Փլուզման եզրին կանգնած հանրակացարանի գործազուրկ կանայք

05/04/2012

Գյումրիի նախկին «Լենտեքստիլ» գործարանին պատկանող հանրակացարանը, որտեղ խորհրդային տարիներին ապրում էին ֆաբրիկայի աշխատողները,1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո զգալի վնասներ է կրել ու դարձել վթարային: Այսօր փլուզման եզրին կանգնած շենքի բնակիչների մեծ մասը կանայք են. նրանց զգալի մասը գործազուրկ է, իսկ եկամտի միակ աղբյուրը երեխաների խնամքի նպաստն է:

19-ամյա Անի Կորեցկին հանրակացարանում ապրում է մոր, եղբոր եւ մեկ ու կես տարեկան դստեր` Ալվարդի հետ: Երկու տարվա ամուսնական կյանքից հետո ամուսինը լքում է կնոջն ու աղջկան եւ մեկնում Ռուսաստան: Չկարողանալով միայնակ հաղթահարել բազմաթիվ սոցիալական խնդիրները` Անին վերադառնում է հայրական տուն:

«Ամեն օր վախով եմ քնում եւ արթնանում` մտածելով, որ ցանկացած ժամանակ կիսաքանդ շենքը կարող է լիովին փլուզվել», – ասում է նա եւ ավելացնում, որ ընտանիքի ընդհանուր ամսական եկամուտը կազմում է 26.000 դրամ` եղբոր եւ Ալվարդի նպաստը միասին:

Անին իր ութամյա կրթությամբ հույս չունի, որ կկարողանա աշխատանք գտնել:

Եղբայրն էլ շուտով չափահաս կդառնա, եւ ընտանիքը կմնա միայն Ալվարդի 10.000 դրամ նպաստի հույսին:

Անիի մայրը` 49-ամյա Վերան, հաշմանդամ է, ունի առողջական լուրջ խնդիրներ` ողնաշարի եւ որովայնի ճողվածքներ, որոնք բուժվում են միայն վիրահատական ճանապարհով, ինչի համար ընտանիքը չունի անհրաժեշտ միջոցներ:

50-ամյա Ռոզա Ռայմկուլովան Հայաստան է եկել 1980-ականներին Ղազախստանից: Միայնակ է մեծացրել չորս երեխաներին, որոնք բոլորն էլ ծնվել են Գյումրիում: Սոցիալական խնդիրները թեթեւացնելու համար իննամյա աղջկան` Իլյանային, տվել է գիշերօթիկ դպրոց: Տանն ապրում է երկու տղաների եւ ավագ դստեր` 22-ամյա Ինգայի հետ, որը մեկ ամսից կունենա իր առաջնեկին: Մի քանի ամիս առաջ Ինգայի ամուսինը, շատերի նման, մեկնել է Ռուսաստան, եւ մինչ օրս նրանից լուր չունեն: Ինգան գործազուրկ է, նրա միակ հույսը ապագա երեխայի խնամքի նպաստն է:

26-ամյա Լիանա Մուրադյանը հինգ երեխա ունի, բայց հանրակացարանում ապրում է երեքի` երեք ամսական Նելլիի, մեկ ու կես տարեկան Արամի եւ երեքամյա Միլենայի հետ: Մյուս երկուսը` Անժելան ու Արտյոմը, հաճախում են գիշերօթիկ դպրոց: Լիանան նրանց տեսնում է շաբաթ եւ կիրակի օրերին:

Լիանայի երեխաներից երկուսն ապրում են հանրակացարանի մյուս հատվածում` տատիկի եւ Լիանայի եղբոր երեխաների հետ: Իսկ այն հատվածը, որտեղ բնակվում է Լիանան` եղբոր ընտանիքի հետ, 10 քմ է:

Երկտեղանի մահճակալում հինգ հոգի է քնում. այս մահճակալը երեխաների հիմնական խաղատեղին է, քանի որ կիսափուլ միջանցքը վտանգավոր վայր է: Ընտանիքի ամսական եկամուտը 53.000 դրամ է:

52-ամյա Ալիսա Պետրոսյանը երեխաներ եւ թոռներ ունի, բայց հանրակացարանում ապրում է միայնակ: Աղջիկն ու տղան ամուսնացած են, ապրում են Արմավիրում եւ, հնարավորության դեպքում, օգնում են մորը: Ալիսան երեխաներին միայնակ է մեծացրել, ամուսինը լքել է նրան տարիներ առաջ եւ մեկնել Մոլդովա, «Լենտեքստիլի» մոլդովացի աշխատակցուհիներից մեկի հետ: Երկրաշարժից հետո երկար տարիներ նա հավաքարար է աշխատել, այսօր գործազուրկ է, իսկ կենսաթոշակի անցնելու համար դեռ մի քանի տարի կա:

Նելլի ՇԻՇՄԱՆՅԱՆ
«Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամ», լուսանկարիչ