Կանանց արտաքինը եւ երիտասարդ տարիքը՝ պարտադիր պայման

05/04/2012

Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում, գործատուները կանանց աշխատանքի ընդունելիս առաջին հերթին հաշվի են առնում բարետես արտաքինը, երիտասարդ տարիքը եւ բարձրագույն կրթությունը, ինչն էլ իր հերթին` դժգոհություններ է առաջացրել միջին տարիքի կանանց շրջանում:

Գյումրիի «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը գրառել է գործատուների տարածած հայտարարությունները`«Պահանջվում է մինչեւ 28 տարեկան բարետես աղջիկ` հավաքարար աշխատելու համար», «Պահանջվում են մինչեւ 30 տարեկան վաճառողուհիներ` խանութում աշխատելու համար», ««Նաիրի» ռեստորանն աշխատելու համար հրավիրում է կիրթ մատուցողուհի`մինչեւ 30 տարեկան»:

«Այդ սահմանափակումներն էլ աշխատաշուկայում խառնաշփոթ են առաջացրել, կին աշխատողները սկսել են միմյանց «տակը փորել»: Նույնիսկ լսել եմ, որ հավաքարարի տեղի համար է քաղաքում կեղտոտ մրցակցություն գնում, այսինքն` աշխատողները ղեկավարների մոտ զրպարտում են իրար, մոտիկ մարդիկ են մեջ գցում, որ մեկին հանել տան, մյուսը տեղն աշխատի»,- ասում է Թումասյանը` ներկայացնելով Գյումրիի աշխատաշուկայի պատկերը:

Գյումրիի 104-րդ տարածքի տնակային ավանի կանայք երազում են աշխատանք ունենալ: Ասում են, որ կամ պետք է ծանոթ-բարեկամ ունենան, կամ էլ ավելի երիտասարդ լինեն: Այն կանայք էլ, ովքեր հասել են այդ երազանքին, պատշաճ վարձատրություն չեն ստանում:

Քաղաքի նախկին «Լենտեքստիլի» հանրակացարանի աղքատիկ սենյակներից մեկում է ապրում 52-ամյա Ալիսա Պետրոսյանը: Չնայած ոչ երիտասարդ տարիքին, կարողացել է ռեստորաններից մեկում հավաքարարի աշխատանք գտնել, որտեղ աշխատում է արդեն 7 տարի: Երբ ռեստորանի հաճախորդները շատ են լինում, նաեւ մատուցողուհու աշխատանք է անում:

Ալիսան ասում է, որ յուրաքանչյուր սեղանը սպասարկելու համար իրեն 300 դրամ են վճարում: Հերթափոխով է աշխատում, 15 օրվա համար ստանում է 6000 դրամ:

«Գյումրեցիների վերաբերմունքը տարբեր է հավաքարարների նկատմամբ` ոմանց վատ աչքով են նայում, ոմանց` լավ: Մարդը մարդ է, ի՞նչ կապ ունի` հավաքարա՞ր է, թե՞ ոչ: Մարդն իր մոր արգանդում հո հավաքարա՞ր չի լինում, կյանքն է ստիպում»,- ասում է Ալիսան` երազելով լավ վարձատրվող աշխատանքի մասին:

Թումասյանը նշում է, որ աշխատող կանանց միջին աշխատավարձը 35-40 հազար դրամ է: Ըստ նրա`թերեւս այդ է պատճառը, որ անապահով ընտանիքների շատ կանայք գերադասում են չաշխատել եւ փոխարենն` աղքատության ընտանեկան նպաստ ստանալ: Իսկ աղքատության նպաստի չափը հասնում է 30-40 հազար դրամի:

Ըստ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի` մարզում կանանց գործազրկությունը կազմում է 72 տոկոս, որը գերազանցում է տղամարդկանց գործազրկության մակարդակին:

«Մարզում շատացել են արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ, իսկ այդ պայմաններում ընտանիքի ողջ հոգսը կնոջ ուսերին է ընկնում: Սակայն դրական փոփոխություններ կան. վերջին մի քանի տարիներին զբաղվածության կենտրոնում աշխատանք է առաջարկվում նաեւ այն կանանց, ովքեր չունեն բարձրագույն կրթություն կամ հաշմանդամ են»,- ասում է մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:

Ըստ նրա` մարզպետարանը մտադիր է մարզի գյուղական համայնքներում բնակվող կանանց հատուկ վարկեր տրամադրել` փոքր բիզնեսով զբաղվելու համար: Մարզի համայնքները նաեւ իրենց բյուջեները պլանավորում են այնպես, որ կանանց համար տարվա կտրվածքով աշխատատեղեր բացվեն:

«Հիմա հնարավոր չէ աշխատանքով ապահովել բոլոր կանանց, բայց ակնհայտ է, որ ծրագրեր իրականացվում են, եւ առաջընթաց կա»,- ասում է Գինոսյանը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք» օրաթերթ