեզիսի վիճահարույց լինելուն՝ պատգամավորներն այնուամենայնիվ միաձայն պաշտպանեցին ԱՊՀ-ի կազմից դուրս գալու հարցը քննարկելու առաջարկը: Թեեւ` որոշ վերապահումներով: Օրինակ՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մայա Նադիրաձեն հայտարարեց, որ քննարկումը` քննարկում, բայց իր գլխավորած մեծամասնությունը կպաշտպանի դուրս գալու որոշումը միայն այն դեպքում, եթե փոքրամասնությունը եւս կողմ քվեարկի: «Պատասխանատվությունը չափազանց մեծ է, եւ դրա համար բոլորս պիտի պատասխանատվություն կրենք»,- ասել է նա: Իսկ Նինո Բուրջանաձեն ընդգծեց, որ հարցի քննարկումը դեռ չի նշանակում Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմից դուրս գալու գործընթացի անմիջապես սկսում: Եվս մի քանի ժամ անց խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը բարձրաձայնեց Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Կ. Գաբաշվիլին. «ԱՊՀ-ն մեռյալ կառույց է, այն հնարավոր չէ փրկել: Բայց ԱՊՀ-ից դուրս գալը, լրացուցիչ դժվարություններից բացի, Վրաստանին ոչինչ չի տա: Խոսքը միայն էներգետիկ ոլորտի մասին չէ, դա կբարդացնի նաեւ աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորումը, որտեղ Ռուսաստանը կարեւորագույն դեր է խաղում»:

Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին, ի հակադրություն պատգամավորի, կարծում է, որ ԱՊՀ-ից դուրս գալու հարցը վաղուց է հասունացել, եւ դա պետք է անել հանգիստ պայմաններում՝ չխանգարելով մյուս երկրներին: «Եթե մեր նախագահն անընդհատ կրկնում է, որ Վրաստանը կայացել է իբրեւ ինքնուրույն պետություն, մենք դա պիտի ապացուցենք գործնականում՝ վճարելով էներգակիրների համար համաշխարհային գներով: Բացի այդ, կարծում եմ՝ անպարկեշտ է մնալ ԱՊՀ-ի կազմում, Վրաստանն այդ կազմակերպությանը ոչինչ չի տալիս, բայց փոխարենը գազ եւ էլեկտրաէներգիա է ստանում զեղչ գներով»,- «168 Ժամ»-ին ասաց քաղաքագետը:

Գործադիր իշխանությունը, ի դեմս վարչապետ Զուրաբ Նողաիդելիի, միանգամից չարձագանքեց: Այն էլ` ոչ թե Թբիլիսիում, այլ Մոսկվայում: ԱՊՀ երկրների վարչապետերի համատեղ նիստին մասնակցելու համար Մոսկվայում գտնվող վարչապետը շտապեց հայտարարել, որ Վրաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ի կազմից. «Այս պահին մենք շատ ավելի հրատապ գործեր ունենք»: Բայց, ինչպես երեւում է, նրա հայտարարությունն ուշացած էր: «Գազպրոմի» հետ բանակցություններում Նողաիդելիին չհաջողվեց համոզել վերջինիս, որ գազի գներն անփոփոխ մնան: «Գազպրոմը» իրականացրեց իր վաղուց կայացրած որոշումը՝ թանկացնել գները մինչեւ 110 դոլար` 1000քմ-ի համար: Գազի գների կտրուկ ավելացումը Վրաստանով Հայաստան ներկրվող գազի գինն ավելացնելու միջոցով փոխհատուցելու գաղափարը առանձնապես լավատեսություն չի ներշնչում Վրաստանի ղեկավարությանը. այդ քայլը կարող է ավելորդ բարդություններ առաջացնել առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում: Ինչ վերաբերում է ղազախական գազին, ապա այս գաղափարը եւս մնացել է օդում. այն Վրաստան կարող է հասնել միայն ռուսական գազատարներով, իսկ Մոսկվան արդեն հայտարարել է տրանզիտի տարիֆների բարձրացման մասին, որոնք ղազախական գազի գինը կբարձրացնեն մինչեւ 110 դոլար` 1000քմ-ի համար: Վրաստանի իշխանություններն աշխատում են «պահպանել դեմքը»: Նողաիդելին հայտարարել է. «Երկրի տնտեսությունը չի տուժի գազի գնի բարձրացումից, այն չի անդրադառնա նաեւ բնակչության վրա»: Սակայն նա չի ճշտել, թե ինչպես է նման բան հնարավոր առանց հրաշքի: